Ընտրությունների ավարտից հետո
«Ընտրությունները չեն եղել ազատ արդար եւ թափանցիկ»,-այսօր Ստեփանակերտում ԼՂ ԿԸՀ մամուլի սրահում հայտարարեց «ՀՅ Դաշնակցություն-Շարժում-88» դաշինքի ներկայացուցիչ Գեղամ Բաղդասարյանը: Դաշինքի ցուցակով 4-րդ տեղում գտնվող պատգամավորության թեկնածուն վստահեցրեց, որ «ազատ եւ թափանցիկ են եղել անարդարությունները»:
Տեղեկացնենք, որ «ՀՅ Դաշնակցություն-Շարժում-88» դաշինքը ընտրություններին մասնակցած միակ քաղաքական ուժն է, որն ընտրությունները հայտարարեց ոչ ազատ եւ ոչ թափանցիկ:
Այսօր ԼՂ ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանը տեղեկացրեց, որ նախնական տվյալներով դաշինքը համամասնական ընտրակարգով գրավել է 3-րդ տեղը' ընտրողների 14 հազար քվեով, իսկ մեծամասնական ընտրակարգով պարտվել է բոլոր 22 ընտրատարածքներում: «Սոսկ այն հանգամանքը, որ ընտրություններում 3-րդ տեղը գրաված կուսակցությունը պարտվել է բոլոր մեծամասնական տեղերում, արդեն կասկածի տեղիք է տալիս»,-ասաց նա:
Դաշինքի ցուցակով առաջին տեղում գտնվող ԼՂ կրթության նախկին նախարար Արմեն Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե չե՞ն պատրաստվում բողոքարկել ընտրությունների արդյունքները: «Մեր նպատակն է գործել հանուն մեր պետության, որի տակ դաշինքի շահերն են»,-ասաց նա: Գեղամ Բաղդասարյանն էլ ավելացրեց. «Ցնցումների ճանապարհով չենք գնալու»: «Հնարավո՞ր է, որ նրանք հրաժարվեն իրենց ստացած մանդատներից (ԱԺ-ում համամասնական ընտրակարգով ձեռք բերած պատգամավորական 3 տեղից)» հարցին Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Ամեն ինչ հիմա քննարկում ենք»:
Եթե ընտրություններն ազատ, արդար եւ թափանցիկ չեն եղել, ինչու՞ դաշինքը ԿԸՀ-ին որեւէ բողոք չի հղել: «Մենք մանր-մունր հարցերով չենք դիմելու ԿԸՀ-ին»,-նշեց Արմեն Սարգսյանը:
Դաշինքի 2 ներկայացուցչին լրագրողները տեղեկացրին, որ բացառապես բոլոր դիտորդները (բացի չեխ Միլան Ստեֆանիցից) ընտրությունները գնահատել են առավելագույնս ժողովրդավարական։ Եթե այդպես է, ինչու՞ է դաշինքի գնահատականը տարբերվում դիտորդների գնահատականից: Արմեն Սարգսյանն ասաց, որ իրենք առաջիկայում կընդունեն հայտարարություն, որտեղ կլինեն բոլոր հարցերի պատասխանները, նաեւ բոլոր խախտումները, բայց հայտարարությունն, ըստ նրա' «ծառայելու է մեր երկրի կայունությանը»:
Մհեր Արշակյան
Ստեփանակերտ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել