
Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի պաշտոնից
Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնից՝ երկրում Եվրամիությունից դուրս գալու պատճառով ստեղծված քաղաքական ճգնաժամի ֆոնին: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սա հուլիսի 9-ին արդեն երկրորդ հրաժարականն է Միացյալ Թագավորության կառավարությունում: Առավոտյան իր հրաժարականի մասին հայտարարել էր նաև «բրեքզիթ»-ի հարցերով նախարար Դևիդ Դևիսը:
Բորիս Ջոնսոնի հրաժարականի մասին հայտնի դարձավ վարչապետ Թերեզա Մեյի՝ խորհրդարանում ունեցած ելույթից կես ժամ առաջ: BBC-ն ընդգծում է, որ Ջոնսոնի հրաժարականը վարչապետի համար անհարմար և բարդ իրավիճակը վերածեց լայնամասշտաբ ճգնաժամի:
Խորհրդարանի ստորին պալատում ելույթի ժամանակ Թերեզա Մեյը նշել էր, որ կառավարությանն անհրաժեշտ է պատրաստվել «բրեքզիթ»-ի հնարավոր բոլոր սցենարներին, նույնիսկ «կոշտ» տարբերակներին:
Ջոնսոնը վերջին ժամանակներում հրապարակավ քննադատում էր Մեծ Բրիտանիայի կառավարությանը Եվրամիությունից դուրս գալու քաղաքականության հարցում: Մասնավորապես նա այլևս չէր հավատում, որ Միացյալ Թագավորությունը դուրս կգա ԵՄ-ից: Բորիս Ջոնսոնի հրաժարականի պատճառներից մեկն էլ, ըստ BBC-ի, կարող է լինել Պահպանողական կուսակցությունը գլխավորելու համար պայքարը:
Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը ղեկավարում էր 2016 թվականի հունիսից: BBC-ի աղբյուրների պնդմամբ՝ Թերեզա Մեյը, հնարավոր է, նոր հրաժարականներ է պատրաստում կառավարությունում:
Լուսանկարը՝ SIMON DAWSON / REUTERS
Մեկնաբանել