Ինչ է կատարվում փոքր կենտրոնում (լուսանկարներ)
Առավոտից կաթվածահար են Երեւանի մի շարք կարեւոր նշանակության բանուկ փողոցներ: Փոքր կենտրոնում հատկապես փողոցներն ամբողջությամբ փակ են:

Արշակունյաց պողոտայի սկզբնամասը՝ մամուլի շենքի հարեւանությամբ, փակել են «Տիգրան Մեծ» հրատարակչության մեքենաները: Ամենահետաքրքիրն այն է, որ հրատարակչության ղեկավար Վրեժ Մարկոսյանը, ով ՀՀԿ-ական է, 2012-2017 թթ. պատգամավոր էր հենց ՀՀԿ-ից: Նա նաեւ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի մերձավորներից է: Ինչպես կարելի է տեսնել առաջին լուսանկարում, բեռնատարի վրա փակցված ՀՀԿ-ի տարբերանշանի վրա խաչ է քաշված:

Փակ են քաղաքապետարանին հարող փողոցները: Մասնավորապես, Լուսավորչի փողոցում ճանապարհը փակել է նաեւ 26 համարի ավտոբուսը:

Հարեւանությամբ՝ Բեյրութի փողոցում, քաղաքացիներն արգելափակել էին առանց համարանիշների «Տոյոտա» մակնիշի մեքենան, որին կասկածում էին սադրանքի փորձի մեջ:


Չնայած ոստիկանները ցանկանում էին այն տեղափոխել տուգանային հրապարակ, քաղաքացիները պնդում էին, որ այն պետք է մնա այստեղ:

Մաշտոցի պողոտան ամբողջությամբ ճեմուղի է դարձել քաղաքացիների համար:



Մասնավորապես, աղբամաններով փակված է Խորենացի-Մաշտոց խաչմերուկը: Ամիրյան-Մաշտոց խաչմերուկում էլ երիտասարդները, գետնին նստած, զրուցում էին ու երգում:

Փակ փողոցների տարբեր հատվածներում երիտասարդները ֆուտբոլ, վոլեյբոլ ու «գործնագործ» էին խաղում:

Ամիրյան փողոցի սկզբնամասը՝ հրապարակի հատվածում, փակել էր նաեւ 63 համարի ավտոբուսը:



Հանրապետության հրապարակը մարդաշատ է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել