Շուշին բնակավայր չի դառնում
Մհեր Արշակյան
Շուշին սկսվում է ծառերի մեջ ծվարած գերեզմանոցով: Իրականում այս քաղաքը հայերի հիշողությունից ջնջելու նպատակով ադրբեջանցիները փորձել են նրանց տեսադաշտից վերացնել գերեզմանոցը: Չեն կարողացել: Եվ ծառեր են տնկել: Այժմ շուշեցիներն ունեն նոր գերեզմանոց: Այնտեղ հատուկենտ մարդիկ են թաղված: Տեղացիներն ասում են, որ «ոչ մեռնելու պայմաններ կան, ոչ' ապրելու»: Տարեցտարի պակասում է քաղաքի բնակչությունը: «Սկզբնական շրջանում 5 հազար էր, հիմա' 3-3,5 հազար»,-ասում է Շուշիի քոլեջի տնօրեն Ալբերտ Խաչատրյանը: Նա նաեւ քաղաքապետարանի ավագանու անդամ է եւ տեղեկացնում է, որ այս տարի քաղաքում ընդամենը 8 աշխատատեղ է բացվել' 4-ը ժողգործիքների անսամբլում, 4-ը' դրամատիկական թատրոնում: Նրանից հետաքրքրվում եմ' իսկ ի՞նչ են անում Արցախի իշխանությունները, որպեսզի մարդն ապրի Շուշիում: «Հաշմանդամների համար տուն են սարքում»,-ասում է նա: Շուշին հետաքրքիր է նրանով, որ բացառապես ավերակների արանքում կարելի է տեսնել մեկ-երկու բարեկարգ շենք, որոնք պատկանում են մեկ-երկու հոգու: Ազատագրվելուց 13 տարի հետո Շուշին նման է մի տարածքի, որը ոչ այն է բնակավայր է, ոչ այն է' բնակավայրի հուշ: Այստեղ այդ ավերակների միջից կարելի է տեսնել ադրբեջանական եւ պարսկական մեկական մզկիթ: Քաղաքապետարանի որոշմամբ վերականգնվում է պարսկական մզկիթը: Կիրակի օրով իր «հավեսին» մզկիթում աշխատող միակ շինարարը քար է տաշում: Զրուցելիս հրաժարվում է ներկայանալ, նաեւ' լուսանկարվել: Եվ ահա թե ինչպես է նա բացատրում մզկիթը վերականգնելու անհրաժեշտությունը. «Պարսկաստանին հետի մեծ կոզր ա, երբ պետք լինի, կոխելու ենք աչքը»:
Շուշեցի Վարդուշը 12 տարի առաջ այստեղ է եկել Չեչնիայից, ապրել եւ մեծացել է մուսուլմանական մշակույթի մեջ: Ամուսինը սպանվել է Չեչնիայում: Այսօր մոտ 50-ամյա Վարդուշը մոմ է վաճառում քաղաքի Ս. Ղազանչեցոց եկեղեցում: Որդին սովորում է Էջմիածնի հոգեւոր ճեմարանում, պատրաստվում է դառնալ քահանա: Վարդուշը դժգոհ է իր կյանքից, նրա խոսքերով' քաղաքում «հեչ մի պեն էլ չի կատարվում»: Իսկ միգուցե վերադառնա Չեչնիա՞: «Սմիսըլ չեմ գտնում»,-ասում է նա: Նա ոչ թե եկել է Ղարաբաղ ապրելու, այլ Չեչնիայից փախել է Ղարաբաղ, քանի որ այդ տարիներին Ղարաբաղն այն տարածքն էր, որտեղ պետք էր ապրել: Բոլորովին այլ է կյանքը փախստականներ 37-ամյա Ավետյան Սեվիլի եւ 70-ամյա Ասրյան Մարոյի համար: Սեվիլը ավելի քան 50-ամյա կնոջ տեսք ունի: 12 տարի առաջ Շուշի է եկել ադրբեջանական Մինգեչաուրի քաղաքից: Շատ արագ է պատասխանում այն հարցին, թե ինչպես է ապրում: «Թաղե՛մ դրանց, ո՛չ գործ են տալիս, ո՛չ բան»: Սեվիլը եւ Մարո տատիկը մուրացկանությամբ են զբաղվում: Նրանց կարելի է հանդիպել ադրբեջանական մզկիթի մոտ: Սեվիլի ոտքերի մոտ կանգնած է կեղտի մեջ կորած 5-ամյա Մելինեն: «Իրեք երեխա էլ ըսենց սովից ա մահացել»,-Մելինեին մատնացույց անելով' ասում է Սեվիլը: «Մեծ-փոքր էսպես են»,-մուրացկանությամբ տուն պահելը նկատի ունենալով' ասում է շուշեցիներից մեկը: Տեղի խանութի վաճառողը տեղեկացնում է, որ Սեվիլը խանութին պարտք է 48 հազար դրամ: «Էդ հլը հացի գումարն է»,-ասում է վաճառողը: Ասրյան Մարոն դժգոհում է նրանից, որ «գոնե տարին մի անգամ մի պասիլկա չեն տալիս»: Մարո տատին մենակ է, նրա երկու որդիներին ադրբեջանական Ժդանով քաղաքում թուրքերը սպանել են: Մարո տատին ապրում է «վեց հազար մանեթ պենսիայով»: Ստեփանակերտցի տաքսու վարորդը 70-ամյա կնոջ մասին ասում է. «Ըտենց ա սովորել, չի ուզում աշխատել»: Իսկ որտե՞ղ պետք է աշխատի, ասենք, Սեվիլը: Պարզվում է' ոչ մի տեղ: Սեվիլը չունի «ներկայացուցչական արտաքին»: Ընդհանրապես, ոչ ոք այստեղ չունի այդպիսի արտաքին, ընտրատեղամասերում (այդ օրը ԼՂ-ում ԱԺ ընտրությունների օր էր) կարելի էր հանդիպել հիմնականում ծերերի, իսկ երիտասարդներն անխնամ են, նրանք տեղամասեր են գալիս' իրենց ձայնը տալու այս կամ այն թեկնածուին, ոչ թե իրենց կամ երկրի ապագային:
Իսկ ի՞նչ են մտածում տեղացիները Շուշի քաղաքի ապագայի մասին: «Ապագա չկա»,-ասում է աղջիկներից մեկը' Հասմիկը: Նա ուզում է ապրել Երեւանում, քանի որ տեղեկություններ ունի, որ «ուզում են Ղարաբաղը տան թուրքերին»: Մի քանիսը, որոնց ընտրությունների հաջորդ օրը հանդիպեցի Ս. Ղազանչեցոց եկեղեցում, ասացին, որ շուտով բանակ են գնալու եւ շատ կուզեին ծառայել Հայաստանում: «Ղարաբաղցիք ձեր մոտ աղա են»,-բառացիորեն ասաց Գեղամ անունով մի տղա: Գեղամը Շուշի քաղաքի ապագան չի տեսնում: «Փախնոլու ըմ»,-ասում է նա: Մյուսները չնայած ծիծաղում էին Գեղամի վրա, բայց համաձայն էին նրա հետ: Այդ դեպքում ինչու՞ են մտել եկեղեցի: «Ուրիշ տեղ չկա գնալու»,-տեղեկացրեց Գեղամը: Քաղաքը չունի ոչ շուկա, ոչ որեւէ մշակութային օջախ: Գնալու տեղ չունեցող այս երիտասարդներից հետաքրքրվեցի' մտահոգվա՞ծ են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կռվախնձոր դարձած Ղարաբաղի ապագայով: Նրանք ծիծաղեցին: «Թող ուրիշները մտածեն»,-ասաց նրանցից մեկը: Շուշիի քոլեջի տնօրենը Արցախի թիվ 1 խնդիրը համարում է ժողովրդավարության հաղթանակը: Նա կոնֆլիկտի լուծումը այսպես է պատկերացնում. «Շուշիի թոզը չեմ տա, Աղդամից մի կտոր, Շահումյանից մի կտոր, փոխզիջումը ես էսպես եմ հասկանում: Եթե մեծ տերությունները թողնեին, մի ծառ էլ չէինք տա: Չեն թողնում»: Այնուհետեւ ասես դիմում է իշխանություններին. «æեբրայիլը մոծականոց է, նա տուր' Շահումյանը վերցրու»: Քոլեջի տնօրենը միակն էր, ով համաձայնվեց ներկայացնել փոխզիջման մասին իր պատկերացումները: Մյուսները համոզված էին, որ դա պիտի անեն Հայաստանի եւ Ղարաբաղի իշխանությունները: Շուշիում դժվար էր հասկանալ, թե ինչ պահանջներ ունեն տեղացիները, ենթակառուցվածք չունեցող քաղաքում մարդիկ ապրում են այնպես, ասես այդ քաղաքի միակ բնակիչներն են:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել