HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիտորդներն արդեն «կեղծել» են ԼՂ ԱԺ ընտրությունները

Հայաստանցի դիտորդները չափազանց հանդուրժողաբար են տրամադրված ԼՂ ԱԺ ընտրություններում տեղի ունենալիք խախտումների նկատմամբ: Նրանց ԼՂ ԿԸՀ-ն հավատարմագրել է որպես միջազգային դիտորդներ: Ընտրություններին հավատարմագրվել են ինչպես Հայաստանի կուսակցությունները, այնպես էլ հասարակական կազմակերպությունները: «Մենք շատ բան չենք տեսնելու»,-տեղի ունենալիք խախտումների մասին ասում է Արտաշես Գեղամյանի կուսակցության' «Ազգային Միաբանության» ներկայացուցիչը: «Ես էլ չեմ տեսնելու»,-երեկ երեկոյան ԼՂ ԿԸՀ մամուլի ծառայությունում ասաց «Արդարություն» խմբակցության անդամ Արշակ Սադոյանը: Մեկ այլ դիտորդ անկեղծորեն ասաց, որ խախտումներ հայտնաբերելու դեպքում «ինչ-որ բան օբյեկտիվորեն պետք է գրել»: Վերջինս վստահեցնում էր, որ «կշռաքարին է դրած Ղարաբաղի իմիջը»: Մի քանի դիտորդներ համաձայն էին անկեղծանալ, սակայն իրենց անունները չհապարակելու պայմանով: Նրանցից մեկը' նախկին երաժիշտ, ասում է.«Ասենք թե կեղծեցին, ի՞նչ պիտի գրենք, որ կեղծեցի՞ն»: Այնուհետեւ ավելացրեց. «Բոլորս էլ պիտի գրենք,որ փոքրաթիվ խախտումներ են եղել»: Նախկին երաժիշտը վստահեցնում է, որ նախ եւ առաջ պետք է մտածել այն մասին, թե դրսի համար ի՞նչ հետեւանքներ կունենա կեղծիքների արձանագրումը: ՀՀ ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանն իր համար արդեն փաստել է, որ ԼՂ ԱԺ ընտրությունները «10 գլխով ավելի ժողովդավարական կլինեն, քան' Հայաստանում»: Մեկ այլ դիտորդ, այս դեպքում ՀՀ նախկին իշխանություններից, ասում է, որ «էս սաղ իմիտացիա ա»: «Հիմի Ղարաբաղը պետք է ռազմական դրության մեջ լիներ, քանի որ էդ դրությունը չկա, ընտրություններ են անում»,-ավելացրեց հհշականը: Նա վստահեցրեց, որ շատ լավ գիտի, որ Ղարաբաղում «Հայաստանից բեթար կեղծիքներ են լինելու»:

Կեղծիքների հանդեպ հաշտվողականության ուրվականը թափառում է նաեւ Արցախի ՀՅԴ ԿԿ կառույցում: ՀՅԴ Արցախի ԿԿ քարտուղար Ժիրայր Շահիրջանյանը նախընտրական քարոզարշավում արձանագրել է բազմաթիվ խախտումներ, բայց համոզված է, որ «հիմիկվանից ընտրությունների արդյունքները կասկածի տակ դնելը ճիշտ չէ»: Պարոն Շահիրջանյանն ասում է.«Եթե տեսնենք,որ իսկապես կեղծիքներ են եղել, իհարկե բողոքարկելու ենք»: Իսկ բողոքարկելու ժամանակ մտածելու՞ են Ղարաբաղի վարկանիշի մասին: «Եթե մեզանից պահանջվի,որ լռենք, այսինքն, գիտակցենք,որ դրանով խաթարվելու է Ղարաբաղի վարկանիշը, մենք լռելու ենք»,-ասաց Արցախի ՀՅԴ ԿԿ կառույցի քարտուղարը:

Ամերիկյան դիտորդներից մեկը, որն իր առաքելությունն է իրականացնում ոչ պաշտոնապես, տեղեկացրեց, որ խախտումների 90 տոկոսն արդեն կատարվել է: Նա վկայակոչեց այն փաստը, որ տեղամասային ընտրատարածքային հանձնաժողովներում ընդդիմությունը չունի նախագահ, տեղակալ եւ քարտուղար: Ամերիկյան մեկ այլ դիտորդ լսելով, որ դեմոկրատական ընտրությունների անհրաժեշտությունը եւ Ղարաբաղի վարկանիշը կշեռքի երկու տարբեր նժարներին է դրված, ասաց. «Եթե դու հիվանդ ես, պետք է դեղ խմես»:

Իրենց հերթին ամերիկյան դիտորդները շաբաթ օրը ուշադրություն հրավիրեցին մեկ այլ աղաղակող այնպիսի խախտման վրա, ինչպիսին ԼՂ նախագահ Արկադի Ղուկասյանի ուրբաթօրյա ուղերձն է, որտեղ Ղուկասյանը ընդդիմության ներկայացուցիչների ելույթը համարում է «խոսքի թեփուկ» եւ հույս հայտնում, որ ժողովուրդը կկարողանա «վերացական ժխտողականությունը տարբերել կառուցողական քննադատությունից»: Արկադի Ղուկասյանը նաեւ ավելացրել է.«Ի րավիճակի հետընտրական ապակայունացման ցանկացած փորձ, ում կողմից էլ որ այն ձեռնարկվի, կստանա արժանի գնահատական »: «ՀՅԴ-Շարժում-88» դաշինքի տղաները գիտեն, որ Ղուկասյանը իր կուսակցության' ԱԺԿ-ի եւ «Ազատ Հայրենիքի» տղաներին կամ ակտիվիստներին չի սպառնա: Ամերիկացի դիտորդները հայտարարում են, որ ԼՂ նախագահը ահաբեկել է ժողովրդին եւ փորձ արել նրան տրամադրել ընդդիմության դեմ: «Նման բան իրավունք չուներ անելու երկրի նախագահը»,-ասաց դիտորդներից մեկը, որը դիտորդական առաքելություններ է իրականացրել երրորդ աշխարհի, այս դեպքում' Լատինաամերիկյան երկրներում: Հայաստանցի դիտորդները առ այս պահը, այսինքն, ընտրությունների օրը ուշադրություն չէին դարձրել Ղուկասյանի այդ մտքերին:

Մհեր Արշակյան
Ստեփանակերտ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter