Ճգնաժամային կառավարման կենտրոն և 911 ծառայություն. ռազմավարական նշանակության կառույց
Հունվարի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը ստորագրեցին համաձայնագիր` բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հնարավոր հետևանքների վերացման ոլորտում համագործակցության մասին։
Նախարար Երիցյանը նշեց, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը, ստեղծելով աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմը` ԱՌՆԱՊ-ը, աղետների ռիսկի նվազեցման գործընթացի մեջ է ներգրավում ոչ միայն պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, այլև մասնավոր, նաև` ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկություններին և ընկերություններին։
-Մեր երկրի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները պարզապես հրամայական են դարձնում սերտ համագործակցությունը երկրի ռազմավարական նշանակության կառույցների հետ: Անցած տարվա վերջին մենք համաձայնագիր կնքեցինք Հարավկովկասյան երկաթուղու հետ, իսկ այս տարվա սկզբին ահա Հայաստանի էլեկտրացանցերի հետ: Մենք ստեղծել ենք երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող մի կառույց` ճգնաժամային կառավարման կենտրոն և 911 ծառայություն, որտեղ հավաքվում է տեղեկատվություն հանրապետության բոլոր մարզերից ու նախարարություններից, բոլոր օբյեկտներից ու կառույցներից,- ավելացրեց ԱԻ նախարարը,- համոզված եմ, որ ստորագրված համաձայնագիրը կլինի փոխշահավետ երկու կողմերի համար` տեղեկատվության փոխանակման և աջակցության տրամադրման առումով։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, շնորհակալություն հայտնելով իրականացրած նախապատրաստական աշխատանքների համար, նշեց, որ ընկերությունը մեծ հույսեր է կապում ԱԻՆ-ի հետ ստորագրած համաձայնագրի հետ։
-Այս համաձայնագրով սահմանվում է մեր համատեղ աշխատանքների ընթացակարգը, այն հիմք կլինի մեր երկարատև ու արդյունավետ համագործակցության համար,- ավելացրեց պարոն Բիբինը։
ԱԻ նախարար Արմեն Երիցյանի ուղեկցությամբ Եվգենի Բիբինը շրջեց Նախարարության շենքում, այցելեց ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն, ծանոթացավ դրա տեխնիկական հնարավորություններին ու կիրառվող ծրագրերին։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կհամագործակցեն հետևյալ ոլորտներում.
1) բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների սպառնալիքի կամ առաջացման դեպքում տեղեկատվության օպերատիվ փոխանակում.
2) արտակարգ իրավիճակների մասին տեղեկատվության ներկայացման ուղղությամբ հիմնական չափանիշների համաձայնեցում.
3) կողմերի տեղեկատվական համակարգերի ստեղծման և զարգացմանն ուղղված ջանքերի համակարգում.
4) խորհրդակցությունների, սեմինարների, հետազոտությունների, փորձաքննությունների համատեղ կազմակերպում և անցկացում, փորձի փոխանակում.
5) էներգետիկ ոլորտում արտակարգ իրավիճակների աղբյուրների մոնիթորինգի միասնականացված մեթոդաբանության կիրառում, դրանց արդյունավետության բարձրացում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել