
Ոստիկանությունը խուզարկել է Մանվել Գրիգորյանի աներորդու տունը և զինամթերք հայտնաբերել
Ոստիկանությունը այսօր հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ երեկ խուզարկություն է կատարել «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում և գրասենյակի ղեկավար Պետրոս Ա.-ի տանը: Ոստիկանության հաղորդած անձը Պետրոս Ամիրյանն է, Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի եղբայրը, ով բնակվում է Ավան վարչական շրջանում: Խուզարկության արդյունքում նրա տանն ու տարածքային բաժանմունքում հայտնաբերվել է զինամթերք:
Պատգամավորի աներորդին չի ձերբակալվել: ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ այս պահին գործով կալանավորված է Մանվել Գրիգորյանը և նրա մեկ այլ բարեկամ ձերբակալվել է, Պետրոս Ամիրյանի ձերբակալման մասին տեղեկատվություն չունեն:
Խուզարկության ընթացքում ոստիկանությունը «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում հայտնաբերել է տարբեր տրամաչափի 7 փամփուշտ, ինքնաձիգի օպտիկական սարք, զինվորական կիսաթև 65 շապիկ, զինվորական 5 սվիտեր և «TAMAR MENTHOL» գրառմամբ 500 տուփ ծխախոտ:
Բացի այդ, ոստիկանությունը Մանվել Գրիգորյանի աներորդու տանը հայտնաբերել է 9 մմ տրամաչափի, «Բայկալ» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփում 8 փամփուշտով, «Վեպր» որսորդական հրացան՝ օպտիկայով, 12 տրամաչափի «Սարսիլմազ» հրացան, 5.6 մմ տրամաչափի «ՏՕԶ 8» հրացան, «Կարաբին» 7.62 մմ տրամաչափի հրացան, հրացանի 3 խզակոթ, 1 հատ թուր՝ ընդհանուր 72 սմ երկարության, շեղբը 52 սմ երկարության և 3.7 սմ լայնության, 1 հատ սվին դանակ, օդաճնշիչ 3 հրացան, 5.6 մմ տրամաչափի 612 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ՝ 2 պահունակով, որսորդական տարբեր տրամաչափի 105 փամփուշտ, 1 պահունակ 8 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներով, սպայական 29 վերնաշապիկ, զինվորական 14 սվիտեր և ական որոնող 1 սարք:
լուսանկարը՝ Պետրոս Ամիրյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել