Ուղեցույց իշխանության եւ ազատագրված տարածքներ այցելողների համար
Հոդվածում գրված եւ ոչ մեկ բան իրականությանը չի համապատասխանում: Հորինված են բոլոր անուններն ու դեպքերը: Սա ընդամենը մի ուղեցույց է նախ հայրենի իշխանությունների, ապա եւ' վերջերս ազատագրված տարածքներ այցելելու ցանկություն հայտնած հայ լրագրողների համար:
«...Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից: Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում: Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի: Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրելը պարտադիր չէ: Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս-մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում հավաքական, չպարտավորեցնող, սրտագին սիրով:
Հայը հավաքական գոյությունից վեր է դասում հավաքական սերը առ ոչինչ: Հարյուրամյակներ շարունակ մաս-մաս մեր հայրենիքը դարձնելով պատմական' մաս-մաս ուժեղացնում ենք մեր հարեւաններին, ուժեղացնելով' հռչակում թշնամի, նեղվում ենք թշնամու հարեւանությունից, անիծում ենք մեր իրական հայրենիքի փոքրությունը եւ երազում մի հզոր, մի խաչակրաց բանակ, որ դարձյալ կգա ու կանցնի մեր հայրենիքի, մեր պատմական հայրենիքի, մեր հարեւանների վրայով ու այս անգամ, գուցե, հավերժորեն մնա: »
Վանո Սիրադեղյան
Մեր ինքնաշարժի' Երեւանից մեկնելուց առաջ ինձ հետ ճանապարհորդելու եկող երկու սփյուռքահայ ու երկու հայաստանցի ընկերներին պատմում էի սրանից ուղիղ տասը տարի առաջ մեր հայրենակից հայ քաջերի արյան գնով ազատագրված հայկական տարածքների չքնաղ գեղեցկության, ընդարձակ ու բերրի հողերի մասին:
Մեզ հետ վերցված քարտեզի վրա հատուկ, մանրամասն նշումներ կային տեղի գյուղերի եւ քաղաքների' այժմ վերստին գործածվել սկսած հայերեն անունների ու շրջանի մոտավոր թվաքանակի մասին:
Սփյուռքահայ ընկերներս մեծ ոգեւորությամբ էին լսում պատմածներս, իսկ մնացածը շարունակ հետաքրքիր հարցադրումներ էին անում ու մեծ համբերությամբ սպասում իմ բացատրություններին: Երկար եւ բավականին հետաքրքիր ճամփորդությունից հետո հասանք Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը, ուր եւ հյուրընկալվեցինք տեղի հիվանդանոցի գլխավոր բժիշկ, իմ վաղեմի բարեկամ Արցախ Բունիաթյանի տանը:
Սրճելուց հետո նա մեզ ուղեկցեց իր գլխավորած հիվանդանոցը, ուր բոլորս զարմանքով լսում ու տեսնում էինք իրավիճակը' իր ողջ մերկությամբ: Հիվանդանոցն արտակարգ լավ վիճակում էր գտնվում. իր գերժամանակակից սարքավորումներով եւ հանդերձանքներով որեւէ զարգացած երկրի մայրաքաղաքային հիվանդանոցի չէր զիջում: Հիվանդանոցի բուժաշխատակազմը հմուտ եւ բանիմաց մասնագետներից էր կազմված: Երկու սփյուռքահայ վիրաբույժներից մեկը ԱՄՆ-ից, մյուսը' Ֆրանսիայից էին եկել ու տարիներ առաջ իրենց ամբողջ գերդաստանով մշտապես հաստատվել այստեղ:
Հիվանդապահուհիներից երեքը Երեւանից, երկուսը Հրազդանից, չորսը Արտաշատից էին: Բոլորն էլ իրենց ընտանիքներով էին եկել ու հաստատվել այստեղ: Բժիշկ Արցախը պատմում էր, թե բոլոր հարցերը լիովին լուծված են, դեղորայքով մշտապես ապահովված են, նույնիսկ անհրաժեշտության դեպքում մոտակա Գորիսի ու Ստեփանակերտի հիվանդանոցներին իրենք են օգնության հասնում: Եվ այս ամենն անշուշտ անվճար էր, ձրի:
Շրջանում բոլոր տեսակի կապերը գործում էին անթերի. հեռախոսով երբ եւ որտեղից ուզեիր' կարող էիր կապվել աշխարհի ցանկացած վայրի հետ: Բնակչությունը նախընտրում էր ինտերնետային կապը, որը հասանելի էր մեծամասնությանը:
Բերձորի տներից յուրաքանչյուրը սքանչելիորեն մշակված փոքր մի պարտեզ ուներ. հոտավետ ծաղիկների բույրը հասնում էր ամենուր: Քաղաքի կենտրոնում հանդիպեցինք շրջանի վարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանին. նա ժրաջանորեն տքնում ու գիշերուզօր աշխատում էր բնակչության տարբեր տեսակի հոգսերը թեթեւացնելու համար: Ամբողջ շրջանը նրան պաշտում էր, վարչակազմի բոլոր անդամները ժողովրդի սիրելին էին: Այնտեղ ոստիկանության, դատախազության, հարկային, մաքսային ծառայությունների, ինչպես նաեւ բոլոր հիմնարկությունների աշխատողների միակ հոգսը ժողովրդին է՛լ ավելի օգնելն էր:
Կաշառք, կաշառակերություն բառերը տասը տարուց ավելի էր, ինչ տեղի բնակչության հիշողությունից վերացել էին: Հերիք էր' որեւէ հարցով դիմեիր որեւէ պետական պաշտոնական ատյանի, եւ արդեն մի քանի ժամում դիմումդ նրանց կողմից ըստ արժանվույն գնահատված ու դրական լուծումն ստացված էր լինում:
Մենք, չկարողանալով թաքցնել մեր զարմանքը, փորձեցինք հենց պարոն Ալեքսան Հակոբյանից էլ իմանալ այս ամենի գաղտնիքը: Նա ժպտալով ասաց, որ երկրի սահմանադրության մեջ նշված է, որ իշխանությունները ծառայում են ժողովրդին, ինչը եւ իրենք բազմաթիվ թերություններով հանդերձ' համեստորեն փորձում են կյանքի կոչել:
Մեր թերահավատությունը նկատած բնակիչներից մեկը մեզ մոտենալով հավաստեց տրված պատասխանի արժանահավատությունը' ավելացնելով ու հորդորելով մեզ եւս գալ ու մշտապես ապրել այս երկրային դրախտում: Մարդիկ ամենուր ուրախ ու երջանիկ էին. ավելին պատկերացնելը պարզապես անհնարին էր: Միայն Բերձորում արդեն բնակչության թիվը 30 հազարն անցել էր, եւ ամենուրեք հանդիպում էինք բնակարանային շինարարության լայնածավալ աշխատանքների:
Ճանապարհին մոտեցանք այդ շինարարություններում աշխատող երիտասարդ բանվորներից մեկին, եւ նա մեզ հայտնեց, թե ինքն Արմավիրից է ու իբրեւ ուսանող եկել է ամառնային արձակուրդի ժամանակ կամավորական սկզբունքով սիրահոժար մասնակցելու հայրենաշինության այս նվիրական աշխատանքին: Մեզ հետ զրուցելու համար մեզ շրջապատողներից շատերի խոսակցականից անմիջապես հասկացվում էր նրանց սփյուռքահայ լինելը. նրանք էլ ասում էին, թե ժամանակին այս հողերի ազատագրման համար զոհված իրենց հայրենակիցների գործն են շարունակում: Հազիվ 18-20 տարեկան այս երիտասարդները Լիբանանից, Սիրիայից, Եգիպտոսից, Կանադայից, ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից էին: Նրանք մեզ ցույց տվեցին մոտ 10 կմ հեռու գտնվող մի հսկա շինարարություն, որը Ռուսաստանում ապրող հայերի կողմից էր կառուցվում. Ռուսաստանից, Ուկրաինայից, Հյուսիսային Կովկասի սահմանամերձ շրջաններից այստեղ մշտական բնակության նպատակով ներգաղթած հայերն իրենք իրենց համար բնակելի շենքեր էին կառուցում:
Կարծես այս ամենը երազ լիներ. բոլորս մեր տեսածներով ու լսածներով հիացած էինք: Փառք այստեղ ընկած հայորդիների գործը շարունակողներին, փառք հայրենաշինարարության բոլոր մասնակիցներին:
Բերձորից ստացած հիասքանչ տպավորություններով ուզում էինք դեպի Շուշի շարժվել, բայց մեզ զգուշացրին, որ Գորիս-Ստեփանակերտ երկրորդ ճանապարհաշինարարության պատճառով ճամփան գրեթե անանցանելի է, եւ նախընտրելին այդտեղից դեպի հարավ- արեւելք' դեպի æաբրայիլ գնալն էր:
Մեզ դեպի Շուշի այս երկրորդ ճանապարհի անհրաժեշտության մասին լուսաբանողները հայտնեցին, թե գործող ճանապարհն արդեն պետք եղած պահանջները չի բավարարում, եւ շատ հաճախ Գորիսից Շուշի գոյություն ունեցող խցանումների պատճառով հասնում ես երկու-երեք ժամում, այդտեղ բնակչության թիվն արդեն 50 հազարն անցել է, եւ բնակարանների մեկ քառակուսու մետրի արժեքն արդեն 2 հազար դոլարից էլ ավելի է: Սառցածածկ Կանադայից եւ Սկանդինավյան երկրներից ներգաղթած 20 հազար հայրենակիցների կողմից կառուցված երկու մեծ թաղամասերում մի սենյականոցի գինը 300 հազար դոլարի սահմաններում է, եւ բնակարան գտնել գրեթե հնարավոր չէ:
Այ քեզ հրաշք, այս ինչ ուրախալի եւ զարմանահրաշ իրողություն է: «Հավանաբար հայի վերջին խելքը սկսել է աշխատել վերջապես»' ասելով ու երջանկությունից կարծես թեւեր առած' սլանում էինք դեպի հարավ-արեւելք:
Ճանապարհի եզերքին' մեր հետեւում թողած մեկը մյուսից գեղեցիկ գյուղերը նմանվում էին կինոների մեջ մեր տեսած կոկիկ, մաքուր, խնամված, փոքրիկ ծաղկածածկ պարտեզներով, երկհարկանի տներով կառուցված գյուղերին: Տարբերությունն այստեղ բոլոր տների' հայկական տուֆ քարով եւ հայկական ճարտարապետությանը հարիր շատ նրբաճաշակ ոճով սարքված լինելն էր: Դա գեղագիտական հաճույք էր պատճառում, մեր սրտերը հպարտությունից պիտի պայթեին կարծես:
Տարածաշրջանում ամբողջությամբ մշակված, քառակուսի կտրվածքներով մեկը մյուսից բաժանված սեւահողեր էին, ուր այնպիսի միրգ ու բանջարեղեն չկար, որ չաճեր: Մրգատու ծառերով լի մեծ դաշտավայրերը մեր հետեւում թողնելով' ամեն 20 կմ-ն մեկ գոյություն ունեցող բենզալցակայաններից մեկում կանգ առանք: Տարածքում ամեն ինչ հայոց լեզվով ու հայատառ էր գրված: Աշխատողները բավական բարեհամբույր ու բարեկիրթ հայորդիներ էին' մաքուր հագնված, սանրված, սափրված, խոշոր ու սիրուն հայկական աչքերով: Երբ կամեցանք վճարել, նրանք մեզ' «Հավանաբար հոգնած կլինեք, մեր հիմնարկն իր հաճախորդներին հրավիրում է լցակայանին կից գտնվող պանդոկը' բնական թարմ մրգահյութեր ու տաք ըմպելիք մատուցելու համար, խնդրում ենք չմերժել» ասացին:
Ինչպե՞ս կարելի էր մերժել մեզ այսքան սրտանց ժպիտով ու բարեհամբույր դիմող երիտասարդ աշխատողների խնդրանքը: Մեր ինքնաշարժը կայանատեղում թողնելով' մտանք պանդոկ: Շատ ճաշակով սարքված այս հաճելի հանգստավայրում մեզ սուրճ եւ տեղական արտադրության բնական մրգահյութեր հյուրասիրեցին: Հյութերի շշերի նրբակերտ տեսքից մինչեւ կափարիչն ու պիտակները մեզ ապացուցում էին հայրենի արտադրանքի մաքրությունը: Մատուցող երիտասարդ հայուհին տեղեկացրեց, որ միայն իրենց ենթաշրջանից 14 տեսակի մրգահյութ է արտահանվում աշխարհի 34 երկիր, որը մի քանի տարի առաջ այստեղ ներգաղթած նախկին սփյուռքահայ հայրենակիցների մեծ ներդրման ու աշխատանքի շնորհիվ է: Շրջանում գործազրկություն չկար. բնակչությունը նույնիսկ երկրորդ, երրորդ փոքր գործերում էր աշխատում: Ծնելիության տոկոսները բարձր էին. միայն անցյալ տարվա վիճակագրական տվյալներով æաբրայիլի շրջանում ծնվել էր 6 հազար երեխա : Երեխաներին այստեղ միմիայն հայկական անուններով էին կոչում. նորածիններին հաճախ շրջանի ազատագրության համար զոհվածների եւ նրանց մայրերի անունները դնելու սովորույթն այստեղ բարի ավանդույթ էր դարձել:
Ցուցանակներն անցորդներին հորդորում էին Հայրենի միջավայրը մաքուր պահելու մասին: Նայելով շուրջը' հասկանում էինք, որ այդ հորդորները փաստորեն մշտապես կատարվում էին բոլորի կողմից. Հայրենիքի Տեր լինելու գիտակցությունը շատ բարձր էր:
Երբ մեզ հյուրընկալող պանդոկից հեռանում էինք, կայանատեղում թողած ինքնաշարժի մաքրությամբ հիանալու աստիճան մեր զարմանքը նկատած տեղի աշխատողներից մեկը մոտեցավ մեզ եւ «Մեզ մոտ հանգստացող հաճախորդների ինքնաշարժերի մաքրության ապահովումը սպասարկման գնի մեջ է մտնում, ձեզ բարի ճանապարհ ենք մաղթում» ասելով' հեռացավ:
Դեռ մենք չէինք էլ հասցրել «Ահա եւ քեզ քաղաքակրթության եւ քաղաքավարության մակարդակ» ասելով հիանալ, որ հաճելի մի այլ երեւույթի ականատեսը եղանք: Կայանատեղում ինքնաշարժից իջավ Կուբաթլուի շրջանի վարչակազմի նվիրյալ անդամներից գրող տիկին Ալվարդ Պետրոսյանը: Ինձ հետ եղող ՀՅԴ նախկին անդամ սփյուռքահայ ընկերս մեզ ծանոթացրեց միմյանց հետ: Տիկին Ալվարդը կարճատեւ զրույցում հասցրեց պատմել, որ արդեն հինգ տարուց ավելի է' մշտապես բնակվում է ազատագրված տարածքներում, շրջանի վարչակազմում կրթական համակարգի հարցերով է զբաղվում, նաեւ այստեղ ավարտած իր չորրորդ գիրքն է հրատարակման պատրաստում, ուր պատմում է ազատ, անկախ եւ միացյալ հայրենիքի այս փոքր հատվածում կատարվող ազգանվեր, հաճելի իրադարձությունների մասին: Ճիշտը ա՛յս է, այստե՛ղ է, մնացածը աներեւույթ խոսքերի շարան լինելուց բացի ուրիշ եւ ոչ մեկ իմաստ չեն պարունակում: Ապրելու եւ ազատագրված հողերում հայ նոր սերունդ դաստիարակելու, հայրենիքը խոսքից գործի վերածելու մարտահրավերը կամովին է ընդունել նա, իր հետ այստեղ է բերել նաեւ իր գերդաստանից 50-ից ավելի մարդու, եւ բոլորով այստեղ Հայրենիք են կերտում, աշխատում միասին: Մեզ հետ զրույցում հաճելի մի այլ նորության մունետիկը լինելու առաքելությունը ստանձնելով' տիկին Ալվարդ Պետրոսյանն իր պատումն ավարտեց հետեւյալով. ըստ նրա ասածի' մոտ օրերս ՀՀ նախարար երկու դաշնակցական ընկերներ՝ Դավիթ Լոքյանն ու Աղվան Վարդանյանը եւս, հրաժարվելով իրենց նախարարական պաշտոններից, մշտապես բնակվելու նպատակով գալու եւ հաստատվելու են այստեղ: Նրանցից մեկը գյուղատնտեսությամբ է զբաղվելու, մյուսը' «Նորից Նախիջեւան» անունով թերթ հրատարակելով:
շարունակելի
Սարգիս Հացպանեան
Երեւան, 10 օգոստոս, 2004
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել