«Արտակ Պողոսյանի նշանակումը Երևանի ոստիկանապետի պաշտոնում ապտակ է` ուղղված լրագրողական համայնքին»,- ասում է բռնության ենթարկված լրագրող Անի Գեւորգյանը
Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով այսօր Երևանի ոստիկանապետ է նշանակվել Արտակ Պողոսյանը: Վերջինս մամուլի ուշադրության կենտրոնում է եղել լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ բռնություն կիրառելու գործով: Վեճը հասել է նույնիսկ Եվրոպական դատարան: Լրագրողն ասում է, որ Պողոսյանին այս բարձր պաշտոնում նշանակելն ապտակ է՝ ուղղված լրագրողական համայնքին:
Հիշեցնենք, որ 2014թ. փետրվարի 12-ին Մաշտոցի պողոտայում ՀԱԿ ակտիվիստները մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկման ակցիա են իրականացրել: Իրազեկման աշխատանքներին խոչընդոտել էին երիտասարդ ՀՀԿ-ականները: Դեպքից հետո ոստիկանները ոչ թե խոընդոտողներին, այլ ակտիվիստներին բերման էին ենթարկել, իսկ լրագրողների ձեռքից վերցրել էին տեսախցիկները։ Բերման ենթարկվածների թվում են եղել «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանը և ilur.am կայքի օպերատոր Սարգիս Գևորգյանը: Ինչպես հայտարարել էր լրագրող Անի Գևորգյանը, ոստիկանության բաժնում ոստիկանության այն ժամանակվա Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանը ձեռքով հարվածել էր իր դեմքին:
Անի Գևորգյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) և 309-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հատկանիշներով:
Դեպքից ամիսներ անց ՀՔԾ-ն կարճել էր քրեական գործով վարույթը՝ «հանցագործության հատկանիշների բացակայության» հիմքով: Անին պատմել էր, որ քրեական գործը կարճել են այն պատճառաբանությամբ, թե իբր ոստիկաններն իր նկատմամբ բռնություն էին գործադրում իր իսկ անվտանգության համար:
Դեպքին հաջորդող օրերին ոստիկանությունում նշանակվել էր ծառայողական քննություն, սակայն քննությունը կասեցված էր, քանի որ ՀՔԾ-ում հարուցվել էր քրեական գործ: Դեպքից 1 տարի 5 ամիս անց քրեական գործը կարճելիս ոստիկանությունը համարել էր, որ խախտումներ չեն եղել:
Անցնլով ներպետական բոլոր ատյաններով` լրագրող Անի Գեւորգյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: ՄԻԵԴ-ում նրա ներկայացուցիչը Վահե Գրիգորյանն է: Անին մեզ հետ զրույցում ասաց, որ գործի ընթացքի վերաբերյալ ՄԻԵԴ-ից նորությունների են սպասում:
«Կարծում եմ, որ այս մարդու նշանակումը այսպիսի պաշտոնում անթույլատրելի է և պետք է դատապարտվի լրագրողական համայնքի ու խոսքի ազատության կողմնակիցների կողմից: Հայաստանում լրագրողի նկատմամբ տեղի ունեցած բռնության առաջին գործն է, որը հասել է Եվրոպական դատարան, ու Արտակ Պողոսյանն այս գործի հերոսն է: Տարիներ շարունակ մենք հետևողական ենք եղել, ամեն ինչ արել ենք, որ գործը, որը հայաստանյան բոլոր ներպետական դատական ատյաններում ամեն կերպ կոծկվեց, հասնի ՄԻԵԴ: Այժմ իր նշանակումն ապտակ է` ուղղված լրագրողական համայնքին»,-«Հետք»-ին ասաց Անի Գևորգյանը:
Լուսանկարը՝ Police.am-ի
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել