Քննչական կոմիտեն երեկ տեղեկացրել էր, որ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Ոսկու աշխարհ» տոնավաճառում հունիսի 2-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ։
Ըստ կոմիտեի հաղորդագրության՝ հունիսի 2-ին՝ ժամը 22-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջակողմյան հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 1983թ. ծնված Արմեն Ավդալյանը։ Վերջինս հայտարարել է, որ վնասվածքն ստացել է Մովսես Խորենացի փողոցի թիվ 24 հասցեում գործող «Ոսկու աշխարհ» տոնավաճառում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում: Նույն օրը՝ ժամը 22.05-ի սահմաններում, Երևանի «Շտապբուժօգնություն» ՊՓԲ ընկերության ենթակայանից հաղորդում է ստացվել առ այն, որ կանչով Մ. Խորենացի 24 հասցե մեկնած թիվ 01 բրիգադան «Ոսկու աշխարհ» տոնավաճառում հայտնաբերել է Երևան քաղաքի բնակիչ, 1979թ. ծնված Արամ Ասատրյանի դիակը՝ կտրած-ծակած վնասվածքով:
Կոմիտեի նախնական տվյալներով՝ 2018թ. հունիսի 02-ին՝ ժամը 21-ի սահմաններում, «Ոսկու աշխարհ» տոնավաճառի 6-րդ հարկում վիճաբանություն է առաջացել տոնավաճառի անվտանգության աշխատակիցների և նույն տոնավաճառում ոսկյա իրերի արտադրությամբ զբաղվող Գ. Ղահրամանյանի ու նրա ընկերների միջև, որի ընթացքում վիճաբանության մասնակիցներից մեկը դանակով հարվածներ է հասցրել տոնավաճառի անվտանգության աշխատակիցներ Ա. Ավդալյանին և Ա. Ասատրյանին։ Ստացած մարմնական վնասվածքների հետևանքով Ա. Ասատրյանը տեղում մահացել է, իսկ Ա. Ավդալյանը` տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն։
Այսօր ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որում նշվում է սպանության գործով կասկածյալի անունը։ Ոստիկանությունը ձերբակալել է ծեծկռտուքին մասնակից Արտակ Աղամալյանին, ով կասկածվում է անվտանգության երկու աշխատակիցներին դանակահարելու մեջ։
Մեկնաբանել