
Նախարարի որոշմամբ փոխվել է հանրապետության գլխավոր արյունաբանը
Հայաստանի գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանին փոխարինել է Սամվել Դանիելյանը: Այս լուրը քիչ առաջ մեզ հետ հեռախոսազրույցում հաստատեց առողջապահության նախարարի մամլո խոսնակ Լիանա Եղիազարյանը՝ նշելով, որ դա պաշտոն չէ, պարզապես մասնագետն է փոխվել:
Ըստ խոսնակի՝ Սմբատ Դաղբաշյանը շարունակում է ղեկավարել պրոֆեսոր Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը: Իսկ թե ինչն է գլխավոր արյունաբանի փոփոխության պատճառը, Եղիազարյանը պատասխանեց, որ այլ մանրամասներ չի կարող ավելացնել, դա նախարարի որոշումն է եղել: «Սա կարելի է դիտարկել սովորական ընթացակարգային որոշում»,- հավելեց Լիանա Եղիազարյանը:
Հիշեցնենք, որ Սմբատ Դաղբաշյանը առողջապահության նախարարության գլխավոր արյունաբանն էր 2003 թվականից: 2004-ից Եվրախորհրդի արյան փոխներարկման կոմիտեի փորձագետ է: Իսկ Արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնում է 2001-ից:
Սամվել Դանիելյանն ուռուցքաբան-արյունաբան է: 2007-2016 թթ. ղեկավարել է Մուրացանի համալսարանական հիվանդանոցի քիմիաթերապիայի կլինիկան, արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախագահն է: Դանիելյանը 1995-2007 թթ. աշխատել է Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար:
Ս. Դանիելյանը Գերմանիայի Մանկական արյունաբանության և ուռուցքաբանության միության, Եվրոպայի Լեյկեմիաների միության, Միելոդիսպլաստիկ սինդրոմների հիմնադրամի լիիրավ անդամ է, Մանկական ուռուցքաբանության Արևելյան և Միջերկրածովյան խմբի տնօրենների խորհրդի անդամ, «Նվիրի կյանք» և «Սիթի օֆ սմայլ» բարեգործական հիմնադրամների փորձագետների խորհրդի անդամ: 2005-ին Հայաստանում մանկական լեյկեմիաների բուժման կազմակերպման և զարգացման համար պարգևատրվել է «Կոչում» մրցանակով, 2013-ին Հայաստանում մանկական քաղցկեղի բուժման զարգացման համար «Լավագույն բժիշկ» համազգային մրցանակաբաշխության կողմից ստացել է «Հուսո աստղ» մրցանակ, 2016 -ին պարգևատրվել է Հաննս Ֆունկի անվան մրցանակով:
Լուսանկարում՝ Ս. Դանիելյանը
Մեկնաբանել