
Հակոբ Հակոբյանի փոխարեն որդին է հանդիպել վարդենիկցիներին
Քիչ առաջ ավարտվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի բնակիչների հանդիպումը Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդու՝ Պարույր Հակոբյանի հետ:
Թեև բնակիչները պահանջել էին, որ Հակոբ Հակոբյանը կրկին գյուղ գա և հանդիպի իրենց, փոխարենը հանդիպման էր եկել որդին՝ որպես հէկի իրական սեփականատեր: Նա ոչ թե ողջ գյուղի հետ է հանդիպել, այլ գյուղի ակտիվ բնակիչների:
Հիշեցնենք՝ նրա բաժնեմասը «Ջրասահք» ՍՊԸ-ում, որը 2013 թվականից Վարդենիկ համայնքում՝ Վարդենիս գետի վրա, շահագործում է «Վարդենիկ» փոքր հէկը, 50 տոկոս է կազմում:
Պարույր Հակոբյանը քաղաքական հարցերին անդրադառնալ չի ցանկացել: Վարդենիկցիների հետ քննարկել է միայն հէկին առնչվող հարցերը:
Վարդենիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմեն Հովհաննիսյանը պատմեց, որ գյուղացիներն ու Հակոբյանի որդին համաձայնության են եկել հէկի, բնապահպանական և համայնքին որոշակի հատկացում իրենց շահույթից անելու հարցերում: Պարույր Հակոբյանը խոստացել է, որ հէկը կհետևի բնապահպանական թողքի և ձկնանցարանի համար նախատեսված պահանջներին:
«Խոստացան, որ բոլոր բնապահպանական նորմերը լիարժեքորեն, առանց որևէ շեղման պահպանելու են: Տարեկան կտրվածքով էլ որոշակի մասհանում կանեն գյուղի զարգացման համար»,- տեղեկացրեց Արմեն Հովհաննիսյանը: Թե կոնկրետ որքան է կազմելու այդ մասհանումը, հանդիպմանը դեռ չի հստակեցվել:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել