HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք».Թուրքիայում գործարկվեց հակահրթիռային ռադարը

Թուրքիայի արտգործնախարարությունը CNN-ի հարցմանն ի պատասխան հաստատել է տեղեկությունը, որ Մալաթիայի շրջանում տեղակայված ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի մաս կազմող AN/TPY-2 մոդելի ռադիոլոկացիոն կայանը արդեն գործարկվել է: Թուրքական առաջատար թերթերից «Հուրիեթի» պնդմամբ' ռադարն իրականում գործարկվել է դեռ այս տարվա հունվարի 1-ին: Դրա տեղակայման մասին պայմանագիրը Վաշինգտոնի և Անկարայի միջև ստորագրվել էր անցած տարվա սեպտեմբերին:

Թուրքական ԶԼՄ-ների ներկայացմամբ' ռադարը կառավարում են բացառապես ամերիկացի զինծառայողները, որովհետև Թուրքիան այդ կարգի ռադիոլոկացիոն կայանները սպասարկելու համար անհրաժեշտ մասնագետներ չունի: Ռադիոլոկացիոն կայանի հաղորդած տվյալները փոխանցվելու են Գերմանիայում գտնվող հատուկ օպերատիվ կենտրոն, ինչպես նաև տրամադրելու են թուրքական կառավարությանը: Ռադիոլոկացիոն կայանի տակտիկատեխնիկական հնարավորությունների մասին կոնկրետ ոչինչ չի նշվում, սակայն ըստ նախնական և ընդհանուր տեղեկությունների' այն ընդգրկում է Իրանի տարածքի մեծ մասը, Սիրիան, Իրաքը և Հարավային Կովկասի երկրներն ամբողջությամբ: Պաշտոնական Վաշինգտոնը ռադարի տեղակայումը գնահատել էր որպես վերջին 20 տարվա ընթացքում ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում ամենակարևոր պայմանավորվածություն: Ի լրումն այս ռադիոլոկացիոն կայանի, մինչև 2018 թ. վերջը Վաշինգտոնը, Լեհաստանի և Ռումինիայի հետ պայմանավորվածությունների շրջանակում, այդ երկրներում տեղակայելու է պոտենցիալ հակառակորդի բալիստիկ միջուկային հրթիռները ոչնչացնելու կարողությամբ օժտված հակահրթիռներ: Պաշտոնապես նշվում է, որ Լեհաստանում և Ռումինիայում կտեղակայվեն այդպիսի 48 հակահրթիռներ (յուրաքանչյուր երկրում' 24): Սակայն Մոսկվան մտահոգ է, որ ցանկության դեպքում այդ հակահրթիռների քանակը կարող է ավելացվել այնքան, որ դրանք իրական սպառնալիքի կվերածվեն Ռուսաստանի միջուկային ներուժի համար, ինչի շնորհիվ էլ ԱՄՆ-ը կստանա ռազմավարական գերակշռություն միջուկային սպառազինությունների ոլորտում:

Իրանն ավելի քան համոզված է, որ Թուրքիայում գործարկված ռադարը առաջին հերթին ուղղված է իր հրթիռային ներուժի չեզոքացմանը: Տարբեր աղբյուրների պնդմամբ' Իրանը և Սիրիան համատեղ միջոցառումների ծրագիր են մշակել' ԱՄՆ-ի հարձակման դեպքում առաջին հերթին ոչնչացնելու Թուրքիայում տեղակայված ռադարը, չնայած պաշտոնական Անկարայի հավաստիացումներին, որ Թուրքիան թույլ չի տա իր տարածքն օգտագործել հարևան պետությունների դեմ:

ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter