Լրագրողներն ազատեցին Ուկրաինան
Նախագահի ընտրությունների լրացուցիչ՝ երրորդ փուլով, դեկտեմբերի 26-ին Ուկրաինայում ավարտվեց «նարնջագույն» հեղափոխությունը։ Ժողովուրդը հաղթեց։ Չնայած Ռուսաստանի նախագահի համառ ջանքերին, Յուշչենկոն դարձավ նախագահ։ Հետխորհրդային տարածքում Վրաստանի «վարդերի» հեղափոխությունից հետո սա երկրորդ դեպքն է, երբ նախագահ է ընտրվում Ռուսաստանի համար ոչ ցանկալի մարդ։ Վերլուծաբաններն այս գործընթացն անվանում են Խորհրդային Միության երկրորդ եւ վերջնական փլուզում։
Ռուսական քարոզչությունը երկու դեպքում էլ ժողովրդավարական շարժումների խորքում տեսնում է արեւմտյան ուժերի, մասնավորապես Միացյալ Նահանգների, իսկ առավել մասնավորապես æորջ Սորոսի հետքը։ Ռուսական քարոզչության այս ենթադրությունն, իհարկե, զուրկ չէ հիմքից, քանի որ ԱՄՆ-ը եւ մասնավորապես æորջ Սորոսը, ով իրեն համարում է անձնական արտաքին քաղաքականություն ունեցող մարդ, փորձում են ժողովրդավարական արժեքները տարածել ամենուր։ Ենթադրությունը տրամաբանական չի թվում այն դեպքում, երբ հաշվի չեն առնում այս կամ այն երկրում ստեղծված իրավիճակը, այս կամ այն ժողովրդի ժողովրդավարական արժեքներ որդեգրելու պատրաստակամությունը։
Այս առումով մի շատ հետաքրքիր դիտարկում է արել ամերիկյան Mercury News պարբերականի աշխատակից Մայքլ Մաքֆոլը։ Նա գտնում է, որ այս ազատության համար Ուկրաինան պարտական է լրագրողներին, ում ջանքերով էլ տարիներ շարունակ նախապատրաստվել էր ժողովրդավարական շարժումը։ Հոդվածագրի կարծիքով Յուշչենկոն այս հեղափոխության միակ հերոսը չէ, նրա կողքին կանգնած են ուսանողներ, բանվորներ, իրավապաշտպաններ ու լրագրողներ։
Մաքֆոլը լրագրողներից առանձնացնում է Ելենա Պրիտուլային, ով անցած տարի արժանացել է Սթենֆորդի համալսարանի «Ասպետություն լրագրության մեջ» մրցանակին։ Իսկ ինչու հատկապես Պրիտուլային, փորձենք բացատրել՝ թարգմանաբար հատվածներ ներկայացնելով Մայլք Մաքֆոլի հոդվածից։
«Պրիտուլան լրագրությամբ սկսել է զբաղվել Ուկրաինայի անկախության առաջին տարիներին։ 90-ականների կեսերին նա «Ռոյթըր» գործակալության արտահաստիքային թղթակիցն էր եւ միաժամանակ աշխատում էր «Ինտերֆաքս» գործակալությունում, որը ստեղծվել էր նախկին խորհրդային պաշտոնական լրատվական գործակալության հիման վրա։ Երկու տարի «Ինտերֆաքսի» համար նա լուսաբանում էր նախագահի եւ նրա շրջապատի գործունեությունը։
Այդ տարիներին ճշմարտություն փնտրող լրագրողները համախմբվում էին, Ուկրաինայում կայանում էր հետաքննական լրագրությունը։ Պրիտուլան արդեն այնտեղ էր։
1999 թվականին նա իր երկու գործընկերների՝ Գեորգի Գոնգաձեի եւ Սերգեյ Շոլոխի հետ, հայտնվում է Վաշինգտոնում։ Սերգեյ Շոլոխը «Կոնտինենտ» անկախ ռադիոկայանի տնօրենն է, ով այսօր ԱՄՆ-ում ունի քաղաքական փախստականի կարգավիճակ։ Նրանց այցելության նպատակն էր միջազգային հանրությանը տեղյակ պահել, որ ուկրաինական իշխանությունները պարբերաբար ճնշում են գործադրում զանգվածային լրատվության միջոցների վրա, ահաբեկում լրագրողներին, իսկ ԶԼՄ-ների նկատմամբ պետական վերահսկողությունը խոչընդոտում է օբյեկտիվ տեղեկատվություն ստանալուն։
Գոնգաձեն այդ ժամանակ արդեն հայտնի էր իր լրագրողական հետաքննություններով, որոնք բացահայտում էին կոռուպցիան եւ նախագահ Կուչմայի շուրջ եղած սկանդալները։ Այդ այցելության ընթացքում Գոնգաձեն հայտարարեց, որ Ուկրաինայում չի մնացել գեթ մեկ տպագիր հրատակություն կամ զանգվածային լրատվության միջոց, որը կհամաձայնի հրապարակել իր ներկայացրած նյութերը։ Այդպիսով, 2000 թվականի սկզբից Արեւմուտքի որոշ օգնությամբ սկսեց գործել «Ուկրաինսկայա պրավդա» ինտերնետային անկախ թերթը։ Գոնգաձեն դարձավ գլխավոր խմբագիր, իսկ Պրիտուլան՝ խմբագրի տեղակալ։ Թերթը տեղադրում էր Գոնգաձեի՝ իշխանությունների կոռումպացվածությունը բացահայտող, հոդվածները, ինչպես նաեւ այլ լրագրողների ու վերլուծաբանների տրամադրած նյութեր, որոնք չէին կարող տպագրվել մյուս թերթերում։ Ուկրաինական ինտերնետային ոչ մի այլ թերթ այդպես բազմակողմանիորեն չէր լուսաբանում երկրի քաղաքական կյանքը։
Պրիտուլան Գոնգաձեին վերջին անգամ տեսավ 2000 թվականի սեպտեմբերի 16-ի երեկոյան։ Դրանից երկու ամիս անց լրագրողի գլխատված մարմինը գտնվեց Կիեւի մոտակա անտառներից մեկում։ Դրանից քիչ անց Ուկրաինայի խորհրդարանի հայտնի պատգամավորներից մեկը հայտարարեց, թե գոյություն ունեն երկրի նախագահի կաբինետում գաղտնի արված ձայնագրություններ, որոնք լսելիս հայտնի է դառնում, որ Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են Գոնգաձեից «ազատվելու» հարցը։
Գոնգաձեի սպանությունը հետագա չորս տարվա ընթացքում Պրիտուլային դրել էր միջազգային մամուլի եւ երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Չնայած իշխանությունների սպառնալիքներին եւ ֆինանսական դժվարություններին երբեւէ չմտածելով նահանջի մասին, Պրիտուլան հրատարակում էր «Ուկրաինսկայա պրավդան»։ Նրա ղեկավարած «Ուկրաինսկայա պրավդան» առաջնորդն ու ոգեշնչողն էր Ուկրաինայի արդեն բազմացող ինտերնետ սայթերի եւ տպագիր հրատարակությունների։
Ճշմարտության պահանջարկն առավել վառ արտահայտվեց անցած աշնանը՝ «նարնջագույն» հեղափոխության օրերին։ «Ուկրաինսկայա պրավդան» եւ նման հրատարակություններն ահռելի դեր ունեցան ժողովրդին տեղեկացնելու գործում։ Պրիտուլան եւ նրա թիմակիցները պայքարում են այն բանի համար, որպեսզի լինեն նորմալ ժողովրդավարական երկրում աշխատող լրագրողներ»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել