
Արդարադատության նախարարությունը մասնավոր հատվածին կոչ է անում բարձրաձայնել կոռուպցիայի մասին
Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը մայիսի 21-ին մասնավոր հատվածի կողմից արձանագրված կոռուպցիայի նվազեցման վերաբերյալ աշխատանքային քննարկում է ունեցել մասնավոր ոլորտի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը կազմակերպվել է արդարադատության նախարարության, Վիվասել-ՄՏՍ-ի և «Ներդաշնակ զարգացում» ՀԿ-ի կողմից իրականացվող համատեղ ծրագրի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է արդարադատության նախարարությունը։
Հանդիպման ընթացքում, ըստ հաղորդագրության, Սուրեն Քրմոյանը կարևորել է պետության կողմից իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերում նաև գործարար ոլորտի ներկայացուցիչների ներգրավվածությունն ու գաղափարական աջակցությունը՝ պետության կողմից դրանց ուղղված լուծումներն առավել հասցեական և արդյունավետ դարձնելու համար: Այս համատեքստում փոխնախարար Քրմոյանը հանդիպման մասնակիցներին հորդորել է գաղափարներ ներկայացնել արդարադատության նախարարություն, որոնք համատեղ քննարկման և ջանքերի շնորհիվ առաջիկայում կյանքի կկոչվեն:
Սուրեն Քրմոյանը, որպես հաջողված օրինակներ, նշել է պետական ծառայությունների մատուցման ոլորտում վերջին տարիներին ներդրված մի շարք նորարարական լուծումները, որոնց առկայությունը ոչ միայն գործնականում բացառել է կոռուպցիոն դրսևորումներն այդ հատվածում, այլ նաև էականորեն կրճատել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունների համար պահանջվող ժամանակը:
Այնուհետև հաջորդել է մտքերի փոխանակություն քննարկման մասնակիցների միջև, իսկ հանդիպման ավարտին ձեռք է բերվել պյամանավորվածություն՝ մշակված առաջարկներով կրկին հանդիպելու վերաբերյալ:
Միաժամանակ, Սուրեն Քրմոյանը նշել է, որ նման հանդիպումները շարունակական բնույթ են կրելու, պարբերաբար կազմակերպվելու են նմանատիպ քննարկումներ տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ:
Արդարադատության նախարարությունը մասնավոր հատվածի ներկայացուցիչներին կոչ է անում կոռուպցիայի նվազեցմանն ուղղված նորարական առաջարկների, գործուն լուծումների առկայության դեպքում բարձրաձայնել՝ հետևյալ հղմամբ հարցաշարը լրացնելու և արդարադատության նախարարություն ներկայացնելու միջոցով:
Մեկնաբանել