Նախանձելի ընտրություններ Ղարաբաղում
ԼՂ ԿԸՀ-ն այսօր կեսօրին ամփոփեց 4-րդ գումարման ԱԺ-ի ընտրությունների արդյունքները: Նախնական տվյալներով համամասնական ընտրակարգով 11 տեղերից 5-ը բաժին է հասել նախագահ Արկադի Ղուկասյանի կուսակցությանը՝ Արցախի Ժողովրդավարական կուսակցությանը (ԱԺԿ), 3-ական տեղեր վերցրել են նորաստեղծ իշխանամետ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը եւ «ՀՅ Դաշնակցություն-Շարժում 88» դաշինքը: Ինչպես տեղեկացրեց ԼՂ ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանը, քվեարկությանը մասնակցել է 66774 ընտրող, կամ ընտրելու իրավունք ունեցողների 78 տոկոսը: Պարոն Նասիբյանն այսօր ամփոփեց նաեւ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները: Ըստ նրա, ԱԺ 22 տեղերը զբաղեցրել են ԱԺԿ-ն (7 տեղ), «Ազատ Հայրենիքը» (7 տեղ) եւ անկուսակցականներ (8 տեղ):
Պարզ դարձավ, որ «ՀՅ Դաշնակցություն-Շարժում 88» դաշինքը մեծամասնական ընտրակարգով ոչ մի տեղ չի գրավել: Նախորդ օրը արտասահմանցի դիտորդներից ոմանք ԼՂ իշխանությունների ուշադրությունն էին հրավիրել բանակի ակտիվ մասնակցության վրա: Պարզվեց քվեարկությանը մասնակցած զինվորականների թիվը ԼՂ ԿԸՀ-ից իմանալ հնարավոր չէր: «Զինվորականների թիվն առանձին չենք դիտարկում, որ մեր թշնամին չիմանա, թե քանի զինվոր ունենք»,-մեզ հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանը:
Ի դեպ, քվեարկության ընթացքին հետեւած դիտորդական խմբերի գերակշիռ մասն արձանագրեց, որ այս ընտրություններով ԼՂ-ն լուրջ քայլ կատարեց ժողովրդավարության ճանապարհին: «Այս ընտրությունները ցույց են տալիս, որ դեմոկրատական սանդղակն ավելի բարձր է ԼՂ-ում, քան նրա հարեւան որոշ երկրներում, որոնք նրան չեն ճանաչում»,-այսօր ԿԸՀ մամուլի սրահում ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:
Ամերիկացի դիտորդ æիմ Կուպերն ասաց, որ ԱԺ ընտրությունները կարելի է համարել ազատ եւ թափանցիկ: «Կարելի է ասել, որ քաղաքական պայքարը համապատասխանում էր միջազգային չափանիշներին»,-արձանագրեց նա: Նա նաեւ ասաց, որ իրենց եզրակացությունում որեւէ բան չի փոխվի, եթե նույնիսկ հայտարարվեն վերջնական արդյունքները: Դիտորդ Սփենսերն ասաց, որ ունեն մի շարք դիտողություններ ընտրողների գրանցման եւ քվեարկության ընթացքի վերաբերյալ, որոնք սակայն «չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա»:
«Իհարկե լավ կլիներ, որ ԼՂ-ում ապրած ադրբեջանցիներն էլ մասնակցեին այս ընտրություններին»,-նկատեց Մարդու իրավունքների պաշտպանության բրիտանական հելսինկյան խմբի ներկայացուցիչ Մարկ Ալբոնը: Բայց նա չասաց, թե ինչպես պիտի մասնակցեին: Այն հարցին, թե այս ընտրություններին հետեւելով ինքը ԼՂ-ն ընկալե՞ց որպես անկախ պետություն, պարոն Ալբոնն ասաց. «Ինձ թվում է, շատ ճանաչված երկրներ կուզեին նմանվել այս երկրին»:
Ի դեպ, ասուլիսի ընթացքում պարզվեց, որ պարոն Ալբոնը ժողովրդավարական է բնութագրել նաեւ Բելոռուսում տեղի ունեցած նախագահական վերջին ընտրությունները: Նա չհերքեց: Հայաստանյան բոլոր դիտորդները նույնպես ԼՂ ԱԺ ընտրությունները բնորոշեցին որպես «ազատ, արդար եւ թափանցիկ»: ՀՀ ԿԸՀ-ում «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանն ուրախ էր, որ ընտրությունների գնահատականներում համընկնում են իր եւ ամերիկյան դիտորդների կարծիքը:
«Կարող եմ դառնությամբ ասել, որ լավ կլիներ Հայաստանում էլ ընտրությունները կազմակերպվեին նույնքան թափանցիկ, որքան եղավ Ղարաբաղում»,-իր հերթին ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը:
«Ընտրություններ եւ դեմոկրատիա» ՀԿ նախագահ Ռուզան Սեդրակյանի գնահատականով «ընտրություններն ընդհանուր առմամբ ընթացել են Ընտրական օրենսգրքին համապատասխան»: ԼՂ ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանը տեղեկացրեց, որ վերջնական արդյունքները կհրապարակվեն 6 օրից:
Մհեր Արշակյան
Ստեփանակերտ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել