HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուղեցույց իշխանության եւ ազատագրված տարածքներ այցելողների համար-2

Տես նաեւ՝ Ուղեցույց իշխանության եւ ազատագրված տարածքներ այցելողների համար (մաս առաջին)

Գովեստի եւ գնահատանքի արժանի այս հաճելի նորության մեզ բոլորիս պատճառած անբացատրելի զգացումներով իրար հրաժեշտ տվինք: Երբ հասանք Ջաբրայիլ, թեեւ արդեն մթնել էր, բայց լուսաշաղախ ճամփեզրերով մի մեծ քաղաք տեսանք, որ յուրովի բարի գալուստ էր մաղթում իր գեղեցիկ եւ տրամադրող գիշերային սրճարանների գույնզգույն լույսերով:

Ջաբրայիլում իջեւանեցինք իմ երբեմնի Լոսանջելեսաբնակ, նախկին սփյուռքահայ ընկերոջ' Արամի տանը: Նրա տունը երեք հարկանի էր ու մեծ, եւ կարող էինք հինգ հոգով, առանց տանտերերին որեւէ նեղություն պատճառելու, գիշերել այնտեղ:

Արամն ու իր նախկին պոլսահայ տիկինը' Նվարդը, մեզ շատ մեծ ուրախությամբ դիմավորեցին: Երեք տարի առաջ այստեղ ծնված իրենց դուստրը' Աղավնին, արդեն քնած էր: Փոքրիկին չանհանգստացնելու միտումով իրար հետ փսփսալով մեր խոսելը նկատած տանտիկինը « Մենք, որ Լոս Անջելեսի Ֆռիվեյի մոտ ապրելով ահռելի աղմուկի մեջ երեք երեխա մեծցուցինք, այստեղի խաղաղ ու հանգիստ պայմաններե՞ն պիտի վախնանք » ըսելով' մեզ հանգստացրեց: Արամն ու Նվարդը ծանոթացել ու ամուսնացել էին Պոլսում, հետո արտագաղթել Լոս Անջելես, ուր քսան տարի շարունակ ապրել էին: Իրենց երեք երեխաներից ավագն անբուժելի թմրամոլ էր դարձել եւ հինգ տարի առաջ քաղաքի հանրային զուգարաններից մեկում բարձր քանակի թմրանյութ սրսկվելու հետեւանքով էլ մահացել էր: Իրենց միջնեկին էլ այդ նույն վտանգն էր սպառնում, երբ Արամն իր ընտանիքի բոլոր անդամներով եկավ Հայրենիք ու հաստատվեց æաբրայիլում: Այստեղ ունեցան եւս մեկ երեխա, եւ արդեն չորս տարի է, որ հայրենաբնակ են:

Ընթրիքին Պոլսի համեղ ճաշերը ճաշակելու ժամանակ նրանք մեզ պատմեցին, թե ինչքան ճիշտ են վարվել' Հայրենիք ներգաղթելով, որ այստեղ իրենց երեխաներն անդորր են վայելում եւ ամերիկյան զզվելի կյանքից հեռացել են: « Ծո Կոկա-Կոլան ալ, համբուրգերն ալ իրենց թող ըլլան, թելեվիժընը կը բանաս' մարդասպանություն, ռադիոն կը լսես' բռնաբարություն: Փոխանակ երեխաներն իրենց ծնողներուն թաղեն, ես իբրեւ ծնող այնտեղ իմ երեխայիս թաղեցի: Թմրանյութը Ամերիկայի մեջ նույնիսկ մանկապարտեզ մտած է: Եղբայրս եւ քույրս եկան մեզ այցելեցին հոս եւ հիացած էին մեր կյանքով: Հավանաբար անոնք ալ գան ու հաստատվին հոս» պատմելով' չէին հանդարտվում ընկերներս: Ամուսիններով պաղպաղակի արտադրություն էին նախաձեռնել, եւ գործերը լավ էին. մեծ աղջիկը տեղի ինստիտուտում անգլերեն էր դասավանդում, միջնեկը դեռ դպրոցական էր, իսկ փոքրը' հազիվ երեք տարեկան, եւ նա իրենց' Հայաստանում ծնված առաջին երեխան էր' Հայաստանում ապրելու եկած հայ մարդկանց քոչվոր լինելուց դադարելու որոշման փաստը:

Մինչեւ Արաքսի ափ, այսինքն' Իրանի սահման շրջանի բնակչությունը հասել էր 70 հազարի եւ միմիայն ազատագրված տարածքներում ապրող հայերի թիվը հատել էր 300 հազարը, իսկ Լեռնային Արցախի բնակչությունն էլ հետը' ավելի քան կես միլիոն հայություն էր կազմում. եւ դա այս 7 հազար քառակուսի կիլոմետրանոց տարածքում:

Առավոտյան հրաժեշտ տալով իմ ծանոթներին' ուղեւորվեցինք դեպի Հորադիզ՝ Արաքս գետի ափին գտնվող մեր սահմանային վերջին գյուղաքաղաքը: Շրջանի եռուզեռը զգացվում էր ճանապարհին երթեւեկող ինքնաշարժերի քանակից: Խաղողի այգիներում աշխատողները բազմահազար մրջյունների էին նմանվում, ամեն տեղ աշխատանք կար, ամեն պահ' շարժում: Այստեղ հանդիպեցինք «Հայ ազգը պիտի ցեղենք» հայտարարող հանրապետականներից Տիգրան Թորոսյանին եւ Գալուստ Սահակյանին. մեկն իր զոքանչի տնից էր թողել հեռացել, մյուսը' Երեւանյան երթուղայինների շահավետ բիզնեսից, ու ընտանիքներով հանդերձ եկել հաստատվել էին Հորադիզում: Այստեղ նրանցից առաջինը տեղի Գարեգին Նժդեհի անվան ինստիտուտի փիլիսոփայության ֆակուլտետում Նժդեհյան ուսմունք էր դասավանդում, իսկ մյուսը' խաղողագործների բրիգադիր էր եւ տեսակը վերանալու վտանգի տակ եղող հայկական խաղողատեսակներն էր աճեցնում: Երկուսի գործերն էլ լավ էին, եւ երկուսն էլ իրենց հալալ ու զուլալ քրտինքով ապրելու հպարտությամբ հեզ ու հանգիստ շարունակում էին իրենց խաղաղ կյանքը:

Այստեղ շատ մոտիկ գտնվող մի այլ գյուղում էր հաստատվել նաեւ «Արսոյլ» նավթամթերային ընկերության նախագահ, երիտասարդ գործարար Գուրգեն Արսենյանը: Նա եւս, լինելով Տարոնական շարժման ակունքներում դաստիարակված ու քաղաքականության մեջ իր առաջին մկրտությունը ցեղակրոն շարժման շնորհիվ ստացածներից, այս վայրերում նաֆթահորեր փորելու նպատակով ներդրումներ էր կատարում. չէ՞ որ Հորադիզը Կասպից ծովից շատ էլ հեռու չէ:

Մեր ազգային ջոջերի' ազատագրված տարածքներում հաստատված լինելու ուրախալի փաստով ոգեւորված շարունակելով Ֆիզուլի տանող ճանապարհը' մոտակա զինվորական տեղամասի մերձակայքում հանդիպեցինք նախկինում Լիբանանի բանակի բարձրաստիճան սպա, այժմ թոշակառու գեներալ Նարեկ Աբրահամյանին, որն ինձ հետ եղող ծնունդով Լիբանանի Այնճար գյուղից, սփյուռքահայ ընկերներիցս մեկի համագյուղացին էր:

Այս հանդիպումից էլ տեղեկացանք, որ գեներալ Նարեկը, իբրեւ թոշակառու, որոշել է իր բանակային ռազմագետի գիտելիքները կամովին ի սպաս դնել իր հայրենի զինուժի զարգացմանն ու ուժեղացմանը. նա ազատագրված տարածքներում հաստատվելով' գործուն զինվորականի կյանքը նախընտրել էր Միջերկրականի ծովափնյա հանգիստը վայելելուց: Գեներալն այստեղի բնակչության հույսն ու հավատն էր դարձել, պահպանվող խաղաղության ու անվտանգ կյանքի խորհրդանիշը:

Ֆիզուլի քաղաքում էր տեղակայված ամբողջ շրջանում 24 ժամյա հեռուստահաղորդումներ հեռարձակող եւ առայժմ տեղի միակ' Ազատ հեռուստատեսությունը : Եվ ի՜նչ երջանիկ պատահականություն է, որ այս ընկերության նախագահը բոլորիս ծանոթ Ալեքսան Հարությունյանն է, իսկ գեղարվեստական ղեկավարը' հայտնի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը: Նրանք իրենց ընտանիքներով եկել ու հաստատվել են հենց այստեղ, քանի որ Ֆիզուլին Արցախի Մարտունուց եղող Ալեքսան Հարությունյանի եւ բաքվեցի աներհոր' Ռոբերտ Սահակյանցի ծննդավայրերին ամենամոտիկն էր, եւ կարոտն էլ անշուշտ ազգային կատեգորիա էր: Հետո էլ' իրենց համար զուտ ընտանեկան բիզնես եղող Ազատ Հեռուստատեսությունը լիցենզիա ստանալիս ստիպված չեն եղել Ա 1 +-ի հետ մրցելու եւ Ամալյանի Հանձնաժողովի օգնության կարիքը զգալու: Այստեղ ամենազարմանալի երեւույթը, գրեթե իրոք անհավատալի եղող երեւույթը, Ռոբերտ Սահակյանցի' մեր ոսկեղենիկ հայերենով հաղորդումներ վարելն էր: Բաքվից Երեւան տեղափոխվելուց առ ազատագրված տարածքներ հիմնովին հաստատվելը' հայերենն արհամարհելուն սովոր եւ միմիայն ռուսերեն խոսող մարդը, հարգելով ազատագրված տարածքներում գործող օրենքները եւ իբրեւ օրինապաշտ հայ, Ֆիզուլու Ազատ Հեռուստատեսությամբ հայերեն հաղորդումներ էր վարում:

Իսկ Ալեքսան Հարությունյանը Հանրայինում ամեն օր ցուցադրվող «-Դոլորես ես քեզ սիրում եմ : - Ո՛չ, Խոսե Միգուել, ես իմ նախկին ամուսնու եղբայր Ֆելիփեին եմ սիրում, չնայած նրա կնոջ եղբայր Կառլոսից եմ հղիացել» ասող, անբարոյականություն սերմանող սերիալներն Ազատ Հեռուստատեսությամբ հեռարձակելն արգելել էր. այստեղ միմիայն բարոյականություն քարոզող նյութեր էին եթեր դուրս գալիս, եւ ոչ մի Դոլորես ոչ մի Խոսե Միգուելի չէր սիրում եւ, առավել եւս, Ֆելիփեի կնոջ եղբայր Կառլոսից չէր հղիանում:

Ֆիզուլուց վերադարձի օրը Ազատ Հեռուստատեսությամբ մի լաւ լուր հաղորդեցին, որտեղ հայտնում էին, որ նախկին վարչապետներից եւ ի տարբերություն աշխարհի մնացած հայերի, դեռ մանուկ հասակում խավիար ճաշակած լինելու արավելությունն ունեցող Արմեն Դարբինյանի գլխավորած Արժանապատիվ Ապագա կուսակցության ինքնալուծարման մասին: Հեռուստատեսությամբ արդեն մոտ տաս տարուց աւելի, տարածաշրջանում բնակություն հաստատած կուսակցության նախկին նախագահը հանդիսացող եւ ամենայն հայոց սոցիոլոգ Տիկին Լյուդմիլա Հարությունյանի հետ կայացած հարցազրույցն էին ցուցադրում եւ նա իր երբեմնի կուսակցության այս խոհեմ որոշումը ողջունելով ասում էր, որ կատարվածը տրամաբանորեն հաստատում է ազատագրված տարածքներում իրական արժանապատիվ ապագայի կայացած լինելու արդեն արձանագրված անհերքելի փաստը:

Կուբաթլուն դարձել էր ամբողջ ազատագրված տարածքների շրջկենտրոնը' նախ իր 40 հազար բնակչությամբ, ապա' այնտեղ հանգրվանած ազգիս ընտրյալների ընտրանիով. Զորի Բալայանը բոլորիս տարիներ շարունակ պանթուրքիզմով վախեցնելու եւ Երեւանում իր ու իր բարեկամների համար մայրաքաղաքային հողատարածքներ հաջողացնելու գործը թողած' ահա եւ եկել հաստատվել էր այստեղ ու սիրահոժար կերպով սփյուռքից ներգաղթող հայրենակիցների տարբեր հարցերով էր զբաղվում: Ըստ նրա' այստեղ մշտական բնակություն հաստատող սփյուռքահայերը տարածքի բնակչության ավելի քան 45 տոկոսն են կազմում, իսկ իր պես նախկին ղարաբաղցիները' 35 տոկոսը, եւ այստեղ գործող համատեղ ձեռնարկությունների թիվը հասել է 85-ի: Արտահանման ծավալները գերազանցում էին ներկրման ծավալներին, եւ տարեկան տնտեսական աճը 22 տոկոսին էր հասել, որն էլ բնականաբար կովկասյան հրաշք կարելի էր անվանել:

Ու քանի, որ երկրի ողջ տարածքում կաշառքն ու կաշառակերությունը բացակայում էին, անգործությունից հոգնած Բագրատ Եսայանը եւս որոշել էր գալ եւ Կուբաթլուում հաստատվել: Նա այստեղ վերադարձել էր իր նախասիրած նախկին գործունեությանն ու շրջանի սկաուտական շարժման գլուխն էր անցել: Սկաուտականները 12 հազարից էլ շատ էին եւ ամենշաբաթյա բանակումներից ու կազմակերպված արշավներից բացի օգնության կարգով, կամավորական սկզբունքով մասնակցում էին բոլոր շինարարական աշխատանքներին: Բնականաբար այս բոլորը կատարվում էր իրենց 114 տարվա կուսակցության կազմակերպչական աջակցության շնորհիվ' չնայած հենց իրենց իսկ մեղքով էր Ախալքալակի հայաթափման տխուր փաստը իրականացել, բայց նրանք քավության նոխազ չլինելու համար' անում էին ամեն ինչ նախկին ախալքալակցիներին ազատագրված շրջաններում տեղավորելու համար: Այդ իսկ պատճառով էլ ամենուր երեւում էին « Մեր նպատակը միացյալ բարգավաճ Հայաստանն է» եւ «Դեպի երկիր» կարգախոսները:

Հնչակյանները նրանցից ետ չէին մնում, նրանց ներդրումների շնորհիվ շրջանում գորգագործությունը լուրջ զարգացում էր ապրել եւ, կարելի է ասել, չկար առանց գորգ հյուսող դազգահի հայի տուն: Մետաքսե ձեռագործ գորգերը դեռ չավարտված' արդեն մեծ գումարների դիմաց վաճառվում էին Եվրոպայում եւ Ամերիկաներում: Շրջանում գոյություն ունեցող երեք փայտամշակման եւ կահույքի գործարանները եւս հնչակյան ազգայինների կատարած ազգանվեր գործի արդյունքն էին: Եվ այս ամենով չբավարարվող հնչակյանները հիմա էլ նախաձեռնել էին գինու, օղու եւ կոնյակի նոր գործարանի կառուցումը: Միայն նրանց ջանքերի շնորհիվ սփյուռքից տարածաշրջան ներգաղթել էր 15 հազարից ավելի հայ:

Կուբաթլու-Զանգելան ճանապարհի աջ եզրում Ռամկավարների կողմից կառուցված համակարգչային սարքավորումներ արտադրող հսկա գործարանն էր, ուր օրը երկու հերթափոխով 6 հազար մարդ էր աշխատում: Գործարանի տնօրենը պատմում էր, թե եկող տարի կառուցվելիք նոր գործարանում մոտ 8 հազար հոգի եւս աշխատելու է: Պարզապես նեղ մասնագիտացված աշխատողների քանակի պակասի պատճառով, որոնք այժմ նախապատրաստական դասընթացների են հետեւում, գործարանի բացումն ուշանում է: Ուրախալի էր, անշուշտ, տարիներ շարունակ եւ ամբողջ Հայաստանով մեկ մասոնականության ցանց հյուսելով զբաղված եւ Սողոմոնի տաճարի շինարարության օգտին աշխատած մարդկանց այժմյան հայրենանվեր գործունեությանն ականատես լինելը:

Զանգելանում, որ հիմա իր հնամենի անվամբ Կովսական էր կոչվում, կարողացանք մնալ միայն կես օր, քանի որ շտապում էինք ճիշտ ժամին հասնել Մեղրու միջազգային երկու օդանավակայաններից մեկում ամենօրյա Բեյրութ-Հալեպ-Մեղրի չվերթն իրականացնող օդանավի վայրէջքին:

Այնուամենայնիվ պետք է նշել, որ Զանգելանն իր անծայրածիր բամբակի դաշտերով, թեթեւ արդյունաբերության' մետաքսի, կտորի, կերպասի արտադրության գերժամանակակից երկու հզոր գործարաններով տարածաշրջանի չորս երկրներից ամենաորակավոր արտադրանքը տալով' միջազգային շուկայում իր գներով անմրցելիություն էր ապահովել արդեն: Արդյունաբերության այս ճյուղում աշխատում է մոտ 8 հազար մարդ եւ շրջանի բնակչության թիվը գերազանցում է 35 հազարը:

Մեղրու միջազգային երկու օդանավակայաններից «Արաքս-1» հասանք կես ժամ ուշացումով: Մեզնից բացի Բեյրութից Հայաստան ներգաղթող երկու հայ ընտանիքին դիմավորելու էին եկել արդեն երեք տարուց ավելի Հայաստանում հաստատված իրենց հարազատները: Եկողներից մեկի կինն ինձ հետ եղող սփյուռքահայ ընկերոջս հարազատ քույրն էր, մյուսը' հայտնի գրող Անդրանիկ Ծառուկյանի ծոռը: Նրանք օդանավի վայրէջք կատարելուց տասը րոպե անց արդեն իրենց իրերով դուրս էին եկել: Օդանավակայանի պետական ծառայությունների աշխատակիցները բավականին բարեհամբույր էին եկողների նկատմամբ, նրանց ոչ միայն որեւէ նեղություն կամ տհաճ վերաբերմունք ցույց չէին տվել, այլեւ ընդհակառակը' օգնել էին' ինչով կարողացել էին:

Մեղրու «Արաքս-1» օդանավակայանից դեպի Շվանիձոր շարժվող մեր ինքնաշարժերի ձայնասփյուռով վերջերս մոդայիկ դարձած եւ գրեթե մեր բոլոր երգիչ-երգչուհիների կողմից երգվող, բոլորի կողմից սիրված մի երգ էր հնչում' Փառք քեզ Հայաստան, դու վերածնված Հայրենիք հայոց :

Սարգիս Հացպանեան
Երեւան, 10 օգոստոս, 2004

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter