
Ռուսաստանում ուղղաթիռի կործանման հետևանքով 18 մարդ է զոհվել
Utair ավիաընկերության Մի-8 ուղևորատար ուղղաթիռը վթարի է ենթարկվել Կրասնոյարսկի երկրամասում, ինչի հետևանքով զոհվել է 18 մարդ՝ 15 ուղևոր և անձնակազմի 3 անդամ:
«Նախնական տվյալներով՝ «ՅուՏէյր-ուղղաթիռային ծառայություններ» ավիաընկերության երկու ուղղաթիռներ միմյանցից ոչ հեռու Մոսվայի ժամանակով 05:00-ին թռիչքներ են իրականացրել Վանկորի նավթագազային շրջանում: Առաջին թռիչքն իրականացրել է Մի-8 ուղղաթիռը՝ արտաքին բեռի կախոցով, առանց ուղևորների, իսկ երկրորդ թռիչքն իրականացրել է Մի-8AMT ուղղաթիռը՝ ուղևորներով հանդերձ, ովքեր եղել են նավթի պոմպակայանի հերթափոխի աշխատակիցներ:
Նախնական տվյալներով՝ Մի-8AMT ուղղաթիռի թռիչքից հետո այն դեռևս անհայտ պատճառներով բախվել է մյուս ուղղաթիռի արտաքին բեռին, ինչի հետևանքով վայր է ընկել և այրվել»,- ասվում է ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալության (Росавиация) տարածած հաղորդագրությունում:
Թռիչքը տեղի է ունեցել պարզ եղանակային պայմաններում: Դեպքի վայրում փրկարարները հայտանաբերել են ուղղաթիռի երկու սև արկղերը:
РИА Новости-ն, հղում անելով արտակարգ իրավիճակների տարածքային ծառայությունում իր աղբյուրին, որպես ավիաաղետի նախնական պատճառ նշում է տեխնիկական անսարքությունը կամ օդաչուների սխալը:
Վթարի պատճառների հետաքննությամբ զբաղվելու է Росавиация-ի հատուկ հանձնաժողովը: Ավելի վաղ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել օդային տրանսպորտի շարժման և շահագործման անվտանգության կաննոները խախտելու հոդվածով, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:
Լուսանկարը՝ © Flickr / alexanderbukreev
Մեկնաբանել