
Եվրահանձնաժողովը Google-ին տուգանել է 5 միլիարդ դոլարով
Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել 4.34 միլիարդ եվրոյով (5 մլրդ դոլար) տուգանել Google-ին այն բանի համար, որ ընկերությունը Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերում ինտերնետ-որոնման տիրությում չարաշահել է գերիշխող դիրքը: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սա մեկ ընկերության նկատմամբ ամենախոշոո տուգանքն է, որը երբևիցե սահմանել է Եվրահանձնաժողովը: Google-ն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել որոշումը:
Google-ի մայր կազմակերպությունը՝ Alphabet-ը, 90 օր ունի իր բիզնես-գործունեությունը վերանայելու համար, հակառակ դեպքում կենթարկվի հավելյալ տույժերի՝ ընկերության օրական ստացված միջին շահույթի 5%-ի չափով:
Չնայած որ Alphabet-ի պահուստային ֆոնդում մարտ ամսվա դրությամբ 103 միլիարդ դոլար կա և ընկերությունը կարող է հեշտությամբ մուծել տուգանքը, այնուամենայնիվ Եվրահանձնաժողովի որոշումը կբողոքարկի:
Եվրոպական հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել Android-ի շուկայական դիրքը 2015 թվականի ապրիլից՝ Fairsearch ընկերություների խմբի ներկայացրած բողոքից հետո, որի մեջ մտնում են Microsoft-ը, Nokia-ն, Oracle-ը և այլ ընկերություններ: Այդ պահի դրությամբ, ինչպես ցույց էր տվել ուսումնասիրությունը, Եվրամիության տարածքում սմարթֆոնների 64%-ը աշխատում էր Android օպերացիոն համակարգով:
Google-ի ներկայացուցիչները պնդում են, որ ընկերությունը չի ստիպում արտադրողներին տեղադրել իր հավելվածները: Բացի այդ ընկերությունը շեշտել է, որ Google-ի ծառայությունների մատուցման մոդելը թույլ է տալիս իրենց օգտատերերին ծառայություններն առաջարկել անվճար:
Մեկնաբանել