Եվրոինտեգրում. հեռավոր, բայց իրական հեռանկար
Թողրուլ Ջուվարլի, Ադրբեջան փորձագետ
Եվրախորհրդարանի, ԵԱՀԿ-ի անդամությունը, մասնակցությունը ՆԱՏՕ-ի նախաձեռնություններին, «Ընդլայնված Եվրոպա, նոր հարեւաններ» ծրագրին միանալը ադրբեջանական հասարակության մեջ ստեղծում են այն զգացողությունը, որ եվրոպական կառույցներին ինտեգրումը հեռավոր, բայց իրական հեռանկար է: Այդ զգացողությունն ուժեղանում է նաեւ այն հանգամանքով, որ Ադրբեջանն ստորագրել է եվոպական համաձայնությունների մեծ մասը` դրանով իսկ ընդունելով խաղի եվրոպական կանոնները:
2000թ. սկզբից ԶԼՄ-ում ժամանակ առ ժամանակ հայտնվում են հերթական հաղորդումները Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման մասին, որոնք այնուհետեւ շատ հաճախ հերքվում են ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց կողմից: Սակայն այդ թեման շարունակում է մնալ հրատապ:
Իսկ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան գեներալները մշտապես ընդգծում են այս տարածաշրջանի կարեւորությունը աշխարհաքաղաքական տեսանկյունից: Ճիշտ է, Ադրբեջանը չէ, որ թելադրում է այս խաղի կանոնները: Նա հնարավորություն ունի միայն ապացուցելու իր նվիրվածությունն այդ կանոններին:
Ադրբեջանում շարունակ խոսվում է ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության նկատմամբ նվիրվածության մասին, եւ, փաստորեն, այդ թեման չունի ընդդիմախոսներ: Միայն շատ թե քիչ ռուսամետ տրամադրություն ունեցող քաղաքական գործիչներն են ձգտում, ելնելով իրենց ընդհանուր կողմնորոշումից, զետեղել այդ խնդիրը Ռուսաստան-Եվրամիություն, Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների համատեքստում: Նույնիկ առայժմ երկրում էական քաղաքական կշիռ չունեցող իսլամամետ ուժերն են ձեռնպահ մնում այդ գործընթացին բացասական գնահատականներ տալուց:
Բայց ամեն ինչ այդքան պարզ չէ, ինչպես կարող է թվալ: Այն բանից հետո, երբ հարավկովկասյան բոլոր երկրները Եվրահանձնաժողովի անդամ դարձան եւ եվրոպական կառույցների ներկայացուցիչներն սկսեցին այցելել տարածաշրջան, սկսվեց առաջին հիասթափությունների ժամանակաշրջանը, համենայն դեպս` Ադրբեջանում:
Հասարակությունը եւ իշխանությունն արագ համոզվեցին, որ եվրոպական կառույցները չունեն բավարար «հարվածային» ուժ, որպեսզի ազդեն տարածաշջանային հակամարտությունների լուծման կամ երկրների քաղաքական գործընթացների վրա:
Այո, իշխանությունների համար ի հայտ եկան որոշակի տակտիկական անհարմարություններ, որոնք առնչվում են Եվրոպայի կողմից մարդու իրավունքների, քաղբանտարկյալների կամ ընտրական գործընթացների կապակցությամբ կիրառվող ճնշումներին Բայց չէ՞ որ կարելի է եվրոպական ընտանիքում լինել «վատ սովորող», եւ այդ ժամանակ քեզ շատ պահանջներ չեն ներկայացվի: Կարեւորն այն է, որ քեզ դուրս չթողնեն քաղաքական վարքի եվրոպական դպրոցից` Եվրահանձնաժողովից: Իշխանությունները ստիպված էին անընդհատ պաշտպանվել, բայց հարաբերությունների մեջ հնարավոր եղավ պահպանել ստատուս քվոն, քանի որ խաղասեղանին դրված էին նաեւ այլ բաներ. նավթ, տրանզիտային ուղիներ եւ, որպես այս ամենի երաշխավորը, երկրի կայունությունը:
Այս ֆոնին` ոչ մի զարմանալի բան չկա, որ Եվրոպայի Խորհրդարանական Վեհաժողովը աստիճանաբար վերածվեց մի ասպարեզի, որտեղ Հայաստանը եւ Ադրբեջանը փորձում են դիվանագիտական եւ բարոյական գերազանցության հասնել եվրոպական հանրության աչքում: Անցած տարում Ադրբեջանը նույնիսկ հաջողություններ արձանագրեց այս հարցում:
Եվրոպա տանող ճանապարհն այլընտրանք չունի
Եթե խոսելու լինենք գործընթացների ընդհանուր ուղղորդվածության մասին, ապա, թվում է, թե Ադրբեջանի ընթացքը դեպի Եվրոպա այլընտրանք չունի: Առաջին` զուտ պատմականորեն Ադրբեջանն ունի Արեւելքում առաջին, հստակորեն դեպի Եվրոպա կողմնորոշված ժողովրդավարական պետության փորձը (1918-1920թթ.): Այս կարճատեւ փորձը չի մոռացվել:
Երկրորդ` ինչպիսի երկաթյա վարագույրով էլ որ փակված լիներ ԽՍՀՄ-ը, ժողովրդավարության եվրոպական գաղափարները միշտ էլ մուտք էին գործում այդ տարածք, իսկ ձնհալքի կարճատեւ շրջաններում երկիրը բառացիորեն համակվում էր ժողովրդավարական հույսերով: Մի խոսքով, միշտ եղել է հարգանք Եվրոպայի նկատմամբ: Ինչ-որ ժամանակից ի վեր Եվրոպան հանդես է գալիս որպես քաղաքական լաբորատորիա, որտեղ միշտ դրվում են սոցիալ-քաղաքական փորձեր, որոնցից յուրաքանչյուրը վճռական ներգործություն է թողնում մարդկության հետագա պատմության վրա:
Մենք դրանցից վերջինի` միասնական եվրոպական տարածություն ստեղծելու փորձի, ականատեսներն ենք: Փորձը դեռեւս հաջողությամբ չի պսակվել, բայց առայժմ լավ է ընթանում: Այս նախագծի պատմական մասշտաբը բավարար չափով չի գնահատվել. մարդկության պատմության մեջ առաջին անգամ կամավոր սկզբունքով ձեւավորվում է երկրների նոր վիթխարի քաղաքական միավորում, որն իր աշխարհագրական մասշտաբներով համադրելի է անցյալի կայսրությունների հետ: Լիովին բնական է հարավկովկասյան երկրների ցանկությունը` բաց չթողնելու սեփական շանսը եւ հաղորդակցվելու այս եզակի փորձին:
Այս փորձն էլ ավելի գրավիչ է նրանով, որ ակամա քաղաքական հակամարտությունների թատերաբեմ դարձած տարածաշրջանն ականատես է, թե ինչպես քաղաքական կամքը եւ դեպի փոխզիջում համընդհանուր տրամադրվածությունը կարող են նպաստել հակամարտությունների եւ այլատյացության արագ հաղթահարմանը:
Բավական ծանրակշիռ են նաեւ բուն քաղաքական պատճառները: 1991թ.-ին Ադրբեջանի անկախությունը հռչակելուց ի վեր, յուրաքանչյուր նոր նախագահ ձգտել է կառուցել երկիրը Եվրոպային կապող կամուրջներ: Մինչդեռ Ադրբեջանի հարաբերությունները մերձավոր հարեւանների հետ զարգացել են խիստ անհարթ, իսկ երբեմն էլ` ուղղակի կոնֆլիկտային ձեւով:
Քաղաքական սպառնալիքները երկրին մղել են շարունակ այլընտրանքներ փնտրելու այս եռանկյունուց դուրս: Այդուհանդերձ, միայն այս պատճառներով չի բացատրվում երկրի կողնորոշումը դեպի Եվրոպական Միություն:
Դժվար է միայնակ դուրս գալ գլոբալ աշխարհ: Գլոբալացման դարաշրջանում ստիպված ես լինում անպայման փնտրել առավել արդյունավետությամբ երկիրը դեպի գլոբալ տնտեսություն եւ քաղաքական արժեքների տանող ուղիներ, ինչը կարող է երկրի համար երաշխիք դառնալ` կայուն զարգացման փուլ մտնելու հնարավորինս առանց կորուստների եւ արագ: Այս առումով, թվում է, թե Եվրոպան լավագույն տարբերակն է:
Իբրեւ վարկած, Ադրբեջանի ներառումը գլոբալ աշխարհ հնարավոր է պատկերացնել Ռուսաստանի միջոցով: Դա հարուստ պաշարներ եւ լավ տնտեսություն ունեցող մի վիթխարի երկիր է, որը կարող էր գլխավորել տարածաշրջանի ժողովրդավարական գործընթացները, բայց, ցավոք, հենց այդպիսի արժեքների անտեսում է դրսեւորում: Պուտինի քաղաքականության ողջ պրագմատիկությամբ հանդերձ, Ռուսաստանը այդպես էլ չկարողացավ ձերբազատվել իր կայսերական նկրտումներից: Տագնապահարույց է նաեւ այդ երկրում կենտրոնական իշխանության ուժեղացումը, օժանդակությունը ավտորիտար ռեժիմներին: Կան նաեւ Ռուսաստանի նկատմամբ անվստահության այլ, ոչ պակաս լուրջ պատճառներ, կապված, ասենք, ղարաբաղյան հակամարտության մեջ այդ երկրի ունեցած դերի հետ:
Ադրբեջանը կարող էր դեպի գլոբալ աշխարհ տանող ճանապարհ փնտրել նաեւ թուրքական հասարակության միջոցով, բայց, ինչպես պարզվեց, այն քաղաքականապես բավական թույլ է: Թուրքական աշխարհի միասնության գաղափարները կորցրել են իրենց ժողովրդականությունը, իսկ Թուրքիան, հրաժարվելով թուրքական աշխարհում իր նախկին միավորող դերից, ինքն է միայնակ թակում Եվրամիության դուռը:
Տեսականորեն, հենց ինքը` Հարավային Կովկասը, կարող էր հանդես գալ որպես ինքնուրույն միավոր, բայց, փաստորեն, առկա հակամարտություններն ի չիք են դարձնում այդ հնարավորությունը: Այդուհանդերձ, ժամանակ առ ժամանակ ինչ-որ մարդիկ վերադառնում են Կովկասյան տան կամ Հարավկովկասյան Միության գաղափարին:
Նման գաղափարով հանդես եկավ Թուրան տեղեկատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիեւը: Նա կարծում է, թե այդ բարդ հարցը կարելի է դնել նաեւ եվրոպական կառույցների առաջ: Որքան էլ անսպասելի կամ ժամանակավրեպ թվա, այս գաղափարն անկասկած ունի մի դրական կողմ, քանի որ ի ցույց է դնում Հարավային Կովկասի պատասխան մղումը դեպի Եվրոպա:
Շատ կարեւոր է, որ տեղի է ունենում տնտեսական մերձեցում Եվրոպայի հետ. ժամանակի ընթացքում այդ հանգամանքը կկրճատի ԵՄ տանող ճանապարհը: Ադրբեջանը, ինչպես եւ նրա բնական դաշնակիցը` Վրաստանը, ուղիներ է փնտրում դեպի արտաքին աշխարհ: Բայց բնութագրական է, որ վերջին շրջանի բոլոր նախագծերն ունեն ցայտուն արտահայտված եվրոպական (աշխարհագրական) կողմնորոշում:
Դա վերաբերում է ավարտին մոտեցող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի շինարարությանը, կառուցուցվող Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարին, որով ադրբեջանական գազը դուրս կգա հարավեվրոպական շուկաներ: Դեպի Եվրոպա այս մղումն արդեն առկա է «Ինոգեյթ» նախագծի եւ եվ Օդեսա-Բրոդի նավթատարով կասպիական նավթը Արեւելյան Եվրոպա մատակարարելու ծրագրի շրջանակում: Նույն շարքի մեջ են մտնում նաեւ Հարավային Կովկասի եւ Եվրոպայի միջեւ նոր լաստանավային անցամիջոցների ստեղծումը, Թբիլիսին Կարսին միացնող երկաթուղային հատվածի շինարարության մասին քննարկումները:
Կասկածից վեր է, որ հետագա ինտեգրումը Եվրոպային կուղեկցվի ԵՄ-ի կողմից ցուցաբերվող նյութական օգնության աճով: Եվրոպային կարող է թվալ, թե Հարավային Կովկասը որոշել է օգտվել եվրոպական տորթից, բայց դա այդպես չէ: Միամտություն կլինի ակնկալել նույնիսկ զուտ գործընկերային հարաբերություններ. մենք ձեզ նավթ կտանք, իսկ դուք մեզ` նոր տեխնոլոգիաներ:
Բաց տնտեսության պայմաններում այդպիսի «բարտերը» ուտոպիա է: Եվրոպայի հետ վերացական հարաբերություններ չեն կարող լինել: Կան հարաբերություններ երկրների, առանձին ֆիրմաների եւ ընկերությունների միջեւ, իսկ այդ ամենը կատարվում է սուր մրցակցության պայմաններում: Այդուհանդերձ, այսօր հարցը պետք է դնել ազնիվ եւ փոխշահավետ փոխանակության հարթության վրա:
Օրինակ` մի՞թե Եվրոպային չեն հետաքրքրում երիտասարդացող եռանդուն բնակչությամբ երկրները, որոնք կկարողանային հավասարակշռել Եվրոպայի ժողովրդագրական «վատ» իրադրության բացասական տենտեսական հետեւանքները: (Մասնագետները կանխատեսում են, որ 2010թ. հետո Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ կսրվի պայքարը ԱՊՀ երկրներից միգրանտներ գրավելու համար:)
Անշուշտ, Ադրբեջանի հետագա առաջխաղացումը դեպի Եվրոպա խթան կդառնա մեր երկրի հասարակական եւ քաղաքական հարաբերությունների զարգացման համար: ԵՄ-ի հետ ավելի սերտ փոխհարաբերությունները բնականոն ձեւով հանգեցնում են սոցիալ-հասարակական եւ քաղաքական հարաբերությունների մեջ եվրոպական նորմերի ներդրման:
Ընդհանուր առմամբ, հասարակությունը պատրաստ է ընդունել այդ նորմերը: Իշխանությունները նույնպես պատրաստ են, նույնիսկ հակառակ իրենց կամքին, ընդունել այդ նորմերը, բայց ընտրում են նվազ «պայթյունավտանգները»:
Այսպիսով` հարավկովկասյան հանրապետություննեիրց յուրաքանչյուրի համար, անկասկած, լիակատար ինտեգրումը Եվրամիությանը կլիներ անվտանգության եւ հուսալի ապագայի երաշխիք: Ցավոք, դա առայժմ միայն նախագիծ է, որի իրականացումը հեռավոր ապագայի խնդիր է:
Ի՞նչն է խանգարում եվրոինտեգրմանը
Մեր կարծիքով, նոր Եվրոպան շտապում է նպատակամետ ձեւով ուրվագծել իր քաղաքական տարածությունը: Դրա տրամաբանական հետեւանքը մի շարք երկրներում ժողովրդավարական փոխակերպումների գործընթացն առաջ մղելու ձգտումն է: Պարզապես ժամանակ չկա սպասելու, մինչեւ հասարակություններն ինքնուրույն կհասնեն ժողովրդավարության: Այստեղ Եվրոպայի եւ ԱՄՆ-ի շահերը համընկնում են, միայն այն տարբերությամբ, որ վերջինը ձգտում է որքան կարելի է երկարաձգել ներկա աշխարհակարգի միաբեւեռ կառուցվածքը: Ժողովրդավարությունը անվտանգության արեւմտյան ուսմունքների էական բաղադրիչն է:
Այս գործընթացները զարգանում են խիստ հակասական ձեւերով: Ռուսաստանը եւ Իրանը խանդով են հետեւում տարածաշրջանում ՆԱՏՕ-ի կամ ԱՄՆ-ի ակտիվացմանը, բայց բավական հանգիստ են ընդունում Եվրամիության գործողությունները: Առավել եւս, որ Ռուսաստանն ինքն է ձգտում հավասարակշռել իր հարաբերությունները Եվրոպայի հետ եւ բազմաթիվ եվրոպական նախաձեռնությունների մասնակից է:
Այս իմաստով, բնութագրական են Եվրոպային ուղղված կոչերը (որ հաճախ են հնչում եվրոպական համաժողովներում եւ ֆորումներում)` միջնորդ դառնալու ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի աշխարհաքաղաքական վեճում եւ մեծացնելու Հարավային Կովկասի վրա ունեցած քաղաքական եւ տնտեսական ազդեցությունը: Մինչեւ վերջերս Ռուսաստանը եւ Իրանը դրա մեջ տեսնում էին տարածաշրջան թափանցելու ԱՄՆ-ի ջանքերը զսպելու հնարավորություն:
Խոշոր աշխարհաքաղաքական դերակատարների չկայունացած հարաբերություններն իրենց ազդեցությունն են թողնում դեպի միացյալ Եվրոպա ընթացող հարավկովկասյան երկրների արագության վրա: Հիշենք, թե քանի անգամ ենք ականատես եղել, երբ ԱՄՆ-ը եւ Եվրոպան միառժամանակ հրաժարվել են այս կամ այն երկրի նկատմամբ կարծր ժողովդավարական դիրքորոշումից` ի նպաստ ընթացիկ քաղաքական կամ տնտեսական շահերի: Իհարկե, քաղաքականության մեջ իդեալիզմը տեղ չունի, բայց իրադրությունը վերջապես սկսում է փոխվել դեպի լավը:
Եվրամիություն տանող ճանապարհի մյուս լուրջ խոչընդոտը, իհարկե, տարածաշրջանում առկա հակամարտություններ են: Այստեղ իրար են հյուսվում բազմաթիվ շահեր, իսկ Հարավային Կովկասի հարեւանները սեփական քաղաքական եւ տնտեսական հավակնություններ ունեցող մեծ տերություններ են: Գոյության նման ռեժիմը զրկում է հարավկովկասյան տարածաշրջանը այնպիսի հեռանկարից, ինչպիսին ենթադրում է, օրինակ, «հայտարարված չեզոքության» դիրքորոշումը:
Այս անկայուն իրավիճակը պայմանավորված է նաեւ այս երկրների աշխարհաքաղաքական կողմնորոշմամբ: ՀԿ-ի բոլոր երկրների քաղաքական վեկտորի միաժամանակյա շրջադարձը դեպի Եվրոպա կլիներ վճռական ընտրություն: Ձեւականորեն, կարծեք թե հենց այդ էլ տեղի է ունենում, բայց գործնականում շարունակվում է անորոշությունը:
Մի քանի տարի առաջ գիտնական-քաղաքագետները, որոնք մշակում էին «Հարավային Կովկասի անվտանգության դաշնագիրը», ուղղակի գրում էին, որ Եվրոպային հետաքրքրում է միայն միասնական Հարավային Կովկասը եւ նույնիսկ առանց երկիմաստության խոսում էին Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման ստիպողական մոդելի կիրառության հնարավորության մասին:
Նոր անդամ երկրների խնդիրներով ծանրաբեռնված Եվրոպայում նման լուծումների համար հազիվ թե ֆինանսական կամ ռազմական պաշարներ գտնվեն:
Ակնհատ է, սակայն, որ հարկ կլինի իջեցնել հակամարտությունների մակարդակը: ԱՄՆ-ի համեմատությամբ` Եվրոպան տարածաշրջանի տնտեսական ինտեգրման ավելի ակտիվ կողմնակիցն է` նույնիսկ պահպանվող հակամարտություններին պայմաններում: Ենթադրվում է, որ ինտեգրման տանող ընթացքը կնվազեցնի, իսկ իդեալական հեռանկարում` կչեզոքացնի հակամարտությունների լարվածությունը: Բազմաթիվ ներքի եւ արտաքին դիտորդներ համոզված են, որ երկրների ժողովրդավարացումը եւ որոշումների կայացման մեջ ժողովուրդների մասնակցությունը նկատելիորեն կմոտեցնեին ձգձգված հակամարտությունների լուծումը:
Չէ՞ որ ժողովրդավարական երկներում ցանկացած որոշում ընդունվում է հասարակական համաձայնությամբ, իսկ դա ամենակայուն կարգավորումն է: Այլ վերլուծաբաններ առաջարկում են շեշտը դնել խնդրի հումանիտար կողմերի վրա, այսինքն` խոսակցությունը տարածքային վեճերից տեղափոխել մարդու իրավունքների մակարդակ: Ռազմական հակամարտությունների պոտենցիալ հնարավորությունը դեռեւս մնում է, բայց, տարածաշրջանում ժողովրդավարական գործընթացների արագացմանը զուգընթաց, այն դառնում է նվազ հավանական:
Եթե խոսենք ներքին խնդիրների մասին, որոնց մասամբ անդրադարձանք վերը, ապա դրանք ակնհայտ են: Խաղի եվրոպական կանոններին հետեւելը մեխանիկորեն քայքայում է հասարակության կառավարման ավտորիտար մեխանիզմները: Իշխանությունները հասկանում են, որ եվրոպական կառույցներին միանալը քաղաքական հրամայական է:
Գործնականում անհնար է այդ «ակումբից» դուրս մնալ: Մյուս կողմից` արագացումը եւ այդ կառույցների մեջ ավելի ամբողջական ներգրավումը ենթադրում է կամ համակարգի արմատական փոխակերպում, կամ իշխանության լիակատար կորուստ:
Իշխանությունները գերադասում են չշտապել եւ իրենց վերապահել այդ գործընթացի տեմպը որոշելու իրավունքը:
Իշխող վերնախավը նույնիսկ ՆԱՏՕ-ի մեջ մտնելն է դիտում որպես ավելի ընթացիկ քաղաքականության մարտավարական տարր, քան մոտիկ իրականություն: Ճիշտ այդպես Եվրոպայի հետ մերձեցումն է ընկալվում որպես հավասարակշռված արտաքին քաղաքականության մի բաղադրիչ, որը թույլ կտա ավելի լավ խուսանավել խոշոր աշխարահաքաղաքական դերակատարների միջեւ:
Թեեւ Ադրբեջանի հասարակությունը բավական անտարբեր է կառավարության արտաքին քաղաքականության նկատմամբ, քանի դեռ այն ուղղակիորեն չի դիպչում իր անմիջական շահերին, բայց այլեւս չի կարող չնկատել, որ երկրում տեղի է ունենում միայն ժողովրդավարության նմանակում:
Ընդամենը յուրացվում են ժողովրդավարական ինստիտուտների արտաքին ատրիբուտները (որ, իհարկե, նույնպես վատ չէ), ժողովրդավարական հռետորությունը: Ամենավատն այն է, որ դա կատարվում է իշխանության կողմից երկրի ամբողջ իրավական, քաղաքական, տնտեսական եւ տեղեկատվական տարածության մոնոպոլացման ֆոնին:
Եվրոպան երկար ժամանակ ներողամտորեն էր ընդունում կառավարության փաստարկները երկրում կայունություն պահպանելու վերաբերյալ: Բայց չի կարելի հետաձգել ժողովրդավարական բարեփոխումները` ուժերը կենտրոնացնելով տնտեսականի կողմի վրա:
Այդ գործընթացները պետք է կատարվեն զուգահեռ, իսկ Ադրբեջանի դեպքում առաջնությունը պետք է տրվի ժողովրդավարական բարեփոխումներին: Առհասարակ, ժողովրդավարությունը նշանակում է անհրաժեշտ հասարակական խմորումներ, կարծիքների պայքար, որը, վերջին հաշվով, թույլ է տալիս գտնել զարգացման ճիշտ եւ կայուն ճանապարհ:
Ադրբեջանական ընդդիմությունը, ինչպես նաեւ հասարակության զգալի մասը, լի է եվրոպական ժողովրդավարական արժեքներին հնարավորինս արագ հաղորդակցվելու վճռականությամբ: Ընդդիմության լավագույն մասը անկեղծորեն նվիրված է ժողովրդավարական իդեալներին եւ, զուտ պրագմատիկական տեսանկյունից, եվրոպային «մերձեցումը» համարում է ներկա ռեժիմի հիմքերը սասանելու այսօր առկա գրեթե միակ հնարավորությունը:
Առաջին հայացքից, «եվրոպական ստանդարտների» ընկալման առումով, ադրբեջանական հասարակության մեջ շոշափելի տարաձայնություններ չկան£ Ի վերջո, դրանց մեծ մասը (հատկապես մարդու իրավունքներին վերաբերող) ներառված է երկրի Սահմանադրության մեջ եւ ընդունված բոլորի կողմից: Այլ հարց է, թե իրականում ինչ է կատարվում:
ՆԱՏՕ-ին կամ եվրոպական կառույցներին երկրի ինտեգրման առավել բարդ խոչընդոտը, անկասկած, բառիս լայն իմաստով` ստանդարտների անհամապատասխանությունն է: Մենք ի նկատի ունենք քաղաքական, տնտեսական, ռազմական եւ նույնիսկ բարոյական ստանդարտները:
Ինչպես նշվեց վերը, Ադրբեջանում չկան լուրջ արմատական ուժեր, որոնք կկարողանային կազմակերպված ձեւով ընդդիմանալ եվրոպական ինտեգրմանը: Ուրեմն, զուտ գործնական առումով, թվում է, թե այն այլընտրանք չունի: Դա ժամանակի, ինչպես նաեւ հասարակության եւ ԵՄ-ի համատեղ ջանքերի հարց է: Բայց կան հիմնարար բնույթ ունեցող որոշ խոչընդոտներ:
Միայն վերջերս ձեռք բերելով անկախություն` հասարակությունը գուրգուրում է այդ զգացումը: Իսկ իշխանությունը, թեեւ ավելի լավ է պատկերացնում իրադրությունը, վարպետորեն օգտագործում է այդ տրամադրությունները:
Մենք չենք նկատում կամ չենք ուզում նկատել պետական ինքնիշխանության թուլացումը, որը դիտվում է գործնականում աշխարհով մեկ` սկսած նախորդ դարի վերջից: Այսօր ցանկացած պետություն գործում է երեք մակարդակի վրա` անդրազգային, ազգային եւ ենթաազգային:
Արդեն դժվար է որոշումների կայացման ներքին ասպեկտները տարանջատել արտաքիններից: Ստիպված ենք ընդունել միջազգային վարքի նոր նորմեր, հաշտվել ճանապարհի ինքնուրույն ընտրության իրավունքի սահմանափակության հետ:
Մենք տոտալիտար հասարակությունների ժողովրդավարացման, գլոբալ քաղաքացիական հասարակության ստեղծման, գլոբալ կազմակերպությունների դերի մեծացման անակատեսն ենք:
Տեղի է ունենում ազգային պետության ստեղծման եւ «քո տան մեջ արտաքին աշխարհի մշտական ներկայության» (անդրազգային եւ ենթաազգային մակարդակներում) միջեւ հավասարակշռության տառապալից որոնում: Չափազանց դժվար է հաղթահարել այդ հոգեբանական անհարմարավետությունը:
Եվրոպան սկսեց միավորվել միայն այն ժամանակ, երբ ավարտվեց ազգային պետությունների ստեղծման ընթացքը£ Ադրբեջանը ստիպված է միաժամանակ կառուցել ազգային պետություն եւ մտնել գլոբալ աշխարհ: Դրան դժվար է վարժվել:
Մենք նորից, այս դարի ընթացքում արդեն երկրորդ անգամ, զբաղված ենք աշխարհում մեր տեղի, սեփական ինքնության որոնմամբ: Դարի սկզբին կատարվածը փորձ էր` գտնելու հավասարակշռություն «թուրքիզմի, իսլամի եւ եվրոպականության» միջեւ: Ինչ-որ չափով այդ փորձերը շարունակվում են նաեւ այսօր, թեեւ քաղաքական ֆոնն անընդհատ փոխվում է: Բայց պատասխանները պետք է գտնել աշխարհում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացների մեջ ամբողջովին ներքաշվելուց առաջ:
Հաջորդ խնդիրն ավելի հեշտ չէ: Բազմաթիվ հետազոտողներ արդարացիորեն անվանում են մեր հասարակությունը կրոնական իմաստով միատարր, քանի որ հասարակության 95%-ը բաղկացած է մուսուլմաններից: Բայց չարժե չափազանցել ադրբեջանական հասարակության կրոնականությունը: Հեղինակը վստահ է, որ մեր երկրում հասարակության կրոնականության ընդհանուր մակարդակը զգալիորեն ավելի ցածր է, քան Թուրքիայում եւ առավել եւս Իրանում:
Այդուհանդերձ, փաստը մնում է փաստ, որ Ադրբեջանը աշխարհիկ մուսուլմանական հանրապետություն է հակառակ այն բանի, որ գտնվում է հոգեւոր լինելիության ընթացքի մեջ եւ որպես այդպիսին հեշտությամբ կարող է ենթարկվել արտաքին ազդեցությունների:
Թուրքիայի փորձը ցույց է տալիս, որ դա կարող է դառնալ լուրջ խոչընդոտ Եվրամիություն ընդունվելու համար, առավել եւս` եթե Ադրբեջանում իսլամական տրամադրություններն ուժեղանան£ Դա արդեն Եվրոպայի ընտրությունն է, որը դեռեւս չի որոշել` ցանկանում է մնալ զուտ «քրիստոնեական» ընդհանուր տուն, թե պատրաստ է վճռական քայլ կատարել եւ հաղթահարել այդ խնդիրը: Թեեւ դա արդեն կլինի փոխհամաձայնության նոր եւ ավելի դժվարին մակարդակ:
Երբեմն եվրոպական «անսահման՚»ազատականությունը վճռական հակասության մեջ է մտնում ոչ միայն կրոնի, այլեւ կովկասյան մտակերտվածքի հետ, որը բնորոշ է բոլոր անդրկովկասյան հանրապետություններին£ Շատ է խոսվում սեռական փոքրամասնությունների իրավունքների նկատմամբ մեր հասարակություների վերաբերմունքի մասին: Ցուցաբերելով հանդուրժողականություն, նրանք նույնիսկ պատրաստ են աչք փակել ազգային մտակերտվածքի համար մերժելի երեւույթներ վրա, բայց միայն այնքան ժամանակ, քանի դեռ այդ փոքրամասնությունները չեն սկսել բացահայտորեն ազդարարել իրենց մասին:
Դեպի Եվրամիություն ընթացքը, իհարկե, հրատապ կդարձնի այդօրինակ խնդիրները եւ իր դրամատիզմը կավելացնի այդ գործընթացին: Պետք է ենթադրել, որ դրան զուգընթաց կփլվեն նաեւ այլ առասպելներ, ինչպես այն, ըստ որի` արեւելյան ժողովուրդները բնական հակվածություն ունեն ավտորիտարիզմի նկատմամբ:
Նոր իրողությունների համատեքստում
Գրեթե աննկատելիորեն տեղի ունեցավ պատմական իրադարձություն. գործնականում, Վրաստանում եւ Ուկրաինայում կատարված քաղաքական փոփոխություններից հետո, Սեւ ծովի ամբողջ ավազանը շրջապատված է ժողովրդավարական ռեժիմներով:
Այս փոփոխությունները կարող են հանգեցնել մի ամբողջ շարք դիրքորոշումների վերանայման: Նկատենք, որ Հարավային Կովկասը, հակառակ տարածաշրջանի բոլոր հակամարտություններին, երկար ժամանակ դիտարկվում էր որպես միասնական քաղաքական-աշխարհագրական տարածք:
Այժմ հարկ է աշխարհագրությունն առանձնացնել քաղաքականությունից: Որքան էլ որ հրապուրիչ թվա կովկասյան ինտեգրման գաղափարը, Վրաստանը, հավանաբար, արդեն պատրաստ է միայնակ ճեղքում կատարել դեպի Եվրոպա:
Եթե նման բան պատահի (իսկ իր վերջերս կատարած եվրոպական շրջագայության ժամանակ նախագահ Բուշը բացահայտորեն արտահայտվեց Ուկրաինայի եւ Վրաստանի ՆԱՏՕ մտնելու օգտին), ապա Ադրբեջանը եւ Հայաստանը կդառնան Եվրոպայի անմիջական հարեւանները£ Դա այնքան էլ պարզ բան չէ: Թեեւ Ադրբեջանը եւ Վրաստանը ռազմավարական դաշնակիցներ են, բայց քաղաքական ռեժիմների տարբերությունը, որն այնքան էլ նկատելի չէ քաղաքական մակարդակում, արդեն այսօր ծնում է տնտեսական բնույթ ունեցող որոշ խնդիրներ:
Վերջապես, այժմ Ադրբեջանը ստիպված կլինի անընդհատ հետեւել Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերությունների փոփոխություններին: Համաձայնենք, որ դա կլինի պատմական որոշում, ուստի` ոչ ոք չի փորձում արագացնել իրադարձությունները` ոչ Թուրքիան, ոչ ԵՄ-ը:
Անցյալ տարվա դեկտեմբերին Թուրքիայի` բանակցային հաջորդ մակարդակ դուրս գալու գործընթացին ոչ պակաս հետաքրքրությամբ, քան Եվրոպայում կամ Թուրքիայում, հետեւում էին Հայաստանում եւ Ադրբեջանում: Հայաստանը հույս ուներ, որ այդ որոշման կասեցումը Թուրքիային կստիպի բացել Հայաստանի հետ իր սահմանը: Ադրբեջանում շատերը ենթադրում էին, որ արդեն ԵՄ մտնելու այս փուլում Թուրքիայի մերժումը բավական մշուշապատ կդարձնի Ադրբեջանի հեռանկարները:
Թուրքիան անցավ այդ փորձության միջով, բայց այդ իրադարձության շուրջ իրարամերժ շահերի միահյուսումը ցույց տվեց, որ տարածաշրջանի երկրները չունեն ավելի լավ տարբերակ, քան դեպի Եվրոպական Միություն գնալը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել