«Իմ տեսածը ոչ մի տեղ գրված չէ»
Լուսինե Բալյան
- Բալես, կարո՞ղ ես մեզ համար երեք դառը սուրճ պատրաստել:
- Չեպո, դու էլ կխմե՞ս:
- Դե, որ դու ես պատրաստում, այո:
Երեք սուրճի բաժակը մեկ անհրապույր ափսեի մեջ' շորորալով ոչ թե նազանքից, այլ արդեն տարիքից, սեղանին է մոտենում տիկին Հայկուշը, ով դերասանների աչքին դեռ կայտառ է ու երիտասարդ: Տիկին Հայկուշի համար հայ թատրոնը երկու ժամանակ ունի' «էն ժամանակ» եւ «էսօր»: Եվ թատրոնի կրած բոլոր փոփոխությունները թատերագետներից ու քննադատներից գուցե ավելի լավ ու պատկերավոր կարող է ներկայացնել նա:
Ամեն ինչ սկսվեց 1968 թվականին, երբ Վարդան Աճեմյանը որոշեց դերասանների համար առանձին սրճարան բացել թատրոնի առաջին հարկում: Մինչ այդ դերասանները հանգստանում էին մասսայական սրճարանում, ուր հաճախում էր հայ թատրոնի հանդիսատեսը:
«Մի օր դերասանների սեղանի շուրջ Աճեմյանը խորհրդակցում էր. «Այս կնոջը տանենք դերասանների սրճարանում թող աշխատի, ի՞նչ կարծիքի եք»,-հարցնում էր դերասաններին: Նրանք էլ հավանություն էին տալիս, որ շատ լավ գաղափար է: Ես դա լսում էի, եւ փոքր անց ինձ մոտեցավ Աճեմյանը եւ հայտնեց իր որոշումը: Սարսռացի. գիտե՞ք' այն ժամանակ ուրիշ կերպ էինք վերաբերում դերասաններին, մեզ համար նրանք սովորական մարդիկ չէին, անգամ ինձ համար, որ ամեն օր էի տեսնում նրանց: Չգիտեմ' ինչն է փոխվել հիմա. նրա՞նք, թե՞ մենք: Ակնածանքն ու հարգանքը դեպի դերասանը այնքա~ն մեծ էր: Երբ պետք է կուլիսներով անցնեի, ոտքերս դողում էին, միշտ ոտքերիս ծայրերի վրա էի քայլում: Բեմը ինձ միշտ եկեղեցի էր թվում: Այնտեղ միշտ խորհրդավոր լռություն էր, միշտ երկյուղածություն էի զգում բեմից եւ այդ գրիմով ու երկար զգեստով մարդկանցից: Այդ պատճառով ինձ համար դժվար էր ընդունել Վ. Աճեմյանի առաջարկը: Հրաժարվեցի: Աճեմյանը քանի որ շատ համառ մարդ էր, ասաց, որ միեւնույն է որոշումը պիտի իրագործի: Այդպես էլ եղավ, այս սրճարանի բացվելուն պես ես հայտնվեցի այստեղ եւ առ այսօր այստեղ եմ: Էս օրվա պես հիշում եմ նրա խոսքերը, ասում էր. «Կսովորես, կսովորես, մի օր էլ կրունկներդ ծեծենք, չես գնա»:
Վարդան Աճեմյանը չսխալվեց, տարիների ընթացքում տիկին Հայկուշը այնպես ընտելացավ թատրոնի կյանքին ու մտերմացավ դերասաններին, որ այլեւս չկարողացավ սահմանագծել նրանց կյանքն ու սեփականը, չկարողացավ զանազանել' որտե՞ղ է սկսվում աշխատանքն ու վերջանում օրը:
«Տարիների ընթացքում տեսա, թե որքան սխալ էի ես, ինչ պարզ մարդիկ էին դերասանները, եւ որքան հեշտ էր նրանց հետ շփվելը: Իմ կյանքի բոլոր լուսավոր դեպքերը կապված են այս կամ այն հանճարեղ դերասանի հետ, իմ բոլոր տխուր օրերը նրանց հետ պատահած դժբախտություններն են»,-ասում է նա:
Ըստ տիկին Հայկուշի դիտարկումների' թատրոնի «էն ժամանակ»-ից մինչեւ «էսօր» միայն մի բան է անփոփոխ մնացել. դա Մայր Թատրոնում Մեծերի տեղն է' խոհանոցի անկյունում: Սա գիտեն բոլորը, եւ այս դրվածքը փոխանցվում է սերնդե սերունդ: Երիտասարդներից ոչ ոք իրեն թույլ չի տա նրանց բացակայության ժամանակ անգամ նստել այդտեղ:
«Ես միշտ դողացել եմ մեր «մեծերի» վրա: Հիմա էլ աշխատանքային ժամի ամենալարված պահերը այն ընթացքն են, երբ նրանք, իհարկե քիչ են մնացել, այստեղ են, չեմ ուզում ինչ-որ բանից դժգոհ գնան: Տեղից էլ այնքան փխրուն են դարձել»:
Ամեն օր, անկախ ամեն ինչից, Սունդուկյան թատրոնի այդ պատմական սեղանի շուրջ հավաքվում են Վոլոդյա Աբաջյանը, Կարեն Ջանիբեկյանը, Գեւորգ Չեպչյանը, Կարեն Ջանգիրովը, Մարգո Մուրադյանը եւ էլի մի քանի հոգի, ովքեր գալիս են թատրոն ոչ թե դեր ստանալու ակնկալիքով, այլեւ կյանքը շարունակելու համար:
«Իմ ապրածը, տեսածը գրված չէ ոչ մի տեղ, եւ երեւի անհնար էլ կլինի փոխանցել այդ ամենը: Իմ խալաթը չի բաժանել մեզ իրարից: Օթյակում տեղս միշտ ունեցել եմ: Մի ներկայացումը անգամ տարբեր դերասանների մասնակցությամբ եմ նայել, համեմատել ու վերլուծել միշտ: Քառասուն տարի այդպես է անցել: Հետեւություններն ինքներդ արեք»,-ասում է Հայկուշը:
Տիկին Հայկուշն ամենայն մանրամասնությամբ է հիշում դերասաններից յուրաքանչյուրի արածն ու ասածը: Անթիվ-անհամար են նրա հուշերը հայ բեմի մեծ վարպետների սովորությունների մասին, թե Ավետ Ավետիսյանը ինչպես չէր սիրում բորշչ եւ զայրանում էր անգամ, երբ տեսնում էր, որ կինն է ուտում: Արցունքն աչքերին' Հայկուշը հիշում է Ֆրունզիկի քարոզները ամեն ճաշից հետո. «Ամեն մեկը ինքը պետք է հավաքի իրենից հետո, դա ոչ թե Հայկուշի համար է, այլ ձեր մարդ կոչվելու»:
«Անհարթություններ էլ են եղել, իհարկե: Չեմ հիշում ինչ պատճառով' նեղացա ու որոշեցի հեռանալ: Ընդունվեցի աշխատանքի: Մի քանի օր հետո տնօրենը կանչեց մոտը: Վախեցա, մտածեցի' հո վատ բան չե՞մ արել: Գնացի, տեսնեմ մի խումբ դերասաններ իմ հետեւից են եկել: Համոզեցին, ետ տարան: Երբ թատրոն մտա, դերասանները այնպիսի ընդունելություն էին կազմակերպել, ասես հոլիվուդյան ամենամեծ աստղին էին դիմավորում: Դա իմ վերջին վերադարձն էր:
Եթե ձեզ ինչ-որ բան է պետք թատրոնից, դուք միանգամից տիկին Հայկուշին մոտեցեք: Նա գիտի' որ դերասանը երբ եկավ, ուր գնաց եւ երբ կգա, ով է դերասաններից հիվանդ, ում տանը ինչ խնդիրներ կան: Ամեն մեկն իր գաղտնիքն ունի տիկին Հայկուշի մոտ: Ամեն մեկն առանձնակի է սիրում տիկին Հայկուշին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել