
Եւս 6 հոգու առաջադրվել է մեղադրանք
Ազգությամբ եզդի Քյարամ Ավդալյանի սպանության նախաքննությունն ավարտված է. գործը գտնվում է ծանոթացման փուլում: Սպանության համար ձերբակալված Ավետիք Մարգարյանից բացի մեղադրանք է առաջադրվել ես 6 հոգու, այդ թվում՝ անչափահաս Է. Վարդանյանին:
Հիշեցնենք, որ քրեական գործի վարույթը Գեղարքունիքի մարզի դատախազությունից տեղափոխվել էր ՀՀ Գլխավոր դատախազություն այն բանից հետո, երբ նախագահի նստավայրի դիմաց սպանվածի մայրը, պահանջելով արդար քննություն, բենզին էր լցրել իր եւ 3 թոռների վրա ու հրկիզել:
«Երբ գործը տեղափոխվեց Գլխավոր դատախազություն, ստեղծվեց քննչական խումբ, որի մեջ ներգրավված է եղել նաեւ դատախազության ազգությամբ եզդի աշխատակից, այսինքն՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ»,- ասում է Գլխավոր դատախազության մամլո քարտուղար Սոնա Տռուզյանը: Ըստ նրա՝ նախաքննությամբ ձեռք չեն բերվել ապացույցներ, որոնք թույլ կտային Լճաշենի գյուղապետ Կորյուն Մարգարյանին ներգրավվել որպես մեղադրյալ:
«Գործը քննարկվել է համակողմանի. պարզվել են դեպքի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ միջադեպի շարժառիթները, եւ իրավական գնահատական են տրվել բոլոր գործողություններին»,- շեշտում է Ս. Տռուզյանը:
Մեկնաբանել