HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մուրացկանություն եւ ողորմածություն

Մհեր Արշակյան

Մուրացկանության հակառակը ողորմածությունն է: Ավելի ճիշտ ողորմածությունը բարի կամքի ճիչն է, որի մուտացիան դարձավ մուրացկանություն, քանի որ փոխվեցին եւ ողորմացողները եւ նրանք, ովքեր կարիք ունեն ողորմածության: Հայոց լեզուն ունի «ողորմելի» բառը: Ողորմելի են այն մարդիկ, ովքեր ողորմածության պիտանի չեն: Ողորմելին հոգով մուրացիկն է, բայց ոչ հոգով աղքատը, քանի որ ողորմելին հենց հոգով աղքատի մուտացիան է: Եվ եթե նույնիսկ իմ դիմացինը մուրացկան է, ինչու՞ ես չլինեմ ողորմած, ոչ թե վայելելով փող տալու հնարավորությունը, որը հաճույք չէ, այլ մերժելով այն անդունդը, որ փող տալու կամ չտալու պահին կա իմ ու նրա միջեւ, որը տառապանք է: Մուրացկանությունը ենթադրում է հույս, մուրացկանը հույս ունի, որ իր դիմացով անցնող 100-200 մարդուց գոնե հինգն իրեն փող կտան: Նրա հույսը մեր հույսը չէ:

Մենք չենք կարող հուսալ, աղոթել, որ մեր ճանապարհին հանդիպի մի մուրացկան, որպեսզի նրան փող տանք: Երբ աղոթում ես, դա արդեն ողորմածություն է: Ողորմածությունը հույս չի ենթադրում, այն ենթադրում է պարտք, քանի որ նա, ով փողի կարիք ունի, չպետք է հասցնի հուսալ, թե երբ մենք նրան կտանք ինչ-որ գումար: Մեր գումարն ավելի կանխիկ պետք է լինի, քան' նրա հույսը: Նա, ով փողի կարիք ունի, պարտադիր չէ, որ կանգնի փողոցում, երգի մետրոյում, նվագի Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի դիմաց: Այս տողերն այն բանի համար չեն գրվում, որ ինչ-որ մեկը սովորի լինել ողորմած, ընդհակառակը գրվում են այն բանի համար, որ ոչ մեկիս չդավաճանի ողորմածությունը, որը չկա:

Ողորմածությունը աղքատի վերջին լուման է, ոչ թե հարուստի դրամի մնացորդը, որը մուրացիկին տալիքն է: Մուրացկանությունը սպանեց ողորմածության մշակույթը, որը զուտ քրիստոնեական է: Մուրացկանությունը ծնվեց խնայողության կրքից, որը մարդկային է, խնայողությունը ողորմածության դեմ է, քանի որ մենք այլեւս վերջին լուման չենք տալիս, այլ տալիս ենք այն, ինչի պակասը մեզ չի վնասի: Շա՞տ մուրացկանների եմ տեսել ես: Առավելեւս, ինչո՞վ եմ ես պակաս նրանից, ով ձեռք է մեկնում ինձ' փող ուզելու, այն դեպքում, երբ ես նույնպես ինչ-որ մեկից փող եմ ուզում, եւ դարձյալ' ոչ նրանից, ով ի վիճակի չէ տալ: Ինչքանո՞վ եմ ես իրավացի նրանից, եթե մենք նույն փողոցում կանգնած չենք, մրցակցության սկզբունքից ելնելով մետրոյի նույն վագոնում չենք երգում «Հայ ֆիդայիներ, ջան ֆիդայիներ»-ը, կամ իմ արժանապատվությունն ինչո՞վ է նրա արժանապատվությունից փաստարկված, ով հնարավորություն ունի ինձանից փող ուզելու, իսկ ես ունեմ ազատություն տալ կամ չտալ այդ փողը:

Ովքե՞ր են մուրացիկները: Նրանք այն մարդիկ են, ովքեր առավել զգայուն են եղել ինչ-որ բարեփոխման, կյանքը լավը դարձնելու պետական ինչ-որ ծրագրի, կամ այդ ծրագիրն իրականություն դարձնելու ինչ-որ մեկի քմահաճույքի նկատմամբ: Բայց մուրացկաններն էլ հենց նրա համար են, որպեսզի մենք պահպանենք ողորմած լինելու մեր ընդունակությունը: Ովքե՞ր են ոչ մուրացիկները: Անկասկած' ոչ նրանք, ովքեր փող չեն ուզում փողոցում, այլ' նրանք, ովքեր դիզում են: Բայց այստեղ բացվում է մեկ այլ դաշտ, մուրացկանության ինչ-որ սպեցիֆիկ աշխարհ, որտեղ ամենքը չէ, որ կարող են մուրալ: Եվ ահա այս մարդիկ են, որոնց մենք չենք կարող ողորմալ, քանի որ նրանք վերցնում են ավելի շուտ, քան մենք կհասցնենք տալ: Նրանք ողորմելիներն են: Իսկ ի՞նչ է նշանակում դուրս գալ փողոց, մտնել մետրոյի վագոն փող մուրալու: Ովքե՞ր են քայլում փողոցներով, ովքեր են երթեւեկում մետրոյով: Մենք: Այսինքն, այն մարդիկ, ովքեր մեքենա չունեն: Նրանց հույսը գրեթե իրենց նմաններն են: Եթե մենք փող չենք տալիս, հոգու խորքում նրանք մեզ են անիծում, մեզանից յուրաքանչյուրի հանդեպ են ունենում այն փոքրիկ, մեզ չանդրադարձող տհաճությունը, որին մենք միգուցե արժանի չենք հենց այն պատճառով, որ բոլոր հիմքերն ունենք մեր գրպանում նույնպես փող չունենալու, ուշացած աշխատավարձի, չվերադարձրած պարտքի, պարզապես գործազուրկ լինելու պատճառով:

Այսպիսով, մուրացկանի հույսը մենք ենք, նա մուրում է, բայց նրա հույսը մեր ողորմածությունն է, մենք պետք է լինենք ողորմած, ոչ թե' լավամարդ, ընդ որում հայտնի չէ, մուրացկանն ինքն իր հերթին կողորմա՞ իր նմանի հանդեպ: Առավելեւս հայտնի չէ, այդ գումարով նա կգնա հարբելու՞, թե հաց կառնի: Բայց դա էական չէ: Փողոցում կանգնած մուրացկանը երկար չի դատում այն մասին, թե ինձ որտեղի՞ց այն փողը, որից ինչ-որ բաժին թողնում եմ իրեն: Նա ձեռքը մեկնում է բոլորին: Նա ունի ձեռքը մեկնելու սահմանափակ աշխարհ: Ավելի համարձակները մոտենում են շքեղ ավտոմեքենաների վարորդներին: Այսպիսով մենք մերձենում ենք նոր որակի, թե էլ ումից կարելի է փող ուզել: Բայց այն մարդը, որը ղեկին է, հենց այն պատճառով է ղեկին, որ փողոցում չքայլի եւ իրեն չզզվացնեն բոլոր դեմքերով մուրացկանները: Նա ղեկին նստելով գծել է մեզանից ոչ մեկը չլինելու սահմանը: Ու հանկարծ մուրացկանը նույնացնում է նրան, ով ղեկին չէ եւ նրան, ով ղեկին է: Սա հարված է:

Մարդը ղեկին է, որպեսզի ազատվի առերեսումից, այն պահից, երբ նա ղեկին է, նույնն են մուրացողն ու հետիոտնը, որովհետեւ արագությունը նրան կտրում է մյուսներին համընթաց լինելու փորձանքից: Ուրեմն ղեկին նստած մարդն էլ է ողորմելի, իհարկե ոչ անխտիր բոլոր ղեկին նստածները, քանի որ կան նաեւ ծառայողական մեքենաներ իրենց վարորդներով եւ կան, ասենք, քրիստոնյա վարորդներ: Բայց ահա թե ինչ: Մուրացկան լինելը նրանով չէ ծանր, որ դա գոյության վերջն է, այլ նրանով, որ նրա գոյությունը, մի կերպ քարշ տվող կյանքը մի տեսակ լիարժեք է դարձնում մերը: Ինչպես սովորաբար մեռնողի հետեւից մտովի մխիթարվում ենք, որ մենք չենք մեռնողը: Մենք անմիջապես հասկանում ենք, թե ինչից պետք է խուսափել եւ միջոցներ ենք ձեռք առնում, քծնում ենք վարչապետին, որպեսզի մեզ որեւէ նախարարությունում դարձնի մամուլի քարտուղար, որը ենթադրի մեքենա, քծնում ենք նախագահին, որպեսզի մեզ թուլափայ գցի որեւէ ՍՊԸ-ում, որը ենթադրի մեքենա, կուսակցություն ենք բացում ու շահում դրամաշնորհներ, որը ենթադրի մեքենա, անում ենք ամեն ինչ, որպեսզի հնարավորինս հեռու լինենք մի կերպարից, որից ոչ թե վախենում ենք, այլ մի տեսակ' զզվում, ինչպես սեփական անկողնու մեջ մտած առնետից: Կամ ավելի ճիշտ, շրջանցում ենք, ինչպես փողոցային շանը: Բայց փողոցային շան մասին հազիվ թե մտածես, թե որդի ունի, որը կարող էր օգնել փողոց ընկած հորը կամ մորը:

Սա հենց այն զգացումն է, որը մեզ խանգարում է գումար տալ այդ մարդուն առանց իմանալու, թե վաղը մեր հետ ինչպես կվարվի մեր որդին կամ դուստրը, կնետի փողո՞ց, թե բավականաչափ մարդասեր կգտնվի եւ կտեղավորի ծերանոցում: Այդ մարդիկ այսօր կան եւ նրանց հետ պետք է հաշվի նստել ոչ թե այն պատճառով, որ նրանք, միեւնույն է, իրենց գոյությունը կպարտադրեն, այլ այն պատճառով, որ նրանք ցանկացած պարագայում զոհ են: Եթե հարբեցող են, ուրեմն զոհ են իրենց թուլություններին, եթե գործազուրկ են, ուրեմն պետության զոհն են, որը նրանց չի գնդակահարել, բայց թույլ է տալիս մեռնել, եթե անաշխատունակ են կամ հաշմանդամ, ուրեմն զոհ են մեր կամքից անկախ, բայց միեւնույն է, պետության զոհն են, եթե թոշակառու են, էլի պետության զոհն են: Ոչ ոք մեղավոր չէ, որ բավականաչափ առողջություն ունի մուրացկան դառնալու եւ ոչ թե մեռնելու:

Պետությունն, այո, կրոնական կառույց չէ, բայց մարդը հոգեւոր արարած է եւ ողորմածությունը հենց նրան է բնորոշ, որովհետեւ գումարով, որը տալիս ենք մուրացիկին, մաքրում ենք այն օդը, որը պղտորել է պետությունն իր սոցիալ-տնտեսական կառավարման եղանակներով, տնտեսական տոկոսների աճի մասին իր պարծենկոտությամբ: Ես կոչ չեմ անում աչքով ընկած մուրացկանին օգնել գերազանց իմանալով, որ նա խմելու է տված փողը, ես մտածում եմ, որ մուրացկանների թիվը շատ ավելի քիչ կլիներ, եթե չդադարեինք մեր պասիվությամբ կոռոզիայի ենթարկել մարդուն, չպայքարել նրա փոխարեն, եթե նա ի վիճակի չէ, չմերժել նրա գոյությունը, չբավարարվել մխիթարության դրամով, այլ մասնակցել այս պետության կառավարմանը, որը մեր փոխարեն անում են նրանք, ովքեր մեր հարկը դարձնում են պաշտոնական այցով Կատար մեկնելու տոմս, Իտալիայում ոտքի երակը բուժելու վճար, պարզապես ֆիզիկական իրավիճակը Ֆրանսիայում բարելավելու համար անհրաժեշտ դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter