HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարության կանխավարկած

Երբ մենակ ես, երբ չկան վկաներ, ինքնաբերաբար դառնում ես ավելի անկեղծ, ավելի պարկեշտ, նույնիսկ՝ վեհանձն:

Ուզում ես ներել բոլորին, աղոթել բոլորի համար, ցանկալ բարին, բայց զգում ես, որ սովոր չես ներման, սովոր չես աղոթքի, սովոր չես բարին ցանկալուն:

Դպրոցում անիմաստ ու անխորհուրդ հոլովներ սերտելով, կենալով խոսքի ու ժամանակի հոլովույթում եւ այդտեղ կորցնելով բառի (գոյականի) հոլովակերտ վերջերքը, ի վերջո դարձել ես անորոշության ջահակիրն ու բոցկլտուն կրակի լույսով փնտրում ես անանձնակին: Եւ միշտ փնտրում ես այնտեղ, որտեղ չկաս, որտեղ ուրիշն է սկսվում, որտեղ դու պետք է աղոթես, ներես ու կամենաս ուրիշի բարին:

Ուրիշին սիրելու վիճակը մեկն է - լինել ուրիշ: Այսինքն՝ ինքը: Այսինքն' դարձյալ ինքնասիրություն: Այսինքն' դարձյալ ԵՍ-ը, որ դու ես թե ուրիշը, կարեւոր չէ:

Եւ պարզում ես, որ Աստված սիրելու տարածություն կա, իսկ մարդ սիրելու՝ չկա: Ու որքան մերձ են մարդկային մարմիններն, այնքան համառոտ է հողը եւ օդն էլ համենայնդեպս լի վարակի անտեսանելի մանրէներով:

Նա մարդացել էր Աստված-մարդ տարածությունը կրճատելու եւ մարդ-մարդ տարածությունն ընդլայնելու համար: Այլապես ինչո՞ւ պետք է ձկնորսներին առաքյալներ դարձներ: Չէ՞ որ Ինքը գիտեր, որ Աստված է, եւ ամենեւին կարիք չուներ վկաների:

Իսկ հիմա փորձիր փողոցում մեկին ասել. «Ես քեզ սիրում եմ», լավագույն դեպքում խելառ կհամարվես: Փորձիր զգալ դագաղի մեջ պառկած մարդուն, անխուսափելիության սարսափն իսկույն կպատի քեզ: Փորձիր զգալ հիվանդի ցավը: Բոլոր բջիջներդ զրահ կհագնեն ու կդիմադրեն, եւ ապուշի պես ժպտալով կասես՝ ահ, այո, ցավում եմ, իհարկե …

Ոչինչ իրականում արժեքավոր չէ, բացի քեզանից: Իսկ դու արժեքավոր ես մնացյալի նկատմամբ ունեցած քո առավելությամբ, որն ըստ էության պակասություններիդ գաղտնադարանն է: Երբ տեսնում ես' ուրիշը չկա, իսկ դու կաս, վշտի ու կարոտի քո հողում ծլարձակում է անմահության ենթադրությունը: Այնինչ դու մեռել ես նրա հետ, նրա հիշողության մեջ: Եւ եթե դու շարունակում ես ապրել ու հիշել, միայն անզգամ լինելու պատճառով: Իսկ անզգամ ես, որովհետեւ չես տարբերում ցավն ու ապագան, անցյալն ու ոչինչը, ներկան ու երբեմնը:

Հարության քո շանսը մարդ չլինելն է: Դա է վերացնում քո եւ ուրիշի սահմանը, մարդ չլինելն է ազատում քեզ մարդու ցավից ու վշտից, որ քոնը չեն, բայց անհարմար ես զգում դրանց համար: Մարդ չլինելն է ազատում քեզ կարեկցանքից, որը վերջին հաշվով կեղծ է: Եւ քանի որ Աստծո Որդի չես, ուրեմն խոտ ես, ծառ կամ քար: Եւ հավանաբար դա է հարության քո կանխավարկածը:

Լուսանկարը` granish.org-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter