HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճիշտ վերականգնումը փրկօղակ է արվեստի գործերը հավերժական դարձնելու համար

Մետաքսե Պետրոսյան

Ազգային պատկերասրահի վերականգնման բաժնի արվեստանոցի սեղանին դրված կտավը 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի ռուս նկարիչ Արխիպ Կոյինջիի «Կեչիների պուրակ» ստեղծագործությունն է: Նկարը պետք է պատրաստվի ցուցադրության, եւ բաժնի ղեկավար Համլետ Մաթեւոսյանն արդեն սկսել է վերականգնման տեխնիկական աշխատանքները: Չնայած կտավը ժամանակային առումով հին չէ, այդուհանդերձ, տարիներն ու պահպանման պայմաններն արել են իրենց գործը: Նկարի ներկը տեղ-տեղ թափված է, ճաքեր են առաջացել, լաքի շերտը' խունացել: Ներկայացնելով իրենց աշխատանքի առանձնահատկությունները կոնկրետ նկարի դեպքում' պրն Մաթեւոսյանը նշում է, որ պարտադիր չէ վերացնել բոլոր ճաքերը, եթե դրանք չեն խանգարում նկարը վերականգնելուն: Հակառակ պարագայում, հնարավոր է մեկ ուրիշ բան վնասվի:«Վերականգնումն ինքնին հիմնական կամ վերջնական բան չէ, բայց վերականգնելով' կարող ես նկարին հավերժական կյանք տալ»,-ասում է նկարիչ-վերականգնողը:

Ազգային պատկերասրահի վերականգնման բաժին-լաբորատորիան գոյություն ունի գրեթե պատկերասրահի ստեղծման օրից՝ 1947թ.-ից: Այստեղ հիմնականում վերականգնվում են Ազգային պատկերասրահում պահվող ցուցանմուշները՝ գեղանկար, սրբապատկեր, դեկորատիվ, կիրառական արվեստ, գորգ, քանդակ, մետաղ, ճենապակի եւ այլն: Վերականգնման բաժնի ամենամեծ ու ամենաաշխատատար ճյուղը գեղանկարինն է, որտեղ տարեկան վերականգնվում են 150-250 նկարներ, իհարկե' կախված վերականգնման տեսակից: Ըստ պրն Մաթեւոսյանի' նշված թվաքանակի տեսակարար կշիռը բաժին է ընկնում մասնակի վերականգնումներին, որի դեպքում արվում են ներկի շերտի, պատռված հատվածի կամ լաքի վերականգնում, կամ երբ անհրաժեշտ է լինում նկարը պատրաստել ցուցադրության: Այս դեպքում եւս արվում են վիզուալ կամ պրոֆիլակտիկ աշխատանքներ մասնակի վերականգնման կարգով: Մինչդեռ, հիմնովին վերականգնումը շատ ավելի մեծ ժամանակ ու ծախսեր պահանջող աշխատանք է, որը կարող է տեւել ամիսներ, երբեմն էլ՝ տարի, եթե կտավը սկսել է քրքրվել, ցեցոտել:
Երկկողմ կտավ (վերականգնման փուլում):
Առաջին երեսին' ռուս նկարիչ Շապիրո, «Նատյուրմորտ», 1923թ. / Երկրորդ երեսին' Մ. Շագալի կտավից պատռված մի հատված

Աշխարհում գոյություն ունի վերականգնման երկու դպրոց՝ ռուսական եւ եվրոպական, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, կատարման յուրօրինակ տեխնոլոգիան: Ըստ պրն Մաթեւոսյանի՝ ռուսական դպրոցի առավելությունը բնական նյութերի օգտագործմամբ է պայմանավորված (ձկան, ացետոնի սոսինձներ, որոնք վերականգնման աշխատանքի հիմնական նյութերն են), իսկ եվրոպականի դեպքում առավել բարձր է տեխնոլոգիան: Վերջինս, սակայն, կիրառում է քիմիական նյութեր, քանի որ բնականները խիստ թանկ են: «Մենք միջանկյալ օղակ լինելով' կիրառում ենք երկուսն էլ, քանզի հավասարապես տիրապետում ենք երկու դպրոցներին: Նկարն ինքն է թելադրում, թե որ մեթոդով աշխատես՝ ռուսական, թե եվրոպական, երբեմն համատեղում ենք երկուսը: Ի վերջո, դրանք շատ տարանջատ բաներ չեն»,-ներկայացնում է նկարիչ-վերականգնողը: Ուստի, վերականգնելիս նշանակություն չունի, թե ստեղծագործությունը որ դպրոցին է պատկանում՝ եվրոպակա՞ն, ռուսակա՞ն, թե՞ մեկ այլ: Տարանջատում դրվում է միջնադարյան եւ ժամանակակից նկարչություն հասկացությունների դեպքում: 100-200 տարվա կտավը վերականգնման առումով ժամանակակից նկարչություն է, բոլորովին այլ է, երբ ստեղծագործությունը պատկանում է վաղ միջնադարի, վերածննդի ժամանակաշրջաններին կամ հայկական որմնանկարչություն է: Քանզի ժամանակակցի դեպքում հիմնականում օգտագործված է յուղաներկը, իսկ հնագույն շրջանում կիրառված նյութերը բոլորովին այլ բաղադրություն ունեն: Դրանք հիմնականում ձեռքով գործված կտավներ են, խեժերից պատրաստված ներկեր:

«Ի դեպ, - շարունակում է նկարիչ-վերականգնողը,-մենք երկար տարիներ աշխատում էինք միայն ռուսական վերականգնման դպրոցի սկզբունքներով, բայց դրանից որեւէ կտավ չի տուժել: Կարեւորը պրոֆեսիոնալիզմն է եւ ոչ թե որեւէ ուղղությանն առավելություն տալը, այլապես նկարը կխարխլվի»: Ճիշտ վերականգնման դեպքում նկարի կյանքը կարող է անընդհատ երկարացվել: Սակայն, անկախ նկարի պահպանվածության աստիճանից, նրա երկարակեցության համար խիստ անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ այն ենթարկել կոնսերվացման՝ 20-50 տարին մեկ անգամ: Սա վերականգնման ամենաանհրաժեշտ ու գլխավոր փուլն է, որի ժամանակ կատարվում է արտաքին լաքի շերտի հանում (ինչը կապ չունի հեղինակային լաքապատման հետ), ճաքերի, լաքային կնճիռների արդուկում, նոր լաքապատում, գրունտի շերտի ֆիքսացում ու ամրացում եւ այլն: Պրն Մաթեւոսյանի ասելով' վերականգնումից նկարի արժեքը բնավ չի ընկնում, կամ նախնական տեսքը՝փոխվում:

Նույնիսկ եթե որեւէ տեխնիկական կամ օտար միջամտության արդյունքում նկարը հայտնվում է ծանր վիճակում, ճիշտ վերականգնումը կարող է փրկօղակ լինել նկարի համար, ինչպես դա պատահել է Էրմիտաժի պատկերասրահում ցուցադրվող Ռեմբրանտի «Դանայա» կտավի հետ: Այցելուներից մեկը ծծմբաթթու էր թափել նկարչի գլուխգործոց աշխատանքներից մեկի վրա: Սակայն մեծ վարպետությամբ արված վերականգնողական աշխատանքները, հատկապես լաքի շերտը, փրկել են նկարը վերջնական կործանումից: Ճիշտ է, այն արդեն 15 տարի գտնվում է վերականգնման մեջ, սակայն մասնագետները լիահույս են կտավը կրկին այցելուների ուշադրությանն արժանացնելու հարցում:

Վերականգնման մյուս կարեւոր սկզբունքներից մեկն էլ այն է, որ աշխատանքը պետք է արվի այնպես, որպեսզի այցելուի մոտ չխախտվի ստեղծագործության ժամանակային ընկալումը: Սա միջազգայնորեն ընդունված նորմ է, որ պահպանում են բոլոր վերականգնողները: Այս դեպքում ներքին շերտի բոլոր աշխատանքները կատարվում են հիմնարարար կերպով, սակայն արտաքին երանգավորումն արվում է այնպես, որ տեսանելիորեն տարբերվեն իրական ու վերականգնված հատվածները: Սա արվում է կտավի հնությունը, ժամանակագրությունը պահպանելու նպատակով: «Կարող ենք այնպես անել, որ իդեալական տեսքի բերվի' չվնասելով նկարը, բայց այցելուն այն չի համարի հին ժամանակաշրջանի նկարչություն: Նա պետք է անզեն աչքով տեսնի, որ, օրինակ, այստեղ պատռվածք է եղել, բայց այն ընդամենը գործված ու թողնված է»,- մեկնաբանում է պրն Մաթեւոսյանը:

Նման մոտեցում կարող է ցուցաբերվել երբեմն նաեւ ժամանակակից նկարներ վերականգնելիս: Սակայն, եթե կա հեղինակի կողմից արված միջամտություն, դրան առհասարակ ձեռք չի տրվում: Օրինակ' Մ. Սարյանի որոշ կտավներ պատռվել կամ կարվել են հենց իր ձեռքով, որը նկարիչն ինքն այնհուտեւ ամրացրել է ու վրան նկարել: Այս դեպքում վերականգնողն իրավասու չէ միջամտություն անելու կամ շտկելու, այն այդպես էլ ներկայացվում է այցելուին:

Ազգային պատկերասրահում պահպանվող ու ցուցադրվող նկարների պահպանման վիճակի մասին բաժնի պատասխանատուն ասաց, որ դրանք այժմ գտնվում են պատշաճ մակարդակի վրա, քանի որ հնարավոր ամեն ինչ արվում է դրա համար: Լինսի հիմնադրամի շրջանակներում կատարված վերջին հիմնարար վերանորոգությունից հետո բոլոր պայմանները ստեղծվել են ոչ միայն ֆոնդերի պահպանման, այլեւ արվեստի ստեղծագործություններն ըստ պատշաճի ներկայացնելու համար: Լուծված են եւ՛ ջեռուցման, եւ՛ կայուն ջերմաստիճանի ապահովման (տարվա բոլոր եղանակներին) խնդիրները, որը չափազանց կարեւոր պայման է նկարի ու առհասարակ ցուցադրվող նմուշների պահպանության համար:

Մինչդեռ 90-ականներին, երբ դեռ գործում էր խորհրդային ժամանակների կենտրոնացված ջեռուցման համակարգը, Ազգային պատկերասրահն ու կառավարության շենքը ջեռուցվում էին մեկ ընդհանուր կաթսայատնից: Կառավարության բարձրագույն իշխանավորները որոշում են անջատել Պատկերասրահի ջեռուցումը' միլիոնավոր դոլարների արժողություն ունեցող արվեստի գործերը թողնելով բախտի քմահաճույքին: Այդ վիճակը շարունակվում է մոտ վեց տարի: Արդյունքում շատ նկարներ դեֆորմանում են, ճաքեր տալիս, ջրեր են հոսում ֆոնդեր: «Նկարը կարող է դիմանալ -40-ից +60 աստիճաններում, բայց այդ ջերմաստիճանը պետք է լինի կայուն, իսկ մեր ֆոնդերում անկայուն ջերմաստիճան էր այդ տարիներին: Շատ վնաս հասցվեց, բայց, բարեբախտաբար, անվերադարձ կորուստներ չեղան: Բարդ իրավիճակում էինք հայտնվել, սակայն վերականգնեցինք նկարները»,-կատարվածի մասին ասաց պրն Մաթեւոսյանը:

Իհարկե, այս վերանորոգմամբ Ազգային պատկերասրահի խնդիրներն իսպառ չեն վերացել, քանի որ վերականգնումը նյութական մեծ ծախսեր ու բարձր տեխնոլոգիաներ պահանջող բնագավառ է: Պրն Մաթեւոսյանը տեղեկացրեց, որ վերջին տարիներին պատկերասրահի հնարավորությունները բավականին մեծացել են, քանի որ պետական բյուջեի հատկացումից զատ իրենց տրվել է նաեւ ինքնուրույն գործելու հնարավորություն: Այժմ ընդունում են մասնավոր վերականգնման պատվերներ, ինչը հնարավորություն է տալիս գումարներ հայթայթել ներկեր գնելու համար: Մեկ յուղաներկ նկարի վերականգնման նյութերի համար միայն կարող է ծախսվել 300-400 դոլար (նյութերը ձեռք են բերվում հիմնականում արտերկրից՝ Ռուսաստան, Եվրոպա): Պատկերասրահն այժմ որոշակի փոխհատուցում է ստանում նաեւ արտագնա ցուցադրություններից, ինչը չկար նախկինում: Բաժնի վարիչի հավաստմամբ' այս գումարները, ճիշտ է ոչ լիարժեք, բայց բավարարում են իրենց աշխատանքների կազմակերպմանը:

Մյուս կարեւոր խնդիրը, որը նա համարում է արդեն վաղուց հասունացած ու խիստ անհրաժեշտ, վերականգնողական կենտրոն ստեղծելն է, որում կլինի եւ՛ լաբորատորիա, եւ՛ ռենտգեն, եւ՛ փորձաքննություն: Արդեն տասնհինգ տարի այս խնդիրն արծարծվում է, բայց կոնկրետ քայլեր դեռեւս չեն ձեռնարկվել: Միայն վերջերս, ինչպես նշեց պրն Մաթեւոսյանը, կարծես թե այն կրկին դարձել է քննարկման նյութ: Խնդիրը պետական սուղ միջոցներով չի կարող լուծվել, որովհետեւ նման կենտրոն ստեղծելը հարյուր հազարավոր դոլարներ արժե: Ամերիկացի մասնագետների մի խումբ այժմ բանակցությունների մեջ է մշակույթի ոլորտի մեր ղեկավարների հետ՝ Հայաստանում արվեստի ստեղծագործությունների վերականգնման տարածաշրջանային կենտրոն ստեղծելու նպատակով: «Նման կենտրոններ շատ քիչ երկրներում կան. Ռուսաստանում Մոսկվայի Ի. Գրաբարի անվան գիտահետազոտական ինստիտուտն է եւ Սանկտ-Պետերբուրգի Տրետյակովյան պատկերասրահին կից փորձաքննական, վերականգնողական լաբորատորիան: Եվրոպայում նմանկենտրոններ կան Փարիզում, Ֆլորենցիայում եւ էլի մի քանի երկրներում: Մեզ մոտ կառուցելով՝ այն կդառնա կենտրոն նաեւ արեւելյան երկրների համար՝ Էմիրություններ, Լիբանան, Սիրիա, Իրան եւ այլն, որոնք սեփական դպրոց չունեն:

Թե ինչպես են մինչ օրս առաջնորդվել մեր մասնագետները որեւէ ստեղծագործության իսկությունը պարզելու կամ նյութի բաղադրությունը ճշտելու հարցերում, պրն Մաթեւոսյանը պատասխանեց. «Վիզուալ, տեսողական դիտումով ենք կողմնորոշվում, իհարկե' արվեստաբանական ու վերականգնողական փորձառությունից ելնելով, որն առայսօր դեռ հուսախաբ չի արել: Այդուհանդերձ, շատ բաներ կան, որոնք առանց ռենտգենի ու փորձաքննության հնարավոր չէ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter