
Սամվել Բաբայանն ու Իգլայի գործով մյուսներն ազատ կարձակվեն
Վճռաբեկ դատարանը բեկանեց նրանց գործով վճիռը
Վճռաբեկ դատարանը բեկանեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի վերաբերյալ վճիռն ու գործն ուղարկեց առաջին ատյան՝ նոր քննության: Դատարանը որոշեց Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Արմեն Պողոսյանին ազատել գրավի դիմաց:
Նշենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելուն:
Սանասար Գաբրիելյանը ու Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ապօրինի կերպով ձեռք բերելու, փոխադրելու և պահելու մեջ:
Առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին, Սանասար Գաբրիելյանին ու Արմեն Պողոսյանին իրենց վերագրվող արարքներում մեղավոր էր ճանաչել: Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատավճիռը, որից հետո Վերաքննիչ դատարանի դատական ակտը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան:
Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի ազատության համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել Ազգային ժողովի «Ծառուկյան» դաշինքի 13 և «Ելք» դաշինքի 2 պատգամավոր։ Պատգամավորներից երկուսը՝ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանն, այսօր դատարան էին եկել:
Նշենք նաև, որ բողոքի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս մեղադրող դատախազ Արամ Արամյանն ասաց, որ գործով առաջին և երկրորդ ատյանների կողմից կայացված դատական ակտերն, իր համոզմամբ, բեկանման ենթակա չեն ու պնդեց մինչ այս իր ներկայացրած հիմնավորումները:
Սամվել Բաբայանի ու Գաբրիելյանի կողմնակիցներն այս պահին դատարանի դիմաց են. վերջիններս նիստի ամբողջ ընթացքում բողոքի ակցիա էին իրականացնում ու պահանջում նրանց ազատ արձակել:
Նշենք, որ ամբաստանյալներն այս պահին դատարանում չեն. Սանասար Գաբրիելյանի ու Սամվել Բաբայանի անձնական երաշխավորության գումարը, ինչպես նաև Արմեն Պողոսյանի գրավի գումարը դատարանի դեպոզիտ հաշվին վճարելուց հետո միայն նրանք ազատ կարձակվեն Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, որտեղ պահվում են:
Մեկնաբանել