Նաիրի-Խուբուշկիայի Յանզու թագավորը
Մարինե Պետրոսյան
Հատվածական խոհեր՝ Տերյանի ու Չարենցի մասնակցությամբ
Հատված 1
Առավոտները պատահում ա արթնանում եմ գնացքի սուլոցից։ Որովհետեւ կայարանը մեր փողոցի մոտերքում ա, իսկ գնացքները կայարանին մոտենալիս միշտ սուլում են։ Մեր փողոցը առաջ կոչվում էր Ձերժինսկի։ Էդ էն ժամանակ էր, երբ որ գնացքները հանգիստ գնում գալիս էին ոչ միայն Սեւան, այլեւ Բաքու։ Եթե էն ժամանակ մի օր մտքովս անցած լիներ, ես կարող էի առավոտը տոմս առնել ու ցերեկը հասնել Բաքու, բայց իմ մտքով ոչ մի անգամ չանցավ։ Բաքուն ինձ հետ ի՞նչ կապ ուներ։ Էն ժամանակ թվում էր՝ ոչ մի կապ։ Պատերազմը կինոներում էր, Ձերժինսկին մեր փողոցի անունն էր, իսկ ադրբեջանցին էն կարտոֆիլ ծախողն էր, որից Արաբկիրի շուկայում մի անգամ 5 կիլո կարտոֆիլ առա։ Ես էդ կարտոֆիլները մինչեւ էսօր հիշում եմ երկու պատճառով։ Նախ՝ որովհետեւ կյանքումս առաջին անգամ էի շուկա գնում ու չէի պատկերացրել, որ 5 կիլո կարտոֆիլը էդքան անտանելի ծանր ա։ Երկրորդ՝ մի քանի ամսից պատերազմ էր սկսվելու ու էդ կարտոֆիլ ծախողը մնալու էր իմ տեսած առաջին ու վերջին ադրբեջանցին։
Հատված 2
Երկիր Նաիրի ։ Երկիր Նաիրի՝ երազ հեռավոր ։ Հոգեւոր Հայաստան։
Նաիրի - Աքքադերեն naru բառից։ Ասորեստանից եւ Հյուսիսային Միջագետքի Կաշիյարի լեռնապարից հյուսիս տարածվող «երկրների» («ազգագավառներ», ցեղային իշխանություններ) ընդհանրական անվանումն ասորեստանյան արձանագրություններում։ .... Մ.թ.ա. VIII դ. վերջին քառորդին Նաիրի-Խուբուշկիայի Յանզու թագավորը դեռեւս հիշատակվում է որպես Ասորեստանի հարկատու։ Հաջորդ դարում Նաիրի-Խուբուշկիան հիշվում է Ասորեստանի թշնամի երկրների շարքում։ Ասորեստանի կործանումից հետո Նաիրի-Խուբուշկիա անունը դադարել է գործածվելուց։ (Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8)։
Հատված 3
Ադրբեջանցին ազգի անվանում չի, ծածկաբառ ա։ Տակը թուրքն ա։ Բայց թուրքն էլ ազգի անվանում չի, ուրիշ բան ա։ Ոնց որ ինքնալուսանկարի կախարդական շրջանակ լինի, ասում ես՝ թուրք, հոգեւոր Հայաստանն ա շրջանակի մեջ երեւակվում։ Երկիր Նաիրի։ Երկիր Նաիրի՝ տեսիլ դյութական ։
Հատված 4
«Երկիր Նաիրի»։ Այլակերպ վեպ ։
Չարենցի նամակը Մ. Գեւորգյանին. Անցյալ ձմեռվա ընթացքում Երեւանը մի հսկայական գործ կատարեց իմ հոգեկան զարգացման զիգզագանման ուղիում. այն է՝ արմատախիլ արեց իմ մեջ այն ամենը, որ նայիրյան էր, ռոմանտիկ, ոնց որ կավիճով գրված էր էդ բոլորը իմ հոգու տախտակի վրա։ Եվ ահա ճակատագրական մի ձեռք օրերի սպունգով սրբեց այդ ամենը մի ձմեռ - ու տեղը թողեց - բաց տարածություն։ ... Շնորհակալ եմ 1923 թվի Երեւանից։
Չարենցի հսկա ոգեւորությունը ռուսական հեղափոխությամբ, որ դեռ երեկ ինձ թվում էր դավաճանություն։ Ինչո՞ւ։
Հատված 5
Ի՞նչ մնաց Չարենցի հսկա ոգեւորությունից։ Ոչի՞նչ։ Մնաց Սովետական Հայաստանը։ Ես նոր եմ սկսում հասկանալ, որ Սովետական Հայաստանը կար։ Ես նոր եմ գլխի ընկել, որ ընդամենը երեկ աշխարհում երկու գերտերություն կար ու դրանցից մեկի քաղաքացին էի ես։ Չի կարող պատահել։ Բայց պատահել էր։
Հատված 6
Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ, / Ու լռություն մի անստվեր, անդուռ, անդող, / Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան / Մահվան թախիծը՝ իմ անլուր սիրտը բանտող։
Էս ոչ թե 1923, այլ 1920 թվի Երեւանն ա։ Ու ես էդ Երեւանը սիրում էի։ Որովհետեւ չէի տեսել։ Երկիր Նաիրի՝ երազ հեռավոր։ Մահն էլ կարող ա լինել սիրելի, եթե մահ չես տեսել։ Մահն էլ կարող ա լինել տեսիլ դյութական։ Ու Չարենցի ոգեւորությունը ռուսական հեղափոխությամբ թվում էր դավաճանություն, քանի դեռ ես 2005֊ի Երեւանը չէի տեսել։
Եվ ո՞վ է տվել քեզ / Այս խեղճ հոգնությունը, / Այս խեղճ հոգնությունը, / Հիմա / Երբ քո հոգնությունը / Քարի հոգնություն է / Քարի՜ հոգնություն է / Ու մահ։
Տարօրինակ ա չէ՞, որ էսօրվա Երեւանը նման ա 1920 թվի Երեւանին։ 20 թվից առաջ ախր 15 թիվ էր եղել՝ բացարձակ պարտություն։ Իսկ ընդամենը երեկ 88 թիվն էր ու ոնց որ թե հաղթանակը։ Որտեղի՞ց ա ուրեմն էս մահացու հոգնածությունը։ Հաղթանակից սովորաբար չեն հոգնում։ Ինչ որ բան էն չի։ Որտե՞ղ ա ծուղակը։
Հատված 8
Ադրբեջացին ծածկաբառ ա ու տակը թուրքն ա։ Բայց թուրքն էլ բառ չի, այլ սեւ խոռոչ, որի մեջ ընկնելով դու միանգամից տեղափոխվում ես ուրիշ տեղ։ Ժամանակից դուրս։ Հավիտենական ոսոխ ։ Ոսոխը հավիտենական ա, որովհետեւ դու անընդհատ իրան պարտվում ես։ Բա որ հաղթեցի՞ր։ Որ հանկարծ հաղթեցիր՝ մնալու ես ինքդ քեզ հետ մենակ։ Ու թշնամու տեղը առաջանալու ա բաց տարածություն։ Էնքան բաց ու էնքան շփոթացնող մի տարածություն, որ քիչ ա մնում՝ կանչես թշնամուդ որ հետ գա։
Բաց տարածություն։ Առանց թշնամու առանց ցանկության։ «Ղարաբաղը մերն ա»։ Ոնց որ թե մերն ա։ Հետո՞։ Հետո ոչինչ։ Հայաստանը կորցրեց ցանկանալու կարողությունը։ Ու հիմա փուլ ա գալիս ներսից։
Երբ որ դու պարտվում ես սեփական հաղթանակիդ, էդ ի՞նչ ա նշանակում։ Հնարավոր ա էդ նշանակում ա՝ քեզ ընդամենը թվում էր, թե դու գիտես ինչի համար ես կռվում։ Կամ էլ քո ուզածը շատ պուճուր բան էր։ Փոքրիկ հատված դատարկվող տարածության։
Հատված 11
Չարենցը էդքան ոգեւորվել էր, որովհետեւ իրան հանկարծ հնարավորություն էին տվել ցանկանալու շատ մեծ՝ չլսված չտեսնված մի բան։ Էդ ի՞նչ էր կոչվում։ Կարծեմ կոմունիզմ։ Հետո իհարկե պարզվեց՝ էդ կոմունիզմը ոչ միայն չլսված չտեսնված էր, այլեւ անսարքելի։ Ես որ ծնվեցի՝ կոմունիզմի անսարքելի լինելն արդեն վաղուց պարզ էր։ Ու ցանկությունն էլ բնականաբար արդեն չկար, բայց ցանկության թողած հետքերը կային։ Երեւանը կար։ Երեւանն էդ ցանկության պտուղն էր։ Թե չէ կարող ա՞ Նաիրի-Խուբուշկիայի Յանզու թագավորն էր սարքել Երեւանը։
Հատված 12
Երկիր Նաիրի՝ տեսիլ դյութական։ Հայաստանը տարածքով մեծացել ա, մնացած ամեն ինչով՝ պուճուրացել։ Կարող ա՞ հենց էս էր մեր ուզածը։ Չի կարող պատահի։ Բայց որ շուրջս նայում եմ՝ ոնց որ թե պատահել ա։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել