Հայ դպրոցականների օլիմպիական հաջողությունները շարունակվում են
Ղազախստանի Ալմաթի քաղաքում այսօր ավարտվել է Ժաուտիկովի անվան դպրոցականների միջազգային ութերորդ օլիմպիադան «Ֆիզիկա», «Մաթեմատիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից: Օլիմպիադային մասնակցել են 18 երկրների 54 թիմեր՝ 343 մասնակիցներով, ովքեր ներկայացրել են Ղազախստանի, Ռուսաստանի, Բելոռուսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ռումինայի, Բուլղարիայի, Ինդոնեզիայի, Հնդկաստանի, Մոնղոլիայի, Աֆղանստանի և Նիգերիայի մասնագիտացված դպրոցները:
Հայաստանի թիմը ներկայացրել են ԵՊՀ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի սաները: Անհատական արդյունքներով Հայաստանի Հանրապետության դպրոցականները նվաճել են մեկ ոսկե և չորս բրոնզե մեդալ: Հայաստանի դպրոցականների օլիմպիական թիմը ղեկավարել է՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Ռոբերտ Զոհրանյանը: Կազմում ընդգրկվել են դպրոցականներ՝ Արտյոմ Քոսյանը, Նարեկ Հովսեփյանը, Գեղամ Վարդանյանը՝ «Մաթեմատիկա», Արամ Մկրտչյանը, Վարդան Ավետիսյանը՝ «Ֆիզիկա», Ռոբերտ Դավթյանը, Տիգրան Մամիկոնյանը, Վահագն Գևորգյանը՝ «Ինֆորմատիկա»:
«Մաթեմատիկա» առարկայից Արտյոմ Քոսյանն արժանացել է ոսկե մեդալի: Բրոնզե մեդալների են արժանացել Նարեկ Հովսեփյանը՝ «Մաթեմատիկա», Արամ Մկրտչյանը՝ «ֆիզիկա», Ռոբերտ Դավթյանը և Տիգրան Մամիկոնյանը՝ «Ինֆորմատիկա» առարկաներից:
Հայաստանը ներկայացնող թիմը խմբային առաջնությունում արժանացել է օլիմպիադայի պատվոգրի: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել