Ես Ղարաբաղ եկա ժողովրդի իրավունքը պաշտպանելու
Ասում է ղարաբաղյան պատերազմի «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի ասպետ Պավլիկ Մանուկյանը
Հունիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցան Ազգային Ժողովի ընտրություններ։ Պատգամավորական 33 տեղի համար պայքարում համամասնական ընտրակարգով առավելագույն ձայներ ստացավ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը (5 տեղ), որին սատարում էր նախագահ Արկադի Ղուկասյանը, երեքական տեղ ստացան «Ազատ Հայրենիք» եւ «ՀՅԴ-Շարժում-88» միավորումները։
Մեծամասնական ընտրակարգով յոթական տեղ ստացան Արցախի ժողովրդավարական կուսակցության եւ «Ազատ Հայրենիքի» առաջադրած թեկնածուները։ Ութ տեղ գրավեցին անկուսակցական թեկնածուներ։ «ՀՅԴ-Շարժում-88» միավորումը մեծամասնականով ոչ մի տեղ չհաղթեց։ Այսպիսով Լեռնային Ղարաբաղի հանրապետության ընդդիմությունը խորհրդարանում ներկայացավ երեք պատգամավորով։
Ընտրությունների ընթացքին հետեւում էին դիտորդներ Հայաստանից, Ռուսաստանից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Խորվաթիայից եւ այլ երկրներից։ Գրեթե բոլորը միաձայն հայտարարեցին, որ ընտրությունների ընթացքում լուրջ խախտումներ տեղի չեն ունեցել։
Մեր մամուլն ու քաղաքական գործիչները շտապեցին եզրակացնել, որ Հայաստանը պետք է օրինակ վերցնի Լեռնային Ղարաբաղից ազատ ու թափանցիկ ընտրություններ կազմակերպելու հարցում։ Սակայն ուրախությունը երկար չտեւեց։ Հունիսի 21-ին ծանր մարմնական վնասվածքներով զինվորական հոսպիտալ տեղափոխվեց անվանի ազատամարտիկ, «ՀՅԴ-Շարժում-88» միավորման ցուցակի 12-րդ հորիզոնականը զբաղեցնող թեկնածու, դաշնակցական Պավլիկ Մանուկյանը։
Մանուկյանի հանդեպ կատարված բռնությունը ԼՂՀ զինվորական բարձրաստիճան ղեկավարության հաշվեհարդարն էր նախընտրական շրջանում ազատամարտիկի հնչեցրած սուր քննադատության համար։ Հունիսի 21-ին, ժամը 13։00-ին մոտ Պավլիկ Մանուկյանին դուրս էին կանչել իր բնակարանից։ Դրան հետեւել էին բավական երկար զրույց-պարզաբանումներ, ինչից հետո նրան հրավիրել էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի աշխատասենյակ, որտեղ էլ տեղի էր ունեցել բռնությունը։
Սա Պավլիկ Մանուկյանի եւ նրա մերձավոր շրջապատի հաղորդած տեղեկությունն է։ Ղարաբաղի իշխանությունները եւ հատկապես զինվորական հրամանատարությունը դեպքի առիթով ոչ մի մեկնաբանություն չեն արել։ Այցելելով հոսպիտալ՝ նախագահ Ղուկասյանը խոստացել է, որ գործը կբացահայտվի եւ մեղավորները կպատժվեն։
Հունիսի 26-ին Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում ինձ հաջողվեց հանդիպել բռնության զոհ դարձած ազատամարտիկի հետ։ Տեսարանն անշուշտ ճնշող էր։ Բնակության համար ոչ պիտանի տարածք հիշեցնող հիվանդասենյակում, ուր անգամ առանձին զուգարան եւ լվացարան չկա, իսկ եղած գույքը հիշեցնում է ձեղնահարկի թափոն, Պավլիկ Մանուկյանը նստած էր իր հարազատների եւ ընկերների հետ։ Նա ընկճված չէր։ Կատարվածի մասին հուշում էր աջ աչքի տակ երեւացող կապտուկը եւ քայլելիս հարազատների օգնությանը դիմելը։
Շատ վաղուց Պավլիկին ճանաչելով որպես նվիրյալ զինվորական եւ մտավոր բարձր ունակություններ ունեցող մարդու, ով քաղաքականությանը միշտ նայել է բարձրից, առաջինը հարցրի, թե ի՞նչ էր անում, ինչո՞ւ էր հայտնվել «ՀՅԴ-Շարժում-88» միավորման նախընտրական ցուցակում։
- Ես իշխանատենչ չեմ եւ բնականաբար իշխանության հասնելու համար չէի մտել քաղաքական պայքարի մեջ,-ասաց Պավլիկը։ Նա թվեց Լեռնային Ղարաբաղի կյանքում տեղ գտած բոլոր այն թերություններն ու բացասական երեւույթները, որոնք չէին կարող հանգիստ թողնել պատմական Հայաստանի այդ մասի համար պայքարած մարտիկին։ «Ես, որ իմ ընկերների հետ գնացել եմ Ղարաբաղ ոչ թե պատերազմի համար եմ գնացել, այլ ժողովրդի իրավունքը պաշտպանելու։ Այսօր մեր կարգախոսը ժողովրդի հաղթանակն ապահովելն էր, ամրագրելը։ Մի բան, որ չի արել իշխանությունը տասմեկ տարի». ասում է նա։
Պավլիկին ահավոր ցավ են պատճառում ազատագրված տարածքների վերաբնակեցման, գյուղական բնակավայրերի ամայացման, բնակչության աճի խնդիրները։ «Ես եղել եմ մի վերաբնակեցվող գյուղի՝ Հովտաշենի, գյուղապետը, որտեղ Հայաստանից եկած վերաբնակներ կային։ Քսանյոթ ընտանիք թողեց-հեռացավ, որովհետեւ տարրական հարցեր լուծված չէին՝ բուժկետ չկար, դպրոց չկար, հողերի բաժանման հարցն անորոշ էր». ասում է Պավլիկ Մանուկյանը՝ միաժամանակ նկատելով, որ Ստեփանակերտում հայտնվում են տարբեր մակնիշի թանկարժեք մեքենաներ, առանձնատներ, հսկայական հողատարածքներ դառնում են առանձին մարդկանց սեփականությունը։ «Կամաց-կամաց ճորտատիրական հասարակարգ էր առաջանում՝ մարդիկ հողը չէին կարողանում մշակել, գալիս էին Ստեփանակերտից առնում էին էդ հողը՝ գյուղացին էլ մեջը»։
Պավլիկն ասում է, որ կառավարությունը գյուղատնտեսական վարկեր չի տրամադրում։ Գյուղացու համար եղած միջոցները ստանում են Ստեփանակերտի բնակիչները, եւ դրա համար Ղարաբաղ այցելողները տեսնում են բարգավաճ քաղաք եւ աղքատության մատնված գյուղեր։ «Մինչեւ հիմա մթերքը գալիս է Հայաստանից»,-ասում է նա եւ ավելացնում. «Այսօր Ղարաբաղի բյուջեի 80 տոկոսը վարկավորման տեսքով Հայաստանն է տալիս, բայց ինչքան կարելի է բեռ դառնալ Հայրենիքի վզին։ Հաղթանակած ժողովուրդ, հսկայական տարածք, ու ոչինչ չի արվում»։
Պավլիկը բողոքում է, որ Հայաստանից ստացվող օգնության հաշվին ապրող այս երկրամասում առաջացել է օլիգարխների իշխանություն եւ կա կառավարման ուռճացված ապարատ։ «Ղարաբաղում երեւի Չինաստանի չափ նախարարություններ կան, որոնց գործունեությունը մենք չենք տեսնում, այլ տեսնում ենք դրանց ավելորդությունը»։
Այս ամենի կողքին նրան ցավ է պատճառում իր զինակիցների՝ զոհված կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքների սոցիալական վիճակը։
«Հաշմանդամ տղան, որ կյանքն է տվել, ստանում է հինգ հազար դրամ թոշակ, իսկ նախարարը, որ ոչինչ չի անում 250 հազար դրամ աշխատավարձ է ստանում։ Այնպիսի տղաներ կան, որոնք կենդանի լեգենդ էին, այսօր հաշմանդամ, դեն շպրտած, տնից դուրս չեն գալիս ամոթից։ Նրանցից շատերն ինֆարկտից մեռնում են։ Իմ ընկերը քառասուն տարեկան հասակում ինֆարկտից մեռավ, Նվերը, ով անցել էր մահվան ու փորձության միջով»։
Նա ասում է, որ ինքն ու իր նման մարդիկ այս ամենը տեսնելով են մտել քաղաքական պայքարի մեջ եւ ընդունելով այդ պայքարի օրինական կանոնները որոշել են սթափեցնել գործող իշխանություններին։ Սոցիալական խնդիրներից բացի նրանք դրել են նաեւ քաղաքական հարցեր, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությանը, ժողովրդագրական աճին եւ բանակցություններում իշխանությունների դիրքորոշմանը։ «Մենք դնում էինք Ղարաբաղի տարածքի ամբողջականության հարցը՝ ազատագրված տարածքների վարչական ձեւակերպումներով։ Մենք հարցնում էինք՝ երդվելիս, ո՞ր տարածքի վրա է երդվում նախագահը»։ Ինչ վերաբերում է փոխզիջումներին, նա գտնում է, որ հայ ժողովուրդը փոխզիջման գնացել է 1994-ի մայիսին՝ զինադադար կնքելով, եւ որ կարիք չկա եւրոպաների հետ խաղեր խաղալով կորցնել արյան գնով ազատագրվածը. «Ամայի տարածքները մենք ցույց ենք տալիս եւրոպաներին, թե չենք բնակեցնում, եւ մեր թուլությունը որպես առավելություն ենք ներկայացնում։ Արդյունքն այն է, որ Ղարաբաղի բնակչությունը չի աճում եւ արտագաղթ կա»։
Իմ այն հարցին, թե ժողովուրդն ինչպե՞ս էր ընդունում իրենց ծրագրերն ու գործող իշխանության հասցեին հնչեցրած քննադատությունը, Պավլիկը հակադարձեց. «Պատկերացնո՞ւմ եք, զոհված ազատամարտիկի ծնողը հինգ հազար դրամով գնում էր նրանց ձայն տալու» եւ ավելացրեց, որ իրենց համար ամենակարեւոր խնդիրներից է եղել բարոյական մթնոլորտի բարելավումը. «Բանակի բարոյահոգեբանական վիճակը, արտակարգ պատահարների մեծ թիվը, ոչ մարդկային հարաբերությունները բանակում, ասպարեզում խոշոր աստղերով անհայտ մարդկանց հայտնվելը, կռված տղերքին անտեսելը»։ Այս ամենը բնականաբար չէր կարող անտարբեր թողնել ղարաբաղյան պատերազմի «Մարտական խաչի» երկրորդ աստիճանի ասպետին։
Հարցնում եմ՝ ինչո՞ւ հատկապես քեզ հետ պատահեց այս դեպքը։ Պավլիկն ասում է, որ թերություններն ու բացասական երեւույթներն ինքը քննադատում էր անխնա եւ անզիջում՝ նկատի ունենալով, որ այդ ամենը վերաբերում է մի երկրամասի, որի ազատագրության համար 7500 մարդու արյուն է թափվել։ «Հանդիպումների ժամանակ ես միշտ նշել եմ, որ եթե ես կենդանի եմ մնացել, դա զուտ պատահականություն է։ Ես չեմ եկել Արցախ, որ կենդանի հետ գնամ այստեղից։ Ես եկել եմ նպատակի համար՝ մեր պատմական Հայրենիքի այս մասը ազատագրված եւ շենացած եւ միացյալ տեսնելու»։
Նա գտնում է, որ այս վճռականությունը դուր չի եկել գործող իշխանությանը եւ հատկապես զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներին, ովքեր լինելով բանակի ղեկի մոտ, խոսում են փոխզիջումների եւ տարածքներ հանձնելու մասին։ Նրա կարծիքով, զինվորականն իրավունք չունի նման բաներից խոսելու։ Նա ասում է, որ բանակի ղեկավարներ կան, որ իր համար ազգային հերոս են եղել, բայց նման բաներ խոսելուց հետո միանգամից դավաճան են դառնում, որովհետեւ ուրանում են զոհված ընկերների հիշատակը, իսկ զոհված ընկերներն, ըստ Պավլիկի, «…մեռել չեն, նրանք նահատակ հրեշտակներ են ու նրանց շնորհիվ է, որ այսօր ահագին խաղաղություն ենք տեսնում»։
Հանդիպումների ընթացքում Պավլիկը բանակի ղեկավարներին անվանել է «կավից գեներալներ», ինչն էլ ամենայն հավանականությամբ եղել է նրա նկատմամբ հաշվեհարդարի պատճառը։ «Էլի եմ ասելու։ Եթե բանակի շտաբի պետը կանգնում-ասում է՝ մենք պետք է գնանք փոխզիջման, դա թիկունքից հարված է զինվորին։ Զինվորին դու դարձնում ես նապաստակ։ Բանակի շտաբի պետի այդ հայտարարությունից հետո դու չես կարող նապաստակից առյուծ ստանալ։ Բոլորս էլ հասկանում ենք, որ առյուծ պահելը շատ ավելի դժվար է, քան նապաստակ». ասում է ազատամարտիկը։
Իմ այն դիտարկմանը, թե բանակի շտաբի պետը գուցե նման հայտարարություն է արել՝ ելնելով ինչ-ինչ քաղաքական հաշվարկներից, Պավլիկ Մանուկյանն ասում է, թե արտգործնախարարի նման հայտարարություններն ինքը մի կերպ հասկանում է, բայց զինվորականն իրավունք չունի նման բան ասելու եւ եթե այդպիսի համոզմունք ունի, պետք է հրաժարվի զինվորական պաշտոնից եւ սկսի զբաղվել քաղաքականությամբ։
Անդրադառնալով ընտրություններում իշխանության տարած հաղթանակին, նա ասում է, թե ժողովրդի տրամադրվածությունից պարզ էր, որ այդ հաղթանակը բարոյական չէ, քանի որ խորհրդարան չմտավ ոչ մի հերոս, ով իր կյանքն էր տվել Արցախի համար։ Ու նաեւ անբարո հաղթանակով է Պավլիկը բացատրում իր դեմ կատարվածն՝ ասելով, թե ինքը միշտ զգուշացրել է, որ ամեն գնով ձեռք բերվածը բարոյական չի լինելու։
Պավլիկ Մանուկյանը նախընտրում է իր պատիվը պաշտպանել օրենքի միջոցով.
«Ես կնախընտրեի, որ արդար դատ լիներ։ Այսինքն՝ երկուսին էլ՝ թե որպես նախարար եւ թե որպես փոխնախարար, ես չեմ տեսնում, եւ շատերը կան, որ չեն տեսնում»։ Միաժամանակ նա զգուշացնում է, որ եթե պատիժը չլինի այնպիսին, ինչպիսին օրենքն է սահմանում, գուցե ստիպված լինի հարցերը լուծել սեփական նախաձեռնությամբ։
Վերջում Պավլիկ Մանուկյանին տալիս եմ մի հարց, որը հունիսի 21-ից հետո ամեն օր եւ այս զրույցի ամբողջ ընթացքում անհանգստացնում էր ինձ. «Ինչպե՞ս է լինում, որ նախկին զինակիցները՝ միասին անցնելով կրակների ու մահվան միջով, հայտնվում են տարբեր բեւեռներում ու մինչեւ անգամ այս աստիճան թշնամանում»։ —Աշխարհում ամեն ինչ կիսվում է, բացի փառքից,-փիլիսոփայաբար պատասխանում է նա եւ հիշեցնում իր հայրենակից աշուղ Մահուբի Գեւորգի իմաստուն տողերը. «Ինձ էլ, քեզ էլ թե որ տանեն գերեզման, մեզ երկուսիս լոկ մի բահ է հարկավոր»։
Հ.Գ. Եթե Պավլիկ Մանուկյանի հետ կատարվածը լիներ տղայական կռվի արդյունք, ինչպես փորձում էին ներկայացնել որոշ լրատվամիջոցներ, ես այս թեմային չէի անդրադառնա։ Բայց, ինչպես տեսաք, ազատամարտիկի նկատմամբ իրագործված բռնության պատճառները շոշափում են Լեռնային Ղարաբաղի հանրային կյանքի բոլոր ոլորտների խնդիրներն՝ ընդհուպ մինչեւ անվտանգություն։ Այդ պատճառով առանց վերլուծության բառացիորեն ներկայացրել եմ Պավլիկի մտքերն ու տեսակետերը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել