
Թրամփի հրամանագրով՝ ԱՄՆ-ում անօրինական միգրանտների երեխաներին այսուհետ չեն մեկուսացնի իրենց ծնողներից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին իր միգրացիոն քաղաքականությանն ուղղված սուր քննադատություններից հետո հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ սահմանային ռեժիմը խախտած անօրինական միգրանտների երեխաները չեն մեկուսացվի իրենց ծնողներից և կապվեն նրանց հետ միասին՝ հատուկ կալանավայրերում:
Հիշեցնենք, որ 4-10 տարեկան մոտ երկու հազար երեխաներ, որոնց ծնողները խախտել էին միգրացիոն օրենսդրությունը, առանձնացվել էին իրենց ծնողներից և պահվում էին հատուկ մեկուսարաններում: Հրապարակվեց նաև մի ձայնագրություն, որում լսելի էին մեկուսացված երեխաների լացի ձայները: Թրամփի խոսքով՝ ինքը որոշել է փոխել քաղաքականությունը լաց լինող երեխաների մասնակցությամբ կադրերը տեսնելուց հետո:
«Ինձ դուր չէր գալիս, թե ինչպիսի տեսք ունեին մասնատված ընտանիքները»,- Թրամփի խոսքերն է փոխանցում BBC-ի ռուսական ծառայությունը: ԱՄՆ 45-րդ նախագահը միևնույն ժամանակ ընդգծել է, որ իր աշխատակազմը շարունակելու է քրեական հետապնդում սկսել սահմանն անօրինական հատողների դեմ:
Հրամանագրում ասվում է, որ այսուհետ անօրինական միգրանտների կալանավորված ընտանիքները միասին կպահվեն, բացառությամբ այն դեպքերի, երբ դա վնաս կհասցնի երեխաներին: Ըստ հրամանագրի՝ անօրինական միգրանտների գործերը կքննվեն՝ առաջնահերթությունը տալով երեխա ունեցող ընտանիքներին: Սակայն հրամանագրում նշված չէ, թե երեխաները ինչքան ժամանակ կարող են պահվել կալանավայրերում իրենց ծնողների կամ ազգականների հետ:
ԱՄՆ-ի նոր միգրացիոն քաղաքականությունը ստացել է «զրոյական համբերատարության» քաղաքականություն անվանումը, որը քննադատվում է դեմոկրատների կողմից: Հանրապետականների մեծ մասը պաշտպանում է այս քաղաքականությունը: Սակայն. երբ հայտնի դարձավ, որ միգրանտների երեխաներին առանձնացնում են իրենց ծնողներից, սուր քննադատությունների ալիք սկսվեց բոլոր կողմերից:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը հայտարարել էր, որ այդ գործելաոճը կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխաների զարգացման վրա:
Լուսանկարը՝ AP-ի
Մեկնաբանել