
Ֆրանսիայի Վալանս քաղաքում կբացվի նոր, ամբողջովին հիմնանորոգված հայկական դպրոց
Հոկտեմբերի 5-ին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Ֆրանսիայի Վալանս քաղաքի քաղաքապետ Նիկոլա Դարագոնի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին քաղաքապետի տեղակալ Ֆրանկ Դիրաձոնյանը, քաղաքապետարանի աշխատակզմի ղեկավար Մաթիո Մարիենը, մունիցիպալ խորհրդի անդամներ Ժորժ Ռաստկլանը, Նաթալի Իլիոզերը, «Ռոման Ագլո»-ի նախագահ Սիլվիան Ֆիդենտին, ՀԲԸՄ Վալանսի մասնաճյուղի նախագահ Կևին Մարկարյանը, «Ապրիլի 24 կոմիտե»-ի նախագահ Գրիգոր Ամիրզայանը:
Ողջունելով հյուրերին՝ սփյուռքի նախարարը կարևորել է Ֆրանսիայի ու Հայաստանի միջև գործակցությունը՝ ընդգծելով, որ Վալանսում այս պահին բնակվում է 15 000 հայ: Նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպման ընթացքում հույս է հայտնել, որ նախարարության ու Վալանսի քաղաքապետարանի միջև գործակցությունը կշարունակվի, կընդլայնվի ու կդառնա առավել ակտիվ:
«Իսկապես Վալանսի հայկական համայնքը կարևորագույներից է Ֆրանսիայում, կցանկանամ, որ հետագա հանդիպումները լինեն աշխատանքային, որպեսզի կարողանանք պայմանավորվել հստակ ծրագրերի շուրջ», - շեշտել է նախարարը:
Վալանսի քաղաքապետն էլ իր հերթին ընդգծել է, որ պատրաստվում են գործակցել ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև Արցախի Հանրապետության քաղաքների հետ: Նիկոլա Դարագոնը շեշտել է, որ առաջիկա օրերին կայցելի նաև Արցախ՝ միաժամանակ նշելով, որ Վալանս քաղաքի կառավարման խորհրդի անդամների 10 տոկոսը հայ է:
«Պարո՛ն նախարար, շնորհակալ եմ, որ Ձեր լարված գրաֆիկում տեղ գտաք նաև մեզ համար: Ցանկանում եմ առանձնակի ընդգծել, որ Հայաստանի ու Ֆրանսիայի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Ցանկանում եմ Ձեզ հրավիրել Վալանս, որպեսզի կարողանանք քննարկել գործակցության բոլոր այն ճյուղերը, որոնք կարևոր են Հայաստանի համար», - նշել է Վալանսի քաղաքապետը:
Նիկոլա Դարագոնը ընդգծել է նաև, որ 2019 թվականին քաղաքում կբացի նոր, ամբողջովին հիմնանորոգված հայկական դպրոց:
Հիշեցնենք, որ Վալանսում հայերը սկսել են հաստատվել 1923-1925 թվականներից սկսած: 1984 թվականին Վալանսում բնակվում էր 5 հազար հայ։ Նրանց թիվն այս պահին հասնում է 15 հազարի: Վալանսում գործում են ՀԲԸՄ (1934 թվականից), Հայ Կարմիր խաչի, Մալաթիո կրթասիրաց ընկերության, Ֆրանսահայ մշակութային միության, Ֆրանսահայ երիտասարդական միության (ԺԱՖ) Վալանսի մասնաճյուղերը, ինչպես նաև այլ հասարակական, հայրենասիրական կազմակերպություններ։
Մեկնաբանել