Կոմպլեմենտարիզմի գինը
Հայաստանի վարած կոմպլեմենտար քաղաքականությունը երբեք քիչ թե շատ մտածող հային չի դադարել զարմացնելուց կամ զայրացնելուց, բայց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի վերջին այցի ժամանակ, տարիներ շարունակ վարված այդ քաղաքականության սնանկությունը վերջնական դարձավ: Այլեւս որեւէ մեկը չի կարող, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, ձեւացնել, որ այդ, այսպես կոչված, քաղաքականությունը բխում է Հայաստանի շահերից կամ ծառայելու է Հայաստանին: Օսկանյանը պատմում էր իր եւ ռուսաստանցի նախարար Լավրովի հանդիպման մասին, որից պարզ դարձավ, որ ոչ միայն Ղարաբաղն է դուրս մղվել իր ապագային առընչվող բանակցային գործընթացից, այլեւ' Հայաստանը: Նա հայտարարեց, որ ռուս նախարարը Ղարաբաղի հարցի լուծման մասին ավելին գիտի քան ինքը: Այդ ընթացքում նա ժպտում էր մեղավոր, վախվորած ու շողոքորթ ժպիտով, ինչպես կժպտար իսկական ֆորպոստի երկրորդ կարգի չինովնիկը պաշտոնը չկորցնելու եւ շեֆից հավանություն ենթադրող հայացք կորզելու նպատակով, ինչպես երեւի ժպտացել են Հայաստանում իշխանիկի պաշտոն ստանալու նպատակով Հայաստանի շահը հարեւան հզորին վաճառող բոլոր ժամանակների օսկանյանները:
Այն, որ Հայաստանը քանի տարի է արդեն ինքը չի որոշում իր արտաքին քաղաքականությունը, վաղուց էր հայտնի, բայց, որ այդ մասին բացեիբաց կարող է հայտարարվել արտաքին գործերի նախարարի կողմից, նշանակում է մեր վիճակն ավելի վատ է, քան հնարավոր է պատկերացնել: Նշանակալի է, որ այս հայտարարությունը անում են այն մարդիկ, ովքեր 1998թ. ոսկե սարեր խոստանալով եւ առջեւում եղած դժվարությունների մասին պատկերացում անգամ չունենալով, այնքան անպատասխանատու կերպով հանձն առան մեր երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման դժվարին գործը եւ այնքան անփառունակ տապալվեցին, վտանգելով պետականության ու ժողովրդի ապագան, մեզ վերածելով ընդամենը Ռուսաստանի ֆորպոստի, ինչի մասին ռուսները հայտարարում են, ամենաբարձր մակարդակով, կանխամտածված, մեզ արժեզրկելու եւ Ադրբեջանին արժեվորելու անթաքույց ցանկությամբ: Իսկ Ադրբեջանը որեւէ մեկի ֆորպոստը չլինելով հանդերձ հայտարարում է, որ հարկ եղած դեպքում կարող է բանակցել ֆորպոստի տիրոջ հետ:Եվ, դատելով Օսկանյանի հայտարարությունից, արդեն իսկ բանակցում են, Հայաստանին անգամ ամբողջությամբ տեղյակ չպահելով դրանց ընթացքի մասին: Հակառակ դեպքում գոնե Լավրովի չափ տեղեկություն, Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ, Օսկանյանը կունենար:
Հայաստանը արդեն քանի տարի է դուրս էր մնացել տարածաշրջանի տնտեսական համագործակցության շրջանակներից, չունենալով որեւէ հարեւանի հետ հարեւանի համար կենսական նշանակություն ունեցող տնտեսական ոլորտ, ըստ էության վաղուց արդեն վերածվել էր անկլավի, որը կարող է գոյություն ունենալ միայն հարեւանների մեծահոգության եւ հումանիտար օգնությունների շնորհիվ: Այսօր մեր երկիրը մեկուսանում է նաեւ քաղաքականապես, տալով իր համար կենսական հարցարի լուծման իրավունքը Ռուսաստանին, մի երկրի, որը Հայաստանը 200 տարուց ավել է, ինչ դիտարկում է միայն որպես ֆորպոստ:
1998թ իշխանափոխությունից հետո Ղարաբաղն աշխարհի աչքերում քայլ առ քայլ ինքնորոշվողից սկսեց վերածվել անջատողականի: Բոլորովին էլ պատահական չեն այսօր ոչ Էլիզաբեթ æոնսի եւ ոչ էլ մեր երեկվա բարեկամ երկրների հակահայաստանյան հայտարարությունները: Իսկ ի՞նչու էին յոթ-ութ տարի առաջ նույն երկրները եւ մարդիկ լրիվ այլ բնույթի հայտարարություններ անում: Ղարաբաղը ինքնորոշվողից վերածվեց անջատողականի, իսկ Հայաստանը' դեմոկրատիայի կղզյակից' ոչ դեմոկրատական երկրի, ուր պետությունը, պետականությունը եւ ապագայի նկատմամբ պատասխանատվությունը միայն դատարկ խոսքեր են, ուր հնարավոր է քաղկալանավորների գոյությունը, ուր բացահայտորեն կեղծվում են ընտրությունները, ուր իշխանության է քրեական տարրը եւ քրեական մտածողությունը, ուր օրենքը օրենքից դուրս է եւ պաշտպանված են միայն իշխանավորները, այն էլ իրենց իշխանությունում գտնվելու ընթացքում միայն, ուր հարեւան ժողովուրդների նկատմամբ ատելություն է քարոզվում, ուր ֆաշիզմին յուրահատուկ գաղափար է արծարծվում' ժողովուրդների գենետիկ անհամատեղելիության մասին, ուր հնարավոր է ցանկացած անտրամաբանական բան:
Այս պարագայում ի՞նչ պետք է ասեր Էլիզաբեթ æոնսը, իր ասածից բացի, ի՞նչ պետք է ասի օտար եւ օբյեկտիվ դիտորդը, եւ որն էր այն վրդովմունքի ալիքի պատճառը, որ բարձրացվեց Հայաստանում: Իսկ ի՞նչ է, Էլիզաբեթ æոնսի հայտարարությունը ավելի վիրավորակա՞ն էր քան Ռուսաստանինը, ըստ որի, մենք երկիր չենք, մենք պետություն չենք, մենք ֆորպոստ ենք, քայքայվող, հետադիմական եւ դիկտատորական նկրտումներով երկրի ֆորպոստ: Ավելի վիրավորական էր, քան Օսկանյանի՞ խոսքը: Զարմանալի է, բայց æոնսի խոսքերից վիրավորված ցուցարարները այս հայհոյանքից /այլ կերպ ֆորպոստի մասին հայտարարությունները եւ Ղարաբաղի հարցում Օսկանյանի անտեղյակությունը չես անվանի/ չեն վիրավորվում, նրանք ցույցեր չեն կազմակերպում Ռուսաստանի դեսպանատան մոտ, նրանք չեն պահանջում այն իշխանության հրաժարականը, որը կամովին Հայաստանի համար կենսական խնդիրների լուծումը թողել է այլ երկրի' Ռուսաստանի, հայեցողությանը, մի երկրի, որը միշտ էլ մեր թշնամու բարեկամն է եղել եւ այդպիսին էլ կա այսօր, վկա միջազգային ատյաններում այդ երկրի պատվիրակությունների հակահայաստանյան քվեարկությունները: Եվ ոչ ոք չի ըմբոստանում:
Չեն էլ ըմբոստանա, քանի որ հրահանգ չկա: Ցավալի է, բայց այս վեց-յոթ տարիների ընթացքում մեր երկրում վերականգնվեց խորհրդային իրականության ամենատխուր երեւույթներից մեկը' կոմսոմոլը, երբ իշխանավորի մատի մի շարժումով միլիոնանոց ամբոխը, առանց մտածելու եւ մտածելու ցանկության, դուրս էր գալիս դատապարտելու: Դատապարտում էին ինչ պահանջվեր' սեփական հորը, ազատամիտ մեկին, երեկվա առաջնորդին ու կուռքին, կապիտալիզմն ու սիոնիզմը; Այսօր էլ ահա հին ավանդույթի համաձայն օգտագործում են երիտասարդներին, սկզբում' ընտրությունների, հետո էլ æոնսի հայտարարությունը դատապարտելու համար: Ավելի տխուր ու կործանարար բան քան իշխանամետ երիտասարդն է, չի կարող լինել: Ցանկացած իշխանության պարագայում: Երիտասարդության առաջնորդող ուժը' ռոմանտիզմը, իրականությունը այլ կերպ տեսնելու ցանկությունը, թույլ չպետք է տան երիտասարդին լինել իշխանամետ: Նույնիսկ խորհրդային միությունում երիտասարդների մեջ ինչ որ ըմբոստություն կար:Բայց այսօր հարմարվողականությունը մեզանում ամենատարածված երեւույթն է եւ կուլ է տվել անգամ երիտասարդներին:
Վերջին տարիների ընթացքում մեր երկրի իշխանությունները ամեն ինչ արել են բոլորին մեր դեմ լարելու համար: Այստեղ Ադրբեջանի ու Թուրքիայի դիվանագիտությունները մեղք չունեն: Ուղղակի յոթ տարի շարունակ մեր իշխանությունները հակադրել են իրենց անձնական շահը պետության ու ժողովրդի շահին, նախապատվությունը տալով անձնականին: Այս ընթացքում իշխանական բուրգում չի եղել ու չկա մեկը, որ իշխանությունը որպես սեփական բարեկեցության միջոց չդիտարկի: Այս պարագայում, իհարկե, հաղթանակներ ակընկալել հնարավոր չէ եւ անընդհատ պարտությունները արդարացնելու նպատակով իշխանությունները նույն Օսկանյանի բերանով հայտարարում են, որ Ղարաբաղը գին չունի: Ասել է թե, եթե այն անգին է, պետք է պատրաստ լինել ամեն ինչի, զոհել ամեն ինչ հանուն դրա:
Բայց աշխարհում ամեն ինչ իր գինն ունի, իսկ Ղարաբաղի գինը մենք վաղուց եւ ավելի քան վճարել ենք, վճարել ենք պատերազմով, մութ ու ցուրտ տարիներով, Եռաբլուրով վերջապես: Այնտեղ թաղված մարդկանց'երիտասարդների ու պատանիների կյանքերով: Վճարել ենք, հավատալով, որ սա մեր վերջին պատերազմն է, պատերազմում զոհված վերջին պատանին:
Կրկին ու կրկին վաղը ստիպված ենք լինելու կրկնել, որ մեզ չարամտորեն խաբեցին, որ մեր շերեփը թղթից էր, որ բոլորը մեզ դավաճանեցին եւ, որ ամեն ինչ օբեկտիվ է ու այլ կերպ հնարավոր չէր: Բայց այս հին երգն այսօր արդեն չի հնչի եւ ժամանակն է խոստովանել, որ ոչ ոք էլ մեզ չի խաբել ու դավաճանել, որ մեր շերեփը մենք ենք ընտրել եւ, որ այսօր, հենց այս պահին մենք ենք մեզ դավաճանում ու խաբում եւ ինչպես երեկ այնպես էլ վաղը մենք ենք պատասխանատու լինելու մեր պարտությունների համար, մեր երեխաներին ժառանգած ոչ հպարտ հայրենիքի համար, ոմանք այն պատճառով, որ դավաճան են ծնվել, ոմանք էլ, որ հարմարվում են:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել