
Արմավիրում 53 դպրոց շարունակելու է արձակուրդը
Արմավիրի մարզի 118 դպրոցից 53-ը այսօր չի վերսկսի աշխատանքը և արձակուրդում կմնա ևս մեկ շաբաթ: Այդ դպրոցներում գարնանային արձակուրդները միացվել են ձմեռայինին, իսկ մնացած 65 դպրոցները կշարունակեն բնականոն աշխատել: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը:
Ըստ նրա՝ ամեն տարի նշված 53 դպրոցներում արձակուրդը երկարացվել է, քանի որ դրանք ջեռուցվում են հեղուկ վառելիքով: Խնդիրներ չեն առաջանում լոկալ ջեռուցում ունեցող դպրոցներում, որոնք շարունակում են աշխատել:
«Այնպես չէ, որ դպրոցները հեղուկ վառելիք չունեն, պարզապես նպատակահարմար չենք համարել: Դպրոցներն էլ դիմել են մեզ, մենք էլ աշխատել ենք ընդառաջել, քանի որ ցանկալի ջերմաստիճանը չեն կարողանալու ապահովել»,- ավելացրեց Գայանե Սայադյանը:
Մեկնաբանել