HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատապարտվել է ազատազրկման` 8 տարի ժամկետով

Դատարանն ապացուցված է համարել Մ. Թումասյանին գողություն կատարելու, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու, կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելու, փաստաթղթեր կեղծելու համար առաջադրված մեղադրանքները եւ դատապարտել ազատազրկման:

Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Մ. Թումասյանը 2008թ. սեպտեմբերի սկզբներին, գտնվելով Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում, համացանցային շփումների ընթացքում ծանոթացել է քննությամբ դեռևս չպարզված` «Loader» կեղծանուն օգտագործող անձնավորության հետ, որը պատրաստակամություն է հայտնել տրամադրել ԱՄՆ «Citibank»-ի կողմից թողարկված բանկային քարտերի մագնիսական ժապավենների վրա գրառված տեղեկությունները` բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներ պատրաստելու և «Citibank» -ի` ԱՄՆ-ում գործող բանկոմատներից գումարներ հափշտակելու համար:

Հանցավոր մտահղացումն իրագործելու նպատակով ձևավորվել է կայուն կազմակերպված խումբ, որի անդամները տևական ժամանակ` 2008 թվականի սեպտեմբերից մինչև նոյեմբեր ամիսը գործել են տարբեր պետությունների` Ռուսաստանի Դաշնության, Մեքսիկայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքներում, կապ պաշտպանել համացանցի միջոցով և «Citibank»-ի ու «7-11» ցանցի խանութների բանկոմատներից Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում նշված ժամանակահատվածում կանխիկ գումարի տեսքով գողացել են առնվազն 134.178.839 ՀՀ դրամին համարժեք 436.500 ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերի գումար:

Այնուհետեւ Մ. Թումասյանը որոշել է ինքնուրույն զբաղվել բանկային քարտերի կեղծ կրկնօրինակների պատրաստմամբ, որի համար ձեռք է բերել անհրաժեշտ սարքավորումներ եւ նյութեր, քննությամբ դեռեւս չպարզված ու 2009թ. հունվարի 19-ին համացանցում մեկ այլ կեղծանուն կրող անձնավորությանը ICQ հաղորդագրությամբ պատվիրել է պատրաստել «Վիզա» եւ «Մաստեր քարդ» վճարային համակարգերի պլաստիկ քարտերի համար նախատեսված կեղծ հոլոգրաֆիկ լոգո-պիտակներ, ինչպես նաեւ քարտերի դարձերեսին փակցվող, ստորագրության համար նախատեսված կեղծ շերտեր եւ պատրաստել է թվով 32 բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներ:

Բացի դրանից՝ Մ. Թումասյանը այլ անձի անվամբ ձեռք է բերել վարորդական իրավունքի կեղծ վկայական, որպեսզի կարողանա կեղծ տվյալներով պատրաստված բանկային քարտերով գործարքներ կատարել:

Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2011թ. դեկտեմբերի 23-ի դատավճռով Մ. Թումասյանը հանցավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 203-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 38-325-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կարգով, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով դատապարտել ազատազրկման` 8 տարի ժամկետով: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter