Հողի աճուրդ` տեխնիկական եւ բարոյական թերություններով
Լուսինե Բուդաղյան
«Տեխնիկական թերություն է»,-այսպես պատճառաբանեց Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետաշինության վարչության պետի տեղակալ Արսեն Լալայանցը: 2004 թվականի հուլիսի 31-ին «Հայաստանի Հանրապետություն» թերթում հողի վաճառքի մասին աճուրդի հայտարարությունում նշված Ավան համայնքի հողատարածքը իրականում գտնվում է Քանաքեռ-Զեյթուն համայնքում:
«Ավանի հողերի ցանկում ընդգրկելը պարզապես թյուրիմացություն է, այդտեղ ոչ մի միտում չի եղել, ընդամենը վրիպակ է: Շատ անգամ մեր աշխատակիցներն աճուրդի արդեն պատրաստ հայտարարության տեքստի վրա մեկ այլ աճուրդի տեքստ են պատրաստում եւ պատահում է, որ հասցեն սխալ է գնում»,-արդարացավ Ա. Լալայանցը: Հողի աճուրդի «տեխնիկական վրիպակով» այս հայտարարությունը թյուրիմացության մեջ է գցել Քանաքեռ-Զեյթուն համայնքի Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 151/ 4 շենքի բնակիչ Սուրեն Եղյանին եւ եւս չորս ընտանիքների, որոնք չեն ենթադրել, որ հայտարարությունն իրենց հողամասերին է առնչվում: Այս ընտանիքները մոտ մեկ տարի է պայքարում են Թբիլիսյան խճուղուն հարող տարածքում գտնվող իրենց խնամած արդեն 17 տարվա պտղատու այգիները փրկելու համար:
Բնակիչների ստեղծած այգիները քաղաքապետարանը աճուրդով վաճառել է «Տիգրան» ՍՊԸ-ին՝ ավտոտեխսպասարկման կետ կառուցելու նպատակով: Ս. Եղյանը ցավով է պատմում, թե տարիների ընթացքում ինչ դժվարություններով ու չարչարանքով են բուսականությունից զուրկ, ամայի ու քարքարոտ հողատարածքը մշակել, քարերից մաքրել, դույլերով ջուր կրել ու տոննաներով սեւ հող լցրել, պարարտացրել:«500-ից ավելի պտղատու ծառեր ենք տնկել ու տանջանքով խնամել: Այդքան տարիների չարչարանքից հետո մեր այգիները մեզանից խլում են՝ պատճառաբանելով, որ տարածքը վաճառված է: Մեր տների մոտ ոչ մի կանաչ գոտի, զբոսայգի կամ երեխաներին զբաղեցնելու տեղ չկա, միակ կանաչ գոտին մեր ուժերով հիմնած այգիներն են»,-պատմում է Ս. Եղյանը:
![]() |
![]() |
«Տիգրան» ՍՊԸ-ին մրցույթով հատկացվել է Եղյանների եւ հարեւան այգիների 3500քմ հողատարածքը: Նոր սեփականատերը պահանջում է տարածքն ազատել՝ այգու հին տերերին ասելով «տանիք» ունեցողների ավանդական արտահայտությունը. «Ուր ուզում եք, դիմեք»: Բնակիչների խոսքերով' բացի այն, որ աճուրդը կայացել է վրիպակով հայտարարության արդյունքում, եւ այգու տերերին նախապատվություն չի տրվել, այգին աճուրդի է հանվել որպես բանջարանոցային տարածք. «15-17 տարեկան մոտ 500 պտղատու ծառեր կան մեր այգիներում»,-բողոքում են այգիները ստեղծողները:
Մեր հարցին, թե աճուրդի հայտարարությունում այգու փոխարեն «բանջարանոց» բառը կիրառե՞լն էլ «տեխնիկական վրիպակ» է, Ա. Լալայանցը պատասխանեց. «Տնտեսական նպատակներով օգտագործվող ցանկացած ցանկապատված տարածք համարվում է բանջարանոցային, անկախ նրանից' այդտեղ պոմիդոր է աճում, թե' ծառեր: Գյուղատնտեսությունը քաղաքին հարիր չէ: Քաղաքը բանջարանոց կամ պտղատու այգիներ ստեղծելու համար չէ, այլ' քաղաքաշինության: Նշյալ տարածքը պետական սեփականություն հանդիսացող հողամաս է: Այն չեն կարող օգտագործել որպես այգի, այլ պետք է աճուրդի հանել միայն կառուցապատման նպատակով: Այս դեպքում նախապատվության իրավունքը չի գործում, քանի որ այդ տարածքը կառուցապատումից հետո նույն տեսքը չի ունենալու: Դա կնշանակի, որ այն արդեն ուրիշ տարածք է: Իսկ կառուցապատման նպատակով օգտագործելու համար մենք պարբերաբար աճուրդներ ենք հայտարարում: Իրենք բոլոր ՀՀ քաղաքացիների նման կարող են տեղեկանալ աճուրդի մասին, գալ ու մասնակցել. ոչ մի սահմանափակում չկա»: Ա. Լալայանցը չպարզաբանեց, թե բնակիչներն ինչպես պետք է ենթադրեն կամ գուշակեն, թե որ հասցեի աճուրդի մասին է հայտարարությունը, եթե դրանք տպագրվում են «տեխնիկական թերություններով»:
Այգու տերերը կարծում են, որ նշյալ հասցեի համար աճուրդ չի էլ կազմակերպվել, կամ եթե եղել է, «ձեւական բնույթ է կրել, քանի որ ի սկզբանե պարզ է եղել, թե ով է լինելու հողատարածքի սեփականատերը»: Բնակիչների տեղեկություններով' հողատարածքը գնել է Շենգավիթ համայնքի պատգամավոր, «Sweetland» ընկերության սեփականատեր Հարություն Կարագյոզյանը, որը հայտնի է «Կարամելի Հարութ» անունով:
Դեռ 2003-ին Սուրեն Եղյանը դիմել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետարան' իր կողմից օգտագործվող հողակտորը օրինականացնելու խնդրանքով: Թաղապետարանը չի առարկել եւ միջնորդագրով դիմել է քաղաքապետարան' հիմնավորելով, որ «մատնանշված հողատարածքը համապատասխանում է Հողային օրենսգրքի 72 հոդվածի 2-րդ կետի պահանջներին»:Այսինքն' քաղաքացին ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ օգտվել է հողից եւ ունի այդ հողից սեփականության իրավունքով հողամաս ձեռք բերելու նախապատվության իրավունք: Սակայն քաղաքապետարանը բնակչի դիմումին ընթացք չի տվել՝ նշելով, որ հարցին կանդրադառնան միայն նշյալ հողատարածքի կադաստրային քարտեզագրման աշխատանքներն ավարտելուց հետո: Եվ մինչ բնակիչները հողատարածքը սեփականաշնորհելու հույսով համբերատար սպասել են քարտեզագրմանը, հողի սեփականության վկայականը ձեռքին հայտնվել է տարածքի նոր սեփականատերը: Մոտ երկու ամիս առաջ էլ Ս. Եղյանը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային բաժնից փաստաթուղթ է ձեռք բերել այն մասին, որ «Թբիլիսյան խճուղուն հարող հողատարածքի քարտեզագրման աշխատանքներն իրականացվել եւ կադաստրային քարտեզագրումն ավարտվել է դեռեւս 2001 թվականին»:
Ստացվում է, որ քաղաքապետարանը խաբել է բնակիչներին եւ անհիմն պատճառաբանությամբ մերժել նրանց օրինական ճանապարհով ձեռք բերել հողատարածքը: Ս. Եղյանը վստահ է, որ քաղաքապետարանն իրենց գլխի տակ փափուկ բարձ է դրել, ու որ «քարտեզագրումն ընդամենը պատճառաբանություն է եղել, որպեսզի բնակիչները նախքան աճուրդը համապատասխան քայլեր չձեռնարկեն»: Փաստորեն քաղաքապետարանը բնակիչներին տված իր պատասխանում էլ է թերացել եւ չի նշել, որ նշյալ հողատարածքը պետական սեփականություն է, եւ որ քարտեզագրումն ավարտվելուց հետո տրվելու է միայն կառուցապատման նպատակով:
Նոր սեփականատերը տարածքն ազատելու ուղղությամբ արդեն գործնական քայլերի է դիմել՝ գիշերը հիմնահատակ քանդելով բնակիչներից մեկի հողամասում գտնվող կիսակառույց քարաշեն տնակն ու զուգարանը: Վեճը լուծելու համար բնակիչները դիմել են Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ պաշտպանելու իրենց ոտնահարված իրավունքը: Դատարանը վճիռ է կայացրել հօգուտ բնակիչների եւ քաղաքապետարանին պարտավորեցրել չեղյալ հայտարարել կայացած աճուրդն ու պայմանագիր կնքել բնակիչների հետ: Առաջին ատյանի դատարանի վճիռը քաղաքապետարանը բողոքարկել է Վերաքննիչ դատարան: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը «Տիգրան» ՍՊԸ-ի հողակտորի առքուվաճառքի պայմանագիրը ուժի մեջ է թողել՝ հիմնավորելով, որ Ս. Եղյանը հողամասը 10 տարուց ավելի օգտագործելու վերաբերյալ ներկայացրել է միայն հարեւանների հայտարարությունը, ինչը բավարար ապացույց չէ դատարանի համար: Այժմ վերաքննիչի վճիռը Ս. Եղյանը բողոքարկել է Վճռաբեկ դատարանում: 2005 թվականի մայիսի 27-ին Վճռաբեկ դատարանն էլ վճռեց հօգուտ Քաղաքապետարանի:
Օրերս բնակիչները, մի շարք հասարակական կազմակերպությունների հետ միասին, իրենց այգիներում բողոքի ակցիա էին իրականացնում. «Մեր երեխաների նման խնամել ու պահել ենք այդ ծառերը, հիմա մեր աչքի առաջ պետք է կտրե՞ն»,-նեղսրտում են բնակիչները:
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել