
ԱԱԾ-ն հաստատեց՝ «Երևան սիթի»-ի գլխամասում ԱԱԾ աշխատակիցներն են
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այս պահին գտնվում են «Երևան սիթի»-ի գլխամասային գրասենյակում: Վերջիններս համապատասխան միջոցառումներ են իրականացնում: Այս մասին «Հետք»-ին ասաց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը:
Նշենք, որ այսօր առավոտյան տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ ՊԵԿ աշխատակիցները գտնվում են «Երևան սիթի»-ի գլխամասային գրասենյակում, սակայն քիչ ավելի ուշ ՊԵԿ մամուլի ծառայությունը հերքեց այդ տեղեկությունը:
Փաստորեն գրասենյակում ոչ թե ՊԵԿ, այլ ԱԱԾ աշխատակիցներն են:
Նշենք, որ այս օրերին մամուլում հրապարակումներ են եղել «Երևան սիթի»-ում ենթադրյալ չարաշահումների մասին:
Ավելի վաղ էլ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, կոնկրետ անուններ չնշելով, հայտարարել էր, որ 350 քաղաքացիների անուններով Ա/Ձ-ներ են բացվել և նրանց անունով որոշները բիզնես ես իրականացրել:
Սամսոն Գալստյանն այս պահին «Երևան սիթի»-ի գլխամասում կատարվող միջոցառումների վերաբերյալ այլ մանրամասներ չհայտնեց:
Այսօր տեղեկություն էր տարածվել նաև Սամվել Ալեքսանյանի բնակարան իրավապահների այցելության մասին: Սամսոն Գալստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս առնչությամբ ևս տեղեկություն չունեն հայտնելու:
Մեկնաբանել