HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ըստ ռազմական փորձագետի՝ Իրանը կարող է տարածաշրջանը ներքաշել լուրջ բախումների մեջ

Այժմ Իրանի շուրջ ստեղծվել է բարդ ու հետաքրքիր իրավիճակ: Մի կողմից նշվում է, որ բախումն անխուսափելի է, մյուս կողմից որոշ հանգամանքներ ցույց են տալիս, որ եթե անգամ բախումը ծրագրված է, ապա դա կհետաձգվի գոնե մինչև Իրանի նախագահական ընտրությունները, ուրանի հարստացման հետ կապված ծրագրերի կազմումը: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով՝ Իրանը ունի մի կողմից փակ իսլամական համակարգ, մյուս կողմից օրեցօր հզորանում է և ձգտում ստեղծել միջուկային զենք: Իսկ Իսրայելը, որը բազմիցս ապացուցել է, որ ոչ մեկի հետ հաշվի չի նստում, իր շահից ելնելով, կարող է սկսել ռազմական գործողություններ: Այս դեպքում ոչ մի հաշվարկներ չեն օգնի: Իսրայելը կարող է զանգվածային հրթիռաավիացիոն հարվածներով լուրջ պարտության մատնել Իրանին, որը քիչ բան կունենա հակազդելու:

Սակայն մտածել, որ պատերազմն այդպես էլ կավարտվի, ռազմական փորձագետի խոսքերով, միամտություն կլինի: Նա նշեց, որ Իրանը Իրաք չէ, որովհետև լիովին ի վիճակի է տարածաշրջանը ներքաշել լուրջ բախումների մեջ, արթնացնել սառած կոնֆլիկտները:

Կարիծիք կա, որ Իրանը կարող է հարվածել Ադրբեջանին: Ա.Հովհաննիսյանը դա չի բացառում, որովհետև Իրանը հայտարարել է, որ կհարվածի ԱՄՆ-ի ռազմաբազաներին կամ Իսրայելի աջակիցներին: Այստեղ առաջ է գալիս նաև Արցախի հիմնահարցը, որը կարող է ունենալ տարբեր զարգացումներ՝ Արցախի ճանաչումից մինչև լուրջ ռազմական բախումներ: Իսկ Թուրքիան փորձում է ցույց տալ, որ չի ներքաշվում իրանաիսրայելական կոնֆլիկտի մեջ: Նրա շահերից չի բխում Իրանի դեմ գործելը:

Ռազմական փորագետը նաև նշեց, որ Իրանում խոր արմատներ ունեն արևմտյան հատուկ ուժերը, որոնք տիրապետում են մեծ լծակների՝ ազդելու Իրանի ներքին իրավիճակի վրա, և տեղեկատվության՝ ուրանի հարստացման մասին: Եվ գուցե արտաքին ճնշումները նպատակ ունեն նաև սրել Իրանի ներքաղաքական վիճակը:

Այս իրավիճակում, ռազմական փորձագետի խոսքերով, Հայաստանը պահպանում է ակտիվ չեզոքություն, ինչը և ճիշտ է, և արդարացված: Չի բացառվում, որ հայկական դիվանագիտական օղակները փորձում են թուլացնել տարածաշրջանի լարվածությունը: Սակայն դրանից ավելին անել այսօր Հայաստանը չի կարող: Ամեն դեպքում, Ա.Հովհաննիսյանի կարծիքով, պետք է միշտ պատրաստ լինել յուրաքանչյուր սցենարի զարգացման: Ցանկացած սցենարի դեպքում տարածաշրջանի բախումների առաջին փուլը լրջորեն կազդի Հայաստանի տնտեսության վրա:

Այնուամենայնիվ, ռազմական փորձագետը կարծում է, որ վաղ է խոսել բախումների մասին և կանխատեսել գործողությունների զարգացման հնարավոր սցենար: Այստեղ ավելի շատ հարցը վերաբերում է ԱՄՆ-ի պետքարտուղարությունում մշակված որոշակի ռազմավարությանն ու քաղաքականությանը, որոնք ենթադրում են քաղաքական իրավիճակի սրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter