Կովկասն ընդհանուր ապագա չունի
Ինչպե՞ս լուծել Կովկասյան հակամարտությունները։ Այս հարցը հուզում է թե եւրոպացիներին, թե ամերիկացիներին եւ թե ռուսներին, ովքեր մոտ երկու դար տիրում են Կովկասին, եւ ԽՍՀՄ փլուզումից հետո էլ չեն ուզում կորցնել այդ տարածաշրջանը։ «WASHINGTON ProFile» ինտերնետային էջն այս հարցով դիմել է հինգ փորձագետի, որոնց կարծիքները կարող են հետաքրքրել մեր ընթերցողին։
«Եթե բոլոր խնդիրները մնան Ռուսաստանի ազդեցության ոլորտում, դա կլինի խաղաղության եւ կայունության հասնելու վատթարագույն տարբերակը։ Ռուսաստանը կամ չի ուզում, կամ չի կարողանում վերահսկել տարածաշրջանի զարգացումները». ասում է Caucasus Context հանդեսի համախմբագիր Զուրաբ Կարումիձեն։ Նա միաժամանակ գտնում է, որ «Կովկասը չի կարող լուծել իր խնդիրներն առանց Ռուսաստանի»։ Ըստ Կարումիձեի, Կովկասի բնակիչների ամենամեծ խնդիրն ինքնաճանաչումն է։
Երկար տարիներ Վրաստանում աշխատած ամերիկացի իրավաբան Թեդ Ջոնսի կարծիքով գլխավոր խնդիրը պետք է լինի Կովկասի տարածաշրջանային ինտեգրացիան եւ երեք հանրապետությունների միջեւ եղած անջրպետների վերացումը։ «Գործարարության եւ տրանսպորտի ոլորտների համատեղ նախագծերը կարող են ավելի սերտացնել երեք հանրապետությունների հարաբերությունները». ասում է Թեդ Ջոնսը։ Նա կարեւորում է նաեւ մշակութային շփումները. «Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի ժողովուրդները հիմա վատ գիտեն միմյանց, Խորհրդային տարիներին շփումներն ավելի ակտիվ են եղել»։
«Կովկասն այսօր միասնական տարածաշրջան չէ։ Այո, այն աշխարհագրական տարածաշրջան է, բայց ոչ քաղաքական կամ տնտեսական։ Ես վստահ եմ, որ այն տարածաշրջանի հատկանիշներ ունեցել է խորհրդային տարիներին եւ այդ ժամանակ անդկովկասյան հանրապետություններն ավելի ակտիվ են համագործակցել։ Խորհրդային ժամանակներում կովկասյան ղեկավարները մրցակցում էին միմյանց հետ՝ Մոսկվայում նրանք պայքարում էին ազդեցության եւ ռեսուրսների համար». ասում է Պատերազմի եւ խաղաղության հետազոտական հաստատության «Կովկասյան նախագծի» համակարգող Թոմաս Դե Վաալը։ Նա գտնում է, որ Կովկասի վերականգնմանը խանգարում է երկու կարեւոր գործոն։
«Առաջինը տեղական «ֆեոդալների» իշխանության համակարգն է։ Նրանք հետապնդում են միայն տեղային եւ կարճաժամկետ նպատակներ, մասնավորապես, շահագրգռված են տեղերում իշխանության պահպանմամբ։ Երկրորդը՝ Ղարաբաղյան հակամարտությունն է, ավելի ճիշտ Ադրբեջանի եւ Հայաստանի վարքագիծը, որոնք չեն ուզում շփվել միմյանց հետ, ինչի արդյունքում սահմանները փակ են։ Այդ երկրների բնակիչներն ու քաղաքական վերնախավերը հետաքրքրված են միայն սեփական ճակատագրով, ինչի արդյունքում երկու ժողովուրդների շահերը բացարձակապես չեն հատվում։ Դեռ ոչ ոք չի խոսել Հայաստանի եւ Ադրբեջանի համար ընդհանուր ապագա կերտելու մասին»։
Brookings Institution-ի ավագ գիտաշխատող Ֆիոնա Հիլլը Կովկասը համեմատում է Մերձբալթիկայի հետ եւ գտնում, որ վերջինի հաջողությունը կախված էր երեք երկրների համատեղ որոշումներից։
«Նրանք կարողացան ձեւակերպել ընդհանուր նպատակներ, թեեւ հաճախ ոչ շատ հեշտ։ Այդ երկրները բավականաչափ տարբեր են, յուրաքանչյուրն իր ինքնատիպ պատմությունն ունի, թեեւ անցյալի որոշ ասպեկտներ խիստ նման են։ Նրանք ընդհանուր պատկերացում ունեն Ռուսաստանի մասին, ինչն էլ միավորվելու հնարավորություն տվեց». ասում է Ֆիոնա Հիլլը։
Նրա կարծիքով, Կովկասում չկա միասնական օրակարգ, որը կնպաստեր անդրկովկասյան հանրապետությունների համատեղ զարգացմանը։ Եւ ամենակարեւորը՝ չկա փոխգործակցություն։
Պաշտպանական ինֆորմացիայի կենտրոնի Ռուսաստանյան եւ Ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինի կարծիքով Ռուսաստանը փորձում է վիճարկել ԽՍՀՄ փլուզման եւ սառը պատերազմի արդյունքը եւ ամեն ինչ անում «ստատուս քվոն» հնարավորին չափ երկար պահպանելու համար։
«Անիմաստ է մտածել, որ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը կարող են միայնակ լուծել իրենց խնդիրները։ Նրանք չեն կարող մրցակցել Ռուսաստանի հետ։ Կրեմլից հնչած մեկ հեռախոսազանգն ակնթարթորեն կարող է փոխել իրավիճակը։ Դրա համար անհրաժեշտ են առավել լուրջ բանակցություններ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ տարածաշրջանում խաղի նոր կանոններ մտցնելու շուրջ». ասում է Զլոբինը։
Նա գտնում է, որ առայժմ չկան կովկասյան խնդիրների լուծման նոր գաղափաներ, չկա նաեւ ստեղծված իրավիճակից դուրս գալու ծրագիր։ «Արեւմուտքը գործնականում ծանոթ չէ Կովկասի խնդիրներին, իսկ Ռուսաստանն այս տարածաշրջանում է արդեն 200 տարի եւ ակնհայտ է, որ հրաժարվելու միտք չունի». ասում է ռուս փորձագետը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել