Ղարաբաղի գինը
Օրեր առաջ պատահաբար (հեռուստացույց ես պատահաբար եմ նայում) հեռուստացույցով տեսա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հանդիպումը Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ։ Չափազանցնում եմ, դա հանդիպում չէր, այլ երկար ռեպորտաժ այդ հանդիպման մասին, որովհետեւ եթե հանդիպումն ամբողջությամբ ցուցադրեին պատկերը բոլորովին այլ կլիներ։
Ռեպորտաժ պատրաստելու տեխնոլոգիան թույլ է տալիս մկրատել հանդիպման անցանկալի մանրամասները, այսինքն՝ դուրս թողնել ուսանողների անհաճո հարցերը եւ նախարարի դրանց պատասխանել չկարողանալը։ Համենայնդեպս սա են վկայում հանդիպմանը մասնակցած ուսանողները, ովքեր հետո հեռուստացույցով դիտելիս, չէին տեսել ամենակարեւոր մասերը։
Ինչեւէ, նախարարը խոսում էր, եւ նրա խոսքից պարզ երեւում էր, որ ուսանողներին ամենից շատ հուզում է Հայաստանի մեկուսացումն արտաքին աշխարհից, հաղորդակցության գծերից եւ նման այլ բաներից։
Նախարարն ասում էր՝ հարեւանները թող երկաթուղի ունենան, ինչ կա որ, մենք էլ կօգտվենք, փոխարենն ասեր՝ մենք երկաթուղի կունենանք, թող իրենք էլ օգտվեն, ինչ կա որ։ Երկաթուղուց, միգուցե, թողնեն օգտվել, բայց նավթամուղն արդեն անդառնալիորեն է փոխել իր երթուղին։
Նախարարն ասում էր, թե Աթկինսոնի զեկույցում կային մեզ համար եւ դրական եւ բացասական ձեւակերպումներ եւ համոզում էր, որ Աթկինսոնի զեկույցը իրավական ուժ չունի։ Իրավական ուժ գուցեեւ չունի, բայց ունի հզոր բարոյական ուժ, որն հնարավորություն է տալու Ադրբեջանին Հարավային Կովկասում իր դիրքերն ավելի ու ավելի ամրապնդելու։
Չգիտեմ, էլ ի՞նչ հարցեր էին հնչել ռեպորտաժի մկրատված մասերում, որ արտգործնախարարը բարկացել էր, բայց պարզ էր, որ դիվանագիտական բոլոր անհաջողությունները պիտի «կոտրվեին» Ղարաբաղի գլխին։
- Ղարաբաղը գին չունի,-ուսանողներին փրփրած համոզում էր Օսկանյանը։ Եթե հավատանք արտգործնախարարին, ուրեմն նա վաղն եւեթ պետք է փակի իր ղեկավարած նախարարությունն ու գնա ավելի օգտակար գործով զբաղվելու։ Որովհետեւ, երբ դիվանագիտության «հայրը» հայտարարում է, թե դիվանագիտության առարկան գին չունի, ուրեմն զբաղվում է ոչ թե բանակցություններով ու դիվանագիտական հանդիպումներով, այլ ընդամենը տուրիստի պես շրջագայում է աշխարհում։
«Ղարաբաղը գին չունի» արտահայտությունը շատ նման է «Կամ ամբողջը, կամ ոչինչ» դիլեմային, ինչը շահարկողները սովորաբար ստանում են երկրորդը։
«Ղարաբաղը գին չունի» արտահայտությունը՝ արտգործնախարարի շուրթերից հնչելիս, նշանակում է, որ Հայաստանը գրավ է դրված , որ Հայաստանն է Ղարաբաղի գինը։ Իսկ եթե Հայաստանը վտանգված է, Ղարաբաղն անվտանգ լինել չի կարող։
Հերոսանալու արվեստին տիրապետող հայ պաշտոնյաները, որ կարողանում են միայն ռեսուրսներ մսխել ու շանսեր բաց թողնել, ամեն ինչ պայմանավորում են Ղարաբաղով։ Բայց նույն այդ պաշտոնյաները 7-8 տարի առաջ ասում էին, թե առանց խաղաղության, առանց Ղարաբաղի հարցը լուծելու, առանց հարեւանների հետ նորմալ հարաբերություններ հաստատելու էլ կկարողանան զարգացնել Հայաստանը։
Հայաստանն, իսկապես, զարգանում է։ Զարգանում է, ինչպես թաղարի մեջ դրված բույսը, որի արմատները հասնում են կավե պատերին ու կանգ առնում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել