Երկրագործություն
Արեւոտ ու կիզիչ հետմիջօրեին Ստեփանակերտ քաղաքի կենտրոնում չսափրված ու բարկ հայացքով մի տղամարդ մոտեցավ մեքենայի մոտ կանգնած երկու տղամարդկանց, ապտակեց նրանցից մեկին եւ Արցախի բարբառով բարկության ջղաձիգ խոսքեր շփեց նրանց երեսին, փողոցին, շրջակա տների քարերին, ու մի քանի կաթիլ այդ բարկությունից ինձ վրա ընկավ:
Ես այդ պահին այդ քաղաքում թարգմանիչ էի: Ուղեկցում էի միջազգային Երփներանգ Խաչի առաքյալներին ու նրանց հետ պիտի ռազմագերիների ճամբար գնայի:
Անտանելի տոթ ու կիզիչ հետմիջօրեի մեջ իմ տեսածը չնչին էր' համեմատությամբ այն ամենի, ինչ տեսել էր այդ քաղաքը մի քանի տարի շարունակ:
Ու երբ Պոլ Համիլտոն անուն-ազգանունով ավագ առաքյալը առաքելախմբին ու ինձ հրահանգեց նստել մեքենան, ես հայհոյեցի ու թքեցի մեքենայի վրա, ես ասացի, որ ինձ պետք չէ իրենց վարձատրությունը' մի քանի կոպեկ կանաչ, ու հեռացա: Պոլ Համիլտոն ավագ առաքյալը վազեց իմ հետեւից' խնդրելով վերադառնալ, ասելով որ արարքս ազնիվ չէ, ասելով որ գործը մարդկային կյանքերի հետ է կապված, վերջում ասելով թե կվերանայի իմ վարձատրության հարցը: Վերջին խոսքի վրա ես քմծիծաղ տվեցի եւ կիզիչ ու տոթ հետմիջօրեի մեջ իմ քմծիծաղը նման էր ոչ հեռավոր անցյալում այս քաղաքի վրա թափվող արկերի բեկորներին:
Երբ հասանք ռազմագերիների ճամբարը, պարզվեց, որ ղեկավարությունը հրահանգել է հետաձգել միջազգային Երփներանգ Խաչի առաքյալների հանդիպումը ռազմագերիների հետ: Այդ Պոլ Համիլտոն ավագ առաքյալը մեքենայի մեջ տեղադրված հեռախոսով կապվեց Երեւան, Մոսկվա, Փարիզ, ժնեւ, Տոկիո ու էլի մի հազար տեղ: Հետո ասաց, որ իրեն հեռապատճեն է պետք: Ռազմագերիների ճամբարի պետն ինձ խնդրեց հասկացնել այդ մարդուն, որ ինքը գտնվում է ռազմագերիների ճամբարում եւ տեխնիկայի բարձրագույն տեսակն այստեղ AKC-74 ինքնաձիգ հրացանն է: Ես թարգմանեցի: Նստեցինք մեքենաներն ու վերադառնում էինք Ստեփանակերտ: Ճանապարհին Պոլ Համիլտոն ավագ առաքյալն ինձ բացատրում էր, թե ինչն է օգուտ եւ ինչն է վնաս: Ես չէի լսում նրան: Անձս ստորացնելու աստիճան ինձ տանջում էր մի հարց, թե ինչո՞ւ չսափրված, բարկ հայացքով տղամարդը մոտեցավ մեքենայի մոտ կանգնած երկու տղամարդկանց ու ապտակեց նրանցից մեկին: Ես մտածում էի, որ այդ երկուսից մեկը' ապտակ չստացածը, նույնպես մեղսակից էր ու դիտորդ լինելու համար գոհ մնաց ճակատագրից: Ես մտածում էի, որ այդ երկուսից մեկը' ապտակ ստացածը, ուժգին ռմբակոծությունների ժամանակ' մնալով քաղաքում, նկուղ-ապաստարանում սիրահետել էր ապտակողի կնոջը, երբ այդ պահին ապտակողը ճակատում էր: Կամ գուցե երկու տղամարդկանցից մեկը' ապտակ ստացածն, ամենեւին էլ չէր սիրահետել ապտակողի կնոջը նկուղ-ապաստարանում եւ ապտակողն ամենեւին էլ չէր եղել ճակատում: Ինչեւէ, հանգամանքներն էություն չեն, էությանը հասնելու համար պետք է պայծառատես լինել:
Ես վերացա այս մտքերից ու ինձ թվաց, թե տրամադրությունս փոխվել է: Պոլ Համիլտոն ավագ առաքյալին հարցրի' օղի կխմե՞ս, ու գրպանիցս հանեցի տափաշիշը: Նա էլ երեւի ինչ-որ մտքերի մեջ էր: Սթափվեց: Եւ դառնալով ինձ նյարդահար ասաց. «Ես արդեն հոգնել եմ, զզվել եմ այս արեւելյան երկրներից, լավագույն տարիներս աղբի մեջ անցան», ու քիչ էր մնում ի նշան բողոքի բացեր մեքենայի դուռն ու ընթացքում դուրս գար' դուռը ետ' երեսիս, շրխկացնելով:
Աչքերիցս մինչեւ շրթունքներ, շրթունքներիցս մինչեւ աչքեր սահող ու մագլցող հեգնանքը լարվածություն էր առաջացրել մանր-մունր առաքյալների մոտ: Եւ լարվածությունն այնքան տեւեց մինչեւ նրանցից մեկը կիսաձայն «Oh, my God» հառաչեց ու բոլորը կրկին լռեցին:
Աչքիս առաջ հառնեց երկու տղամարդկանցից մեկի' ապտակ ստացածի, անմեղսունակ դեմքը: Այդ դեմքին, այդ աչքերի մեջ Հիսուս Քրիստոսի բոլոր պատվիրաններն էին փորագրված եւ դրանց կողքին կար սյունակ, որում գծով կամ խաչով պիտի նշված լինեին կատարվածներն ու թերացածները: Այդ մարդու դեմքը շատ ծանոթ էր: Ես նրան տեսել էի իմ կարդացած բոլոր գրքերում, բայց այդ պահին հիշում էի մեկն, ուր հաստատապես նա կար: Դա դասագիրք էր, «Նոր պատմություն» դասագիրքն էր: Նա' ապտակ ստացած մեկն, անչափ նման էր ավստրիական գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի դիակին: Նման էր նաեւ ինչ-որ բանվորների, ինչ-որ գյուղացիների, ինչ-որ զինվորների, մինչեւիսկ ինչ-որ կանանց էր նման նա: Նա նման էր հրացանից արձակված գնդակի, որ սպանում է մարդուն կամ վիրավորում ու վրեժ է ծնում մարդու մերձավորների սրտում:
Այս միտքը մտածելուց հետո ես մտածեցի, որ նա' մեքենայի մոտ կանգնած մեկը' ապտակ ստացած մեկը չէ պարզապես: Ես մտածեցի, որ նա անուն ունի, որ նրա անունը Վրեժ է, որ նա Վրեժ անունով մարդն է, Ստեփանակերտի Վրեժը: Հետո փորձեցի որոշել ապտակողի անունը, որովհետեւ դա նույնպես կարեւոր էր, որովհետեւ ինքն էր ապտակողը ու անպայման պիտի անուն ունենար: Երեւակայությունս վրեժով էր կաղապարված, ու ուրիշ ոչ մի բառ կամ անուն չկար իմ մտքում: Ես ուզում էի ազատվել վրեժ-կաղապարից, բայց ազատագրման իմ ճիգերից կաղապարն առնում էր երեւակայության նոր թափ ու ես հասկանում էի, որ ապտակողն անպայման անվանված է եւ անպայման նրա անունը, նրա անունն անպայման նույնպես Վրեժ է: Երկրորդ տղամարդու' ապտակ չստացածի անունը չհասցրեցի որոշել. մեքենան արդեն կանգ էր առել վարչական շենքի մոտ:
Պոլ Համիլտոն ավագ առաքյալն արդեն ճարահատյալ ժպիտով ինձ առաջարկեց առաքելախմբին ուղեկցել Ղեկավարի մոտ:
Ղեկավարի քարտուղարուհին դժկամությամբ լսեց մեզ, դուրս եկավ ընդունարանից ու վերադարձավ մի տղամարդու հետ: Տղամարդը նույնպես դժկամությամբ լսեց, մտավ ղեկավարի առանձնասենյակը, դուրս եկավ ու հազիվ լսելի արհամարհալի հնչերանգով ասաց' սպասում է:
Ներս մտանք, նստեցինք: Ղեկավարն առանց դիվանագիտության սկսեց, սկսեց առանց նախաբանի:
- Նրանք կռվել են մեր դեմ...
Խոսակցությունը մոտ երկու ժամ տեւեց ու երկու ժամ տեւած խոսակցությունից ես միայն այս բառերն եմ հիշում: Մնացածն արձանագրել են Ղեկավարի եւ Պոլ Համիլտոն ավագ առաքյալի օգնականները: Էլ ոչինչ չեմ հիշում: Ամեն բառ ու նախադասություն թարգմանում էի մեքենայի պես: Ես ներկա չէի այդ զրույցին, ես դուրս էի եկել առանձնասենյակից, թաքնվել վարչական շենքի զուգարանում, հետո տեղս փոխելª գնացել էի դեպի ետնաբակում կանգնած բեռնատարները, հետո այնտեղից տեղափոխվել էի դիմացի տան նկուղն ու այնտեղ էի թաքնվել... որովհետեւ այդ զրույցի ամբողջ երկու ժամվա ընթացքում ինձ հետապնդում էր մարդ լինելու ցանկությունը:
Միայն հասկացա, որ վերջում ռազմագերիներին տեսակցելու համաձայնություն եղավ, եւ Պոլ Համիլտոն ավագ առաքյալն ուսս գրկելով ընկերաբար ասաց. «Երբ առաջին աշխարհամարտում մարդիկ էին մեռնում, մենք դիակներ հավաքելով ու թաղելով էինք զբաղված, իսկ հիմա տեսնո՞ւմ ես, ինչ առաջընթաց»:
Ես քմծիծաղեցի, հետո ծիծաղեցի, եւ տեսնելով Պոլ Համիլտոն ավագ առաքյալի զարմացած աչքերը, ծիծաղեցի ի սրտե:
Իմ ու ավագ առաքյալի հարաբերությունները չլավացած փչացան: Նստեցինք մեքենան եւ կրկին ուղեւորվեցինք դեպի ռազմագերիների ճամբարներ: Հանեցի տափաշիշն ու սկսեցի օղի խմել: Դա հաստատ դուր չեկավ Պոլ Համիլտոնին եւ ավագ առաքյալը սպառնաց կրճատել վարձավճարը, եթե ռազմագերիների հետ հանդիպելիս ես խմած լինեմ: Մի կում էլ խմեցի ու սպիրտ արտաշնչելով ռուսերեն լեզվով հայհոյեցի նրան: Պոլ Համիլտոն ավագ առաքյալը չհասկացավ ասածս եւ դրանից ցնցակաթվածահար սկսեց գոռգոռալ անհոդաբաշխ բառեր, պահանջեց մեքենան կանգնեցնել, պահանջեց դուրս գալ մեքենայից:
-Դուրս կգամ,-հանգիստ տոնով ասացի ես,-բայց խնդրում եմ պատասխանել մի հարցի, եթե, իհարկե, Սուրբ Գիրք եւ Շեքսպիր կարդացել եք: Ուրեմն այսպես, ինչո՞ւ Աստված Հոբին զրկեց ամեն ինչից եւ ինչո՞ւ Համլետի մայրն ամուսնացավ եղբայրասպանի հետ:
Նրա եւրոպական պրագմատիզմից ավելին չէր կարելի սպասել: Միանգամից գոռաց' բայց դու երկու հարց տվեցիր: Ես ծիծաղեցի եւ ասացի, որ ինքը ապուշ է: Նա արդեն հանդարտված մրմռաց' հա, ապուշ եմ, ապուշ, որ քեզ պես անասունի վարձեցի:
Հասանք ռազմագերիների ճամբար: Ճամբարի պետն այս անգամ բարեհամբույր էր, ներս թողեց, բայց ականջիս կամաց ասաց. «Տես, ինչ եմ արել«: Դարպասներից ներս մտանք, հասանք բարաքներին եւ առաջին բարաքի դուռը բացելուն պես մեր առաջ հայտնվեց մի ռազմագերի, որ ղազախ վարձկան էր: Նա ջութակ էր նվագում: Պոլ Համիլտոն ավագ առաքյալն ու մանր-մունր առաքյալներն ապշած էին, ու մինչ լուսանկարում էին ռազմագերուն, ճամբարի պետն ինքնագոհ ականջիս ասաց. «Վերջին մեկ ամսում սովորեց»: Պոլ Համիլտոն ավագ առաքյալը հարցրեց նրան. «Ինչպե՞ս ես ապրում»: Ռազմագերին ուրախ-զվարթ գոչեց' սլուժու սավետսկըմու սայուզու, եւ շալվարն իջեցնելով ցույց տվեց միանգամայն ճերմակ ու մաքուր վարտիքը: Ավագ առաքյալը հայացքով փնտրեց ճամբարի պետին ու հարցական նայեց նրան:
- Եթե փոխանակման տարբերակ չլինի, մինչեւ նոյեմբեր կգնդակահարենք,-ասաց ճամբարի պետը:
-Իսկ միգուցե ներե±ք,-մեջ ընկավ մանր-մունր առաքյալներից մեկը: Ճամբարի պետը ոչինչ չպատասխանեց: Նրանք համառորեն ցանկացան իմանալ իրենց հարցի պատասխանը:
- Սա փոքր մարդ է, նրանից ոչինչ կախված չէ,-միջամտեցի ես:
Հետո առաքյալները եղան մյուս բարաքներում, հանդիպեցին ուրիշ ռազմագերիների, տվեցին հարցեր, ստացան պատասխաններ, լուսանկարեցին ու գրի առան ու ճամփա ընկան դեպի Ստեփանակերտ:
Երբ հասանք, նա ինձ հարցրեց' որքա՞ն է քո այսօրվա վարձը ու չսպասելով պատասխանի պարզեց քսան դոլարանոցը:
- Իսկ վաղը,-ասաց նա հրաժեշտի փոխարեն,-մենք կտեսնենք, թե ինչպես են ապրում զինվորները դիրքերում:
Ես քայլեցի քաղաքում: Քայլերս ինձ տարան դեպի այն փողոցի այն կետը, որտեղ Վրեժն ապտակել էր Վրեժին ու Վրեժը լռել էր: Հասնելով այդ կետին, ես ոչինչ չտեսա: Սովորական երեկո էր, մեքենաների ու մարդկանց սովորական անցուդարձ: Ոչ մի արտասովոր բան չպետք է տեսնեի, միայն թե ինձ, չգիտեմ ինչու, թվում էր, թե Վրեժն ու Վրեժը հիմա այստեղ նստած լալիս են, հող են ուտում ու մոխիր լցնում գլխներին, փորձում ազատվել մարմինն աղճատող վերքերից:
Մյուս առավոտ Պոլ Համիլտոն ավագ առաքյալն առանց ինձ գնաց դիրքեր' զինվորներին հանդիպելու: Դա նշանակեց, որ ես ազատվել եմ աշխատանքից ու կարող եմ Երեւան վերադառնալ:
Ավտոբուսը դանդաղ հաղթահարում էր ճանապարհը: Միապաղաղ ճոճքն ու ցնցումները խլում էին իմ արթնությունը' դրա դիմաց տալով խառնիխուռն երազներ, որ երազ էլ չէին, այլ անցած մի քանի օրերի վերապրուկներ: Վերջնականորեն հաղթահարելով քունը, սկսեցի մտածել, որ անհաջող մասնագիտություն եմ ընտրել, որ ամբողջ կյանքում ինչ-որ արել եմ, ինչ գործ որ ունեցել եմ' լրագրող, լուսանկարիչ, խորհրդատու, խմբագիր, միեւնույնն է թարգմանիչ եմ եղել, ու բառից բառ, իմաստից իմաստ պատճենելով կորցրել եմ ամենակարեւորը, եւ այդ կորուստն անձնական է եղել. կորցրել եմ իրականության մարդկային նրբաշերտ թաղանթը, վայրի էներգիան դրել եմ վայրի էներգիայի առաջ, Պոլ Համիլտոնի առաքելական տափակությունը տվել եմ ղազախ վարձկանին ու ղազախ վարձկանի թշվառությունը դարձրել Պոլ Համիլտոնի ու մանր-մունր առաքյալների տետրակների սղագրությունը:
- Նրանք կռվել են մեր դեմ,-ասում է Ղեկավարը, ու Ղեկավարը մտքում մի բան ունի, նա գիտի ավելին, նա տեսել է կյանքի գերխիտ թանձրուկը, ըմպել դրա ժլատ կենսահյութը:
Չսափրված, բարկ հայացքով տղամարդը ապտակում է երկու տղամարդկանցից մեկին, ու նա մտքում մի բան ունի, նա գիտի ավելին, նա տեսել է կյանքի գերխիտ թանձրուկը, ըմպել դրա ժլատ կենսահյութը:
Սա է երկրագործությունը, ու Պոլ Համիլտոն ավագ առաքյալն այս երկրագործությունից ոչինչ չի հասկանում, հաստատ ոչինչ չի հասկանում:
Հիմա գիտեմ, այդ Պոլ Համիլտոն ավագ առաքյալն իր տետրակում արագ-արագ գրառումներ է անում. «Դիրքերում նստած զինվորների գլուխները ոջլոտ են, ուտելիքը քիչ է, խմիչքը' շատ, խմիչքի վրա նայող չկա, լքված դաշտերում թմրախոտ է աճում, դիրքերում նստած զինվորները թմրախոտ են ծխում ու ծիծաղում են ու ծիծաղում են ու ծիծաղում...» Գրի է առնում այն ամենը, ինչ տեսնում է, ինչը համապատասխանում է իր ուղեղում կոդավորված հանձնարարականին: Նա մենակ մարդ չէ, որ մարդկային գործերը գնահատելու անձնական չափանիշ ունենա, նա հաշվետու է մի ուրիշի առաջ, մի ուրիշը' մի ուրիշի, այս մի ուրիշն էլ' մի ուրիշի, եւ այս շրջանակն այնքան լայն է, որ Պոլ Համիլտոն ավագ առաքյալը շատ արագ մոռացվում է:
Ռազմագերիների ճամբարից վերադառնալիս, ճանապարհին զինվորական հագուստով միոտանի տղամարդ հանդիպեց, որ ձեռքով նշան անելով հասկացնում էր, թե ուզում է Ստեփանակերտ հասնել: Մանր-մունր առաքյալներից մեկը դիմելով ավագ առաքյալին հարցրեց' չվերցնե՞նք: Ավագ առաքյալը համեմատաբար երիտասարդ ու երեւի բավականին անփորձ առաքյալին բացատրեց, որ իրենք իրավունք չունեն ճանապարհից զինվոր վերցնելու:
-Բայց նա արդեն զինվոր չէ, նա ինչ զինվոր,-փորձեց առարկել մանր-մունր առաքյալներից այդ մեկը: Պոլ Համիլտոն ավագ առաքյալը սուր հայացքով չափեց նրան: Զինվորական հագուստով միոտանի տղամարդն արդեն մնացել էր հեռվում:
-Չի կարելի, ուրեմն չի կարելի,-նշանակում էր այդ հայացքը: Բայց ինչու միայն հայացքով չափեց, կարող էր ապտակել մանր-մունր առաքյալներից այդ մեկին, ինչպես չսափրված ու բարկ հայացքով տղամարդն ապտակեց երկու տղամարդկանցից մեկին: Բայց Պոլ Համիլտոնն անհամեմատ քաղաքակիրթ է եւ անհամեմատ նրբանկատ եւ այս ամենին էլ գումարած' ինչպիսի առաքելություն ունի:
Մի քանի օր անց, երբ արդեն Երեւանում էի, զանգահարեց Պոլ Համիլտոն ավագ առաքյալը: Մտածեցի, ուզում է նորից աշխատանք առաջարկել եւ' մտմտալով մերժում-պատասխանս, մոտեցա հեռախոսին:
- Լսիր,- ասաց,- ես երկար մտածեցի, Աստված զրկեց Հոբին,-լռեց մի վայրկյան,- Աստված զրկեց Հոբին, որովհետեւ...,-նորից լռեցª այս անգամ մի քիչ երկար: Ու լռության ընթացքում հավաքելով միտքն ասաց. «Աստված զրկեց Հոբին, բայց դուք... »: Նա ահավոր հոգնած ձայն ուներ կամ խմած էր մի քիչ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել