ՀՀ քաղաքացին վրացական բանտից վաղաժամկետ ազատ է արձակվել
Վրացական օրենքով՝ Աբխազիա մուտք գործելը քրեորեն պատժելի արարք է, որի համար նախատեսվում է պատիժ՝ տուգանքի կամ ազատազրկման ձևով: «Հետքն» անդրադարձել է Աբխազիայի տարածք մուտք գործած ՀՀ քաղաքացի Արման Ղազարյանի բանտարկությանը: 7 ամիս 27 օր վրացական բանտերում պատիժ կրելուց հետո նա վաղաժամկետ ազատ է արձակվել:
Արմանը և նույն հոդվածով դատապարտված ևս մի քանի հայի վաղաժամկետ ազատումը բացատրել են բանտում «տեղ ազատելու» անհրաժեշտությամբ:
Հիշեցնենք ՀՀ քաղաքացու՝ Վրաստանում բանտարկվելու պատմությունը. Ռուսաստանում բնակվող ՀՀ քաղաքացի Արման Ղազարյանը որոշել էր ամռանը գալ Հայաստան՝ հանգստանալու: Արմանը վախենում էր ինքնաթիռից, իսկ ծովային ճանապարհ չկա, ուստի՝ որոշեց Հայաստան գալ ցամաքային ճանապարհով: Միակ ճանապարհն անցնում է Աբխազիայով:
Արմանը չգիտեր, որ Աբխազիան օկուպացված տարածք է, ուր կարելի է մուտք գործել միայն վրացական իշխանությունների, կոնկրետ՝ Զուգդիդիի տեղական իշխանության թույլտվությամբ: Նման թույլտվություն կարող է ստանալ, օրինակ, Աբխազիայում բնակվողը որպես տարանցիկ ուղևոր՝ Աբխազիա եկողի համար: Այդպիսի թույլտվություն էլ Վրաստանը հազվադեպ է տալիս: Իսկ առանց մուտքի թույլտվության պետության սահմանն անցնելն անօրինական է:
Արմանը երթուղային տաքսիով Սոչիից եկել էր Աբխազիա: Ռուս-աբխազական սահմանին ռուս խաղաղապահները չէին նկատել նրան: Աբխազիայից էլ տաքսիով անցել էր վրացական սահմանն ու հասել վրացական Սամեգրելո գյուղը: Մինչ այդ վրացական Զուգդիդի քաղաքի սկզբնամասում վրացական դրոշակներով մարդիկ ստուգել էին նրա փաստաթղթերն ու թույլ էին տվել շարունակել ճանապարհը:
Փաստորեն, Արմանն Աբխազիայից անարգել Վրաստան էր անցել: Թիֆլիսում նստել էր Բոլնիս-Սադախլո գնացքը, որ գար Հայաստան: Բայց հայ-վրացական սահմանին՝ Սադախլո կայարանում, սահմանապահները, նրա փաստաթղթերը ստուգելով, իջեցրել էին գնացքից: Նրա անձնագրում ոչ մի կնիք չէր եղել: Արմանը դա բացատրում է հետևյալ կերպ. ռուս-աբխազական սահմանի ռուսական կողմում, նրա ասելով, այլևս կնիք չեն դնում, որովհետև այն արդեն սկսել էին օգտագործել Ռուսաստանում գրանցման ժամկետը երկարաձգելու նպատակով. Ռուսաստանից Աբխազիա գալով՝ հատում էին պետական սահմանը, որպեսզի անձնագրում դրված կնիքով նորից վերադառնան Ռուսաստան:
Վրաց-աբխազական սահմանին էլ Արմանի անձնագրում կնիք չի դրվել, քանի որ Աբխազիան համարվում է Վրաստանի ինքնավարություն, ուստի՝ այդ երկու երկրի միջև միջպետական սահման չկա:
Արմանն էլ, քանի որ իր անձնագրում որևէ նշում չկար, սահմանապահներին ճշտությամբ ներկայացրել էր ճանապարհը, որով հասել էր այդտեղ:
«Արդարացի պատմում ես, բայց որ կնիք չկա, պետք է նստացնեն, 6 ամիս էլ իրենք կնստացնեն: Եթե նույնիսկ ասես սարերով եմ մտել, կասեն՝ սահման ես հատել»,- ասում է Արմանը:
Նրան մեղադրանք էր առաջադրվել օկուպացված տարածք մուտք գործելու համար՝ չնայած, նրա ասելով, իրեն կարող էին մեղադրել նաև պետական սահմանը ապօրինի հատելու համար, որն ավելի խիստ պատիժ է նախատեսում:
Այսպես, ըստ Վրաստանի քրեական օրենսգրքի 322 հոդվածի՝ օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից «Օկուպացված տարածքների մասին» Աբխազիայի օրենքը խախտելով՝ օկուպացված տարածք մուտք գործելը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ 2-4 տարի ժամկետով: Նույն արարքը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից, 2 և ավելի անգամ, բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով, պատժվում է ազատազրկմամբ 3-5 տարի ժամկետով:
Իսկ ըստ Վրաստանի քրեական օրենսգրքի 344 հոդվածի՝ պետական սահմանը անօրինական հատելու համար սահմանվում է պատիժ՝ տուգանք կամ ազատազրկում 3-5 տարի ժամկետով: Նույն արարքը, եթե խմբակային է, 2 և ավելի անգամ, պատժվում է ազատազրկմամբ 4-5 տարի ժամկետով:
Արմանի ասելով՝ իր հանդեպ մեծահոգաբար են վարվել՝ իրեն մեղադրելով նշված հոդվածներից առաջինով:
Իրավապահները Արմանին բացատրել էին, որ վարչական խախտում է արել, և նրան տարել Սադախլոյի մեկուսարան: Ասել էին, որ մի քանի ժամից ազատության մեջ կլինի, հատկապես որ տարանցիկ ուղևոր է և բռնելու պահին չի դիմել փախուստի: Բայց ազատության մեջ հայտնվելու փոխարեն Արմանը շուտով Ռուսթավիի մեկուսարան էր տեղափոխվել՝ երկամսյա կալանքով: Քննիչը բացատրել էր, որ հաշտարարագիր կստորագրի, որից հետո նրան տուգանք կառաջարկեն:
«Եթե ընդունում ես մեղքդ, ու առաջին դատվածությունդ է, ու եթե հանգիստ ես քեզ պահում, 1 տարի են տալիս պրծնում, իսկ եթե հրաժարվում ես մեղքդ ընդունել կամ լեզվիդ ես անում, շատ են տալիս»,- ազատազրկման չափը որոշելու սկզբունքն է բացատրում Արմանը:
Առաջին իսկ օրը նա ընդունել էր մեղքը, հաշտարարագիր էր ստորագրել և համաձայնել էր տուգանքին: Տուգանքի չափն էլ ինքն էր առաջարկել՝ օրենքով սահմանված 10 հազար լարիից շատ: Բայց տուգանք վճարելու նրա առաջարկությունը մերժել էին՝ պատճառաբանելով, թե վրացական կառավարության նոր որոշմամբ՝ նշված հանցանքի համար այլևս տուգանք չի նախատեսվում:
Այնինչ կալանավորներից մի քանիսը պատմել էին Արմանին, որ իրենց առաջարկել են 2 հազար լարի վճարել՝ տուգանքի նվազագույն չափով: Իրենք չեն համաձայնել, այդ պատճառով կալանավորվել են:
«Դուրս էկավ նենց, որ հատուկենտ է էդ տուգանքներով մարդ բաց թողալը. կարող է էսօր էլ մեկին բռնեն, տուգանքով բաց թողնեն, մեկին էլ բռնեն նստացնեն: Միանշանակ մեխանիզմ չկա»,- ասում է Արմանը:
Դատարանի որոշմամբ՝ Արմանը դատապարտվել էր 1 տարի ազատազրկման և տեղափոխվել Թիֆլիսի «Գլդան» բանտը, որտեղից էլ՝ «Օրթաչալայի» բանտը:
Միևնույն մեղադրանքով Արմանի հետ բանտում օսեթներ, վրացիներ, թիֆլիսահայեր են եղել: Բայց նշված հոդվածով հիմնականում հայերն են դատապարտվում, որովհետև հայերն են այդ ճանապարհով Հայաստան գալիս:
Բանտից ազատվելու օրը Վրաստանում հայկական դեսպանատան աշխատակիցները չեն գնացել դիմավորելու Արմանին և նրա հետ ազատված մյուս հայերին: Բանտի աշխատակիցներից մեկը նրանց տարել է Հավլաբար և իջեցրել հայկական եկեղեցու բակում:
Առհասարակ Արմանն ու նրա հարազատները դժգոհ են Վրաստանում հայկական դեսպանատան աշխատանքից:
«Կոնսուլին հարկավոր է դուրս անել, որ չի պաշտպանում իր քաղաքացու շահերը: Աշխատասենյակում, երբ վերադարձի թղթերը սարքում էր, ասաց՝ հերիք է լավություն անեմ, մենակ լավություններով եմ գործ անում, բա դո՞ւք ինչ լավություն եք անելու. սա կաշառակերության լուրջ տվյալ է»,- եզրակացնում է Արմանը:
Նրա մորաքույրը՝ տիկին Լիանան էլ չի մոռանում, որ միայն երրորդ օրն է իմացել Արմանի ձերբակալության մասին, երբ նա արդեն մեկուսարանում էր. հայկական դեսպանատունը, տեղեկանալով իր քաղաքացու ձերբակալության մասին, չէր հայտնել հարազատներին:
«Անձամբ ես եմ ճշտել. գնացել եմ դեսպանատուն, ասել եմ՝ պարոն Սիլվանյան, ճի՞շտ է, որ մեր երեխան բռնված է: Մենք ըստեղ խելագարվում էինք, էրեխեն կորել էր Վրաստանի տարածքում, իսկ նա ասում է՝ բոլորին պետք է չգրեմ, տեղեկացնեմ: Դուրս եկավ, որ չեն ուզեցել ասեն,- պատմում է տիկին Լիանան:- Կամ տենց կոնսուլը ո՞ւմ է պետք. իրան խնդրել եմ՝ պարոն Վարդան, էրեխեն հիվանդություն ունի. նրան պիտի շուտ բաց զոնա տեղափոխել: Ոչ մի գործ էլ չարավ: Մի անգամ է միայն տեսակցության գնացել՝ իմ ժրաջան աշխատանքի շնորհիվ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել