HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Էշը» Ոսկե Ծիրանում

18-ամյա ռեժիսոր Արեգ Ազատյանը, չնայած երիտասարդ տարիքին, արդեն 3 ֆիլմերի հեղինակ է' «Պատուհանից այն կողմ» (2003), «Դարբասը» (2003) եւ «Էշը» (2004): Նրա ֆիլմերի սցենարները հիմնված են իր պատմվածքների վրա: Արեգն ունի պատմվածքների 2 ժողովածու' «Կյանք արեւից վերեւ» եւ «Մարդու դատավարությունը», որտեղ հիմնականում ներկայացված են մարդու եւ բնության փոխհարաբերությունները: 2000թ.-ին Արեգն արժանացել է Ռուբեն Սեւակի անվան մրցանակի' իր կարճ պատմվածքների համար, իսկ անցյալ տարի ստացել է ՀՀ նախագահի մրցանակը գրականության բնագավառում: Արեգն ավարտել է Հակոբ Կոջոյանի անվան Գեղարվեստի դպրոցը եւ հենց ինքն էլ ձեւավորում ու նկարազարդում է իր գրքերը: Այժմ սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում:

Արեգը համեստորեն ասում է, որ իր առաջին երկու ֆիլմերն այնքան էլ լուրջ չեն, քանի որ գտնում է, որ առաջին կուրսի ուսանողը, առաջին անգամ տեսախցիկը ձեռքը վերցնելով, չի կարող լուրջ ֆիլմ նկարել եւ, ընդհանրապես, 16-18 տարեկանում կինոյով զբաղվելը նրան մի քիչ անլուրջ է թվում: Ինչեւէ, նրա երրորդ ֆիլմը' «Էշը» (9 րոպեանոց), մասնակցել է մի քանի միջագային փառատոների, այդ թվում նաեւ Ռոտտերդամի (Հոլանդիա) միջազգային կինոփառատոնին' հայտնվելով մրցութային ծրագրի լավագույն ութնյակում: Արեգի այս ֆիլմը ներկայացվել էր նաեւ «Ոսկե Ծիրան-2005» երկրորդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» բաժնում: Այս ֆիլմը նա համարում է իր կինոկարիերայի սկիզբը:

Ֆիլմը ներկայացնում է կենդանու, այս դեպքում' էշի բողոքը մարդուն, էշատիրոջ վերաբերմունքը կենդանու նկատմամբ եւ, ընդհանրապես, կենդանի-մարդ փոխհարաբերությունները: Վերջիվերջո, իրականում էլ է այդպես. էշը հիմար կենդանի է համարվում, եւ նրան պաշտպանելու ու նրա առավելությունը մարդու նկատմամբ ցույց տալու համար Արեգը էշին անձնավորել է: Դրանով նա ուզում է ցույց տալ, որ կենդանին մարդուց խելացի է. նա հիանում է բնությամբ, իսկ մարդը, ամեն օր անցնելով նույն ճանապարհով, անգամ չի էլ նկատում իրեն շրջապատող գեղեցկությունը: Նա միայն մտահոգված է իր բեռները տուն հասցնելով եւ խեղճ կենդանուն նույնիսկ թույլ չի տալիս հանգստանալ: Էշն էլ, այդ վերաբերմունքից մի օր հոգնելով, որոշում է տիրոջը դաս տալ եւ ճանապարհի մեջտեղում նստելով' համառորեն վեր չի կենում: Տերն էլ ստիպված ինքն է բեռը շալակում ու տուն գնում:

Արեգն այս ֆիլմի համար «Ոսկե Ծիրան-2005» փառատոնից մրցանակ չստացավ: Ըստ իրեն' չէր էլ սպասում: «Յուրաքանչյուր փառատոն ուղղվածություն ունի, եւ քանի որ այս փառատոնի նշանաբանը «քաղաքակրթությունների եւ մշակույթների խաչմերուկ» է, եւ մենք' հայերս, մի քիչ էլ խնդիր ունենք օտարին մեր դրական կողմերը ցույց տալու, մրցանակ, հավանաբար, կստանա սփյուռքահայ ռեժիսորներից մեկը»,-դեռեւս մինչ փառատոնի ավարտը ասում էր նա:

Արեգի կարծիքով' փառատոնն անցած տարվա համեմատ բավական մակարդակով էր: Այն, որ այս տարի նաեւ արտասահմանից էին ֆիլմեր մասնակցում, բավականին առաջընթաց էր արտասահմանում դեռ հեղինակություն չունեցող փառատոնի համար: Սակայն կարեւորն այն է, որ մեր երկրում նման միջոցառում է կազմակերպվում, եւ գոնե դրանով օտար կինոգործիչը, հանդիսատեսը կարող է ճանաչել մեր երկիրը, մշակույթը:

Արեգը պատրաստվում է նոր ֆիլմի նկարահանումներին: Արդեն պատրաստ է նկարահանող խումբը, դերասանական կազմը: Ֆիլմը խաղարկային է լինելու, կարճամետրաժ (25րոպե) եւ կոչվելու է «Կրկնություն»: Այն երեք մարդկանց մասին է, ովքեր վերջում միմյանց սպանում են: Պատմությունը հիմնված է Արեգի համանուն պատմվածքի վրա:

Արմինե Ավետիսյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 1-ին կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter