
ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Սեդրակ Նազարյանն ազատվեց կալանքից
«Սասնա ծռերի» անդամ Սեդրակ Նազարյանը քիչ առաջ պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց: Ավելի վաղ գրել էինք որ Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը Նազարյանի ազատության համար երաշխավորություն են ներկայացրել, և պատգամավորները սահմանված կարգով պետք է ներկայանային դատարան: Սակայն, քիչ անց պարզվեց, որ Միքայել Մելքումյանը ծանրաբեռնվածության պատճառով ներկայանալ չի կարող: Նրա փոխարեն դատարան էր եկել պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Վերջինս և Նաիրա Զոհրաբյանը սահմանված կարգով զգուշացվեցին երաշխավորության վերաբերյալ պատասխանատվության մասին: Մինչ դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեցին դատավարության մասնակիցները:
Միջնորդության դեմ մեղադրող կողմը չառարկեց: Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց ՊՊԾ գնդում հրազենային վնասվածք ստացած, ապա հիվանդանոցում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի կինը՝ Հասմիկ Ոսկանյանը:
«Համ հիվանդին են բաց թողնում, համ էլ այն մարդուն, ով առողջական խնդիր չունի: Եթե առողջական խնդիրներ ունեցողներից որևէ մեկը կարծում է, որ իր տեղն ավելի վատ է, քան իմ ամուսնունը, թող կանգնի ու ասի: Ես ինքս համաձայն չեմ: Ես այսօր մասնակցում եմ այս դատին իմ կարծիքն արտահայտելու համար: Եթե, իրենց ասելով, սխրանք, հերոսություն են արել, թող բարի լինեն գաղութում նստած սպասել, մինչև դատավճիռը: Կատարել են հանցագործություն, թող բարի լինեն, սպասեն. եթե դատարանը կորոշի ազատ թողնել, թող պարզ ճակատով դուրս գան, եթե ոչ, ապա թող նստեն: Մենք էլ ենք ընտանիք, իմ էրեխեքն էլ են մեղք: Սա արդար չէ. մարդկանց սպանեն, հետո ժողովրդի հետևը թաքնվելով' ասեն....Հա հիվանդի դեպքում համաձայն եմ՝ բաց թողնեն, թող գնա, բուժվի: Ես այդքան էլ վատ մարդ չեմ: Ես այս տղայի դեպքում բան չունեմ ասելու»,- դիրքորոշում հայտնելիս ասաց Հասմիկ Ոսկանյանը:
Մեկնաբանել