Գիտաժողով. «Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության»
Պաշտպանության նախարարությունում այսօր մեկնարկել է «Պատմություն և մշակույթ. ընդդեմ կեղծիքի և ոտնձգության» հանրապետական գիտաժողովը, որին մասնակցել են պատմության և մշակույթի ոլորտի անվանի գործիչներ, գիտնականներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ: Գիտաժողովը կազմակերպվել է պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ:
Հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի բացման խոսքից հետո ողջույնի խոսքով հանդես են եկել պաշտպանության, կրթության և գիտության, մշակույթի նախարարները, գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը և ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը:
Կարևորելով գիտաժողովի կազմակերպումը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Հայկական գիտական միտքը պետք է իր հստակ մոտեցումներն ունենա ու արտահայտի պատմության և մշակույթի ադրբեջանական կեղծարարությունների վերաբերյալ»:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում նշել է. «Պատահական չէ, որ պատմության և մշակույթի հարցերը քննարկվում են հենց պաշտպանության նախարարությունում, քանի որ դրանք ազգային անվտանգության հետ շաղկապված խնդիրներ են»:
Եռօրյա գիտաժողովի ժամանակ նախատեսված են քննարկումներ ներկայացվելիք 37 զեկույցների շուրջ: Այս մասին հայտնում են ՊՆ մամլո ծառայությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել