
Ռուսաստանում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կոչ է արել ռուսներին դուրս գալ փողոց և պայքարել կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ:
«Սա համազգային և համաժողովրդական ակցիա է: Մենք կոչ ենք անում բոլորին մասնակցել կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ ակցիաներին՝ անկախ քաղաքական հայացքներից և նախասիրություններից: Փողոց դու՛րս եկեք հիմա, այլապես դուք չեք ապրի մինչև կենսաթոշակային տարիքը»,- գրել է ընդդիմադիր գործիչը իր «Ինստագրամ»-ում:
Հունիսի 14-ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ կառավարությունն առաջարկում է բարձրացնել կենսաթոշակային տարիքի շեմը՝ կանանց համար 55-ից դարձնել 63, իսկ տղամարդկանց համար՝ 60-ից 65: Հենց այդ նույն օրը Նավալնին ազատվեց 30-օրյա կալանքից, որը նա ստացել էր մայիսի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնավարման 4-րդ ժամկետի դեմ բողոքի ցույցեր կազմակերպելու համար:
Կոռուցպիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավարը իր այսօրվա հայտարարությունում նշել է, որ իրենց շտաբները արդեն իսկ 20 քաղաքներում հուլիսի 1-ին բողոքի ակցիա անցկացնելու հայտ են ներկայացրել: Նավալնին միևնույն ժամանակ ընդգծել է, որ հայտերը ներկայացվել են այն քաղաքներում, որտեղ չեն անցկացվում ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները:
«Պուտինի և Մեդվեդևի նախաձեռնած կենսաթոշակային տարիքի բարձրացումը ամենաիսկական հանցագործությունն է: «Ժամկետանց բարեփոխումների» տեսքով տասնյակ միլիոնավոր մարդկանց հասարակ կողոպուտ»,- նշել է Նավալնին:
Հունիսի 16-ին ՌԴ կառավարությունը Պետդումայում ներկայացրեց կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքի նախագիծը, համաձայն որի՝ կենսաթոշակային տարիքը կբարձրանա աստիճանաբար՝ սկսած 2019 թվականից: Կանանց համար այն կձգվի մինչև 2034, իսկ տղամարդկանց համար 2028 թվականը:
Կենսաթոշակային տարիքի բարձրացման հիմնական պատճառը ՌԴ կառավարությունը նշում է բնակչության ծերացումը և կենսաթոշակային համակարգում ավելացող անհավասարակշռությունը: Պետդումայում օրենքի նախագծի առաջին ընթերցումը նախատեսվում է հուլիսին, իսկ երկրորդը՝ աշնանը:
Լուսանկարը՝ Kirill Kudryavtsev/AFP/Getty Images
Մեկնաբանել