HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բուժում են բոլոր հիվանդությունները

Կարինե Իոնեսյան
Հայարփի Մախսուդյան

Երեւանի Ագաթանգեղոսի փողոց 7-րդ շենք, 2-րդ մուտք, 2-րդ հարկ բն. 31 հասցեում գտնվում է չինական բժշկության ճյուղ հանդիսացող «Լիկե» (LEAQUE) կազմակերպությունը, որը «Գինդ» շաբաթաթերթի օգնությամբ աշխատանքի է հրավիրում տարբեր մարդկանց: Դիմողները վճարում են 360 դոլար եւ սկսում են ցանցային մարկետինգի սկզբունքների համաձայն սպառել կազմակերպության չորս անուն դեղամիջոցները: Կազմակերպությունը Հայաստանում պաշտոնապես գրանցված չէ:

«Մեր պրոդուկտները զուտ բուսական ծագում ունեն, պատրաստված են տիբեթյան բարձրավանդակներում աճող կորդիցեպս սնկից եւ, ըստ էության, բարձր անտիբիոտիկներ են,-ասում է «Լիկե»-ի աշխատակից Արուսյակ Տոնականյանը,-դեղերը ոչ մի վնաս չեն հասցնում օրգանիզմին: Նրանց օգնությամբ մենք կարող ենք բուժել նույնիսկ քաղցկեղը առաջին եւ երկրորդ ստադիաներում եւ սպիդը»:

Հայ բժիշկները հիմնականում ծանոթ չեն այս դեղին. «Առաջին եւ երկրորդ ստադիաներում պրակտիկորեն անհնար է պարզել' կա՞ արդյոք ռակ, թե՞ ոչ: Չգիտեմ, թե ինչ կազմակերպություն է, բայց աշխարհում տարեկան միլիարդավոր փողեր են ծախսվում ռակը բուժելու միջոցներ հայտնաբերելու համար, ի՞նչ է, բոլորը խե՞նթ են աշխարհում, որ տեղյակ չեն այդ դեղի մասին»,-ասում է Երեւանի քաղաքային թիվ 3 հիվանդանոցի գլխավոր վիրաբույժ, պրոֆեսոր Պավել Անանիկյանը,-«չինական բժշկությունից ես միայն գիտեմ ասեղներով բուժումը, որը նրանք օգտագործել են 5000 տարի առաջ, երբ մարդիկ բժշկություն, ընդհանրապես ոչինչ չեն հասկացել: Սա նույնպես անօգուտ բուժում է, ամեն ինչ գալիս է ներշնչանքից. մարդիկ ներշնչում են, մի 2 շաբաթ իրենց լավ զգում, բայց հիվանդությունը կա եւ ավելի է զարգանում»:

Պ. Անանիկյանը գտնում է, որ նման կազմակերպությունները չափազանցում են ամեն ինչ եւ «այդպես ժուլիկություն անում»: «Լիկե»-ի գրասենյակում կային այցելու-հիվանդներ, ովքեր օգտվում են այս դեղամիջոցներից եւ դժգոհ չեն: Վիրաբույժ Պ. Անանիկյանը դա կրկին վերագրում է ներշնչմանը:

«Արմենիա» բժշկական կենտրոնի թերապեւտ Արթուր Խաչատրյանն ասում է.

«Նմանատիպ արդյունքների մենք կարող ենք հասնել դեղատներում մատչելի գնով վաճառվող դեղաբույսերի օգնությամբ»:

Երեւանի որոշ դեղատներ եւ հենց «Լիկե» կազմակերպության աշխատակիցները թեյի մեկ չափաբաժինը վաճառում են մեկ դոլարով, իսկ հեղուկ կամ պարկուճ (կապսուլաներով) դեղամիջոցների մեկ տուփի արժեքը սկսվում է 20 դոլարից:

Ուռուցքաբանության ինստիտուտի ռադիոգինեկոլոգիայի գլխավոր բժիշկ Արինա Խանգելդյանը նշում է, որ չինական բժշկությունը էապես տարբերվում է մեր բժշկությունից. «Նրանք մարդու օրգանիզմը 5 սիստեմաների են բաժանում. եթե այդ սիստեմաներից մեկն անառողջ է, անառողջ է ողջ օրգանիզմը, եւ այդ բուժումը տարվում է ողջ օրգանիզմի համար: Իսկ մենք բուժում ենք կոնկրետ հիվանդությունը, նրանց բույսերն էլ ( ոչ միայն կորդիցեպսը ) ես կոնկրետ օգտագործում եմ միայն հիվանդների դիմադրողականությունը բարձրացնելու համար քիմիաթերապիայից եւ ճառագայթներ տալուց հետո: Միայն կորդիցեպսով ոչ մի բուժում չի լինի, այն միայն օգնող թերապիա է եւ ուրիշ ոչինչ»:

«Գնացի այդ կազմակերպություն, ինձ ստուգեց բժիշկը ինչ-որ ձողիկով: Ասաց, որ իմ վիճակը ծանր է, եւ նշանակեց իրենց 4 տեսակի դեղամիջոցները»,-պատմում է Նատաշա Հարությունյանը: Իրականում Նատաշան առողջ է եւ կազմակերպություն էր այցելել հոդված պատրաստելու համար:

Քանի որ «Լիկե»-ի արտադրանքները սննդային հավելումներ լինելուց բացի «ուժեղ» հակաբիոտիկներ են, դիմեցինք ՀՀ Առողջապահության նախարարության լիցենզավորման բաժին, որտեղ հայտնեցին, որ այս կազմակերպությունը հակաբիոտիկ ներկրելու լիցենզիա չունի:

Երեւանի' մեր այցելած տարբեր դեղատներում (մոտ 30) ծանոթ էին «Լիկե»-ի դեղամիջոցներին: Պարզվում է, որ վերջինիս աշխատակիցները շրջում են դեղատներում՝ առաջարկելով իրենց արտադրանքը.

«Ինձ առաջարկեցին, բայց երբ ես պահանջեցի համապատասխան փաստաթղթեր, նրանք աացին, թե կբերեն. մինչեւ այսօր բերում են»,-ասաց դեղատներից մեկի վաճառողուհին: Դեղատների մեծ մասում «Լիկե»-ի դեղամիջոցները չկան, քանի որ սեփականատերերը «առանց լիցենզիայի ապրանք» չեն վերցնում: Մի քանի դեղատներում ասում էին. «Չունենք, բայց եթե ուզում եք, կբերենք», կամ էլ հեռախոսահամար եւ անուն-ազգանուն էին տալիս: Դեղատներից մեկում միայն մենք հանդիպեցինք «Լիկե»-ի արտադրանքին, որը բերեցին ոչ թե վաճառասեղանից, այլ դեղատան ետնամասից: Հայաստանում Չինաստանի դեսպանատանը նույնպես չգիտեն «Լիկե»-ի մասին: Նշենք, որ դեղատներում չինական արտադրանքից վաճառում են միայն ժենշենի արմատներ եւ մի քանի տեսակի թեյեր:

Ինչպե՞ս է այս արտադրանքը ներմուծվում Հայաստան: Արուսյակ Տոնականյանը նշեց, որ այն տարին մեկ անգամ պարտադիր ներմուծվում է, եւ իրենց աշխատողները պարտավոր են տարին մեկ վերցնել 360 ԱՄՆ դոլարի դեղ: Քանի որ «Լիկե»-ի դեղամիջոցները գրանցված չեն, հետեւաբար այն ներմուծվում է ստվերային ճանապարհով: Առողջապահության նախարարության մի աշխատակից հայտնեց, որ դրանք հիմնականում ներմուծվում են պայուսակներով եւ ոչ մեծ խմբաքանակներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter