Էջ թերթելու արագությամբ Աստված լինելու հնարավորություն
Մհեր Արշակյան
Իր արշավանքների ժամանակ Ալեքսանդր Մակեդոնացին տեղեկանում է, որ ուսուցիչը՝ Արիստոտելն, ուրիշներին լուսավորում է այն խոսքով, որով լուսավորել է իրեն: Մակեդոնացին մթնում է եւ պարսավանք գրում ուսուցչին: Կարեւոր չէ, թե ուսուցիչն ինչպես է արդարանում Մակեդոնացու առջեւ: Մակեդոնացին խոցված է խոսքի փոխարեն: Մակեդոնացու օրոք դեռ կար այդ գիտակցությունը, որ նույն բանը չէ այն, ինչ ինքը գիտի եւ այն, ինչ գիտեն ուրիշները: Մեկ այլ ուսուցիչ՝ Լեւոն Ներսիսյանն ասում էր. «Ես ասում եմ, շպրտում եմ, լավ կլինի, որ մեկը որսա դրանք»: Նա խոսքի մասին ասում էր՝ շպրտում եմ: Ոչ' դեն նետելու, այլ' բաց թողնելու իմաստով: Քանզի, խոսքը, Թումանյանի բառերով, նետ է, որը արձակվելուց հետո երբեք ետ չի վերադառնում:
Այսպիսով խոսքը թեւ առնող մի բան է: Նույն ժամանակաընթացքում այդ բանը կհաստատի Բորխեսը: Նա ասում էր. «Գիրը կոպիտ է, բառը՝ թեւավոր»: Բորխեսն, ի դեպ, լուրջ ուսումնասիրություն ունի բառի մասին: Նա արձանագրում է, որ հին աշխարհի մեծերը դիտավորյալ ոչինչ չէին գրում: Սոկրատեսի օրինակը հայտնի է: Քրիստոսը մեկ անգամ է գրել, այն էլ ավազի վրա: Մեր դեպքում լավագույն օրինակը համալսարանի արտասահմանյան գրականության հանճարեղ դասախոս Լեւոն Նեսիսյանն է: Նրանք չէին գրում, որպեսզի խոսքը, ԲԱՆ-ը չկաշկանդեին սերունդների առջեւ պատասխանատվությամբ:
Գրականությունը խոսքը դարձրեց հանրամատչելի: Բայց խնդիրն այն չէ, որ գիրը բառը դարձրեց ամենքինը: Մենք, իսկապես, տպավորված ենք այն բանից, որ ոչ բոլորը կարող են գրել այնպես, ինչպես, ասենք, Հոմերոսը, Նարեկացին, Շեքսպիրը, Չարենցը, Գաբրիել Գարսիա Մարկեսը, Խորխե Լուիս Բորխեսը: Նրանց բոլորի գիրը ջանք է խոսքը վերադարձնելու այն կերպի մեջ, որից սկզբնավորվեցինք մենք ամենքս:
Հիսուս Քրիստոսը բառի մասին ասել է մի բան, որն ամբողջացնում եւ շարունակում է ասվածը եւ ասվելիքը: Նա ասում էր՝ մարգարիտները շաղ մի տվեք խոզերի առաջ: Ըստ իս, այս ասելով հանդերձ, Քրիստոսի ողջ քարոզչությունն ասվածին դեմ էր: Ահա ինչու նա ընտրեց առաքյալների միջոցով ժողովրդի հետ շփվելու կերպը: Առաքյալներն անկասկած մյուսներից լավը չէին (Հովհաննեսն անշուշտ բացառություն էր, այդ նա է առաջինը հիշում ԲԱՆԸ): Շփման համար Հիսուսին օգնում էր զարմանքը, զարմանքը նրան օգնում էր խոսել: Մարդկանց անգիտությունը ցնցում էր նրան: Ահա ինչու նա ասում էր՝ մի դատիր: Որովհետեւ, ըստ նրա ակնարկի, ոչ ոք չունի այնքան գիտություն, որ կարողանա նաեւ դատել:
Ավելի լավ է բավարարվել անգիտությամբ: Դատել կարելի է մտքով, քանզի միտքը նաեւ ֆիլտրում է: Մենք դատում ենք խոսքով: Խոսքը բացում է մեզ, բայց խոսքը այն դարպասն է, որով Սատանան մտնում է մեր մեջ: Սատանան անշուշտ ոչ կրոնական իմաստով, այլ' մարդու ներաշխարհում տառապանքի, ցավի դեմ իմունիտետ մշակելու աշխարհիկ իմաստով: Մենք սիրում ենք անիծել գերազանց իմանալով, որ անեծքը լռությամբ չի հաղթանակի, անեծքը լռությամբ կերպարանք չի ստանա: Մենք սիրում ենք տրտնջալ, մի խոսքով մենք դեմ չենք մեր ներսում տեղ բացել չար մտադրությունների, վատ մտքի համար: Իսկ չար մտադրությունը, վատ միտքը մեզ դարձնում է ավելի քան սխալական: Այս իմաստով պետք է ընկալել Սատանային: Հենց նա է մեզ ստիպում հիմար լինել: Ահա ինչու Քրիստոսը խոսքին հակադրեց ԲԱՆԸ:
ԲԱՆԸ դառնում է գրականություն, գիրք, իսկ խոսքը' անեծք կամ տրտունջ: Քրիստոսը ոչինչ չգրեց, քանի որ համաշխարհային ողջ գրականությունը, որ գրվել է ու պիտի գրվեր, նրա խոսքի, նրա հռչակած ԲԱՆԻ մանրադրամն էր: Շատ ավելի հետաքրքիր է, որ Նա չպապանձվեց, երբ ճանաչեց աշխարհը: Զարմացավ ու չպապանձվեց: Ու Նա հասկացավ, որ մարդը մի անընդգրկելի անգիտություն է: Նա դա հայտնաբերեց զարմանքով: Առանց զարմանալու Քրիստոսն, իհարկե, ոչինչ չէր ասի: Մինչեւ չզարմանաս, չես խոսի: Առանց զարմանքի, ի՞նչ պիտի ասեր Հիսուսը, որ բավարարեր նրանց, որոնք չեն թերացել տպավորիչ անգիտությամբ: Քրիստոսը խոցվում էր մեր անգիտությունից: Նա չէր եկել լուսավորելու: Լուսավորիչները մինչ Քրիստոսն էին՝ Պյութագորաս, Սոկրատես, Պլատոն: Նույնիսկ կրոնական մտածողներ Կոնֆուցիուսը, Լաո Ցզին կամ Գաուտամա Սիդխարտան' մեզ քաջ հայտնի Բուդդան, մտքի շրջանակներում էին ծավալվում: Նրանք պատմում էին ճշմարտությունը: Նրանք չէին խոցվում ոչ մեկի անգիտությունից, քանի որ ապրում էին գիտելիք տալու համար: Նրանք վեր էին դատելուց: Միայն ուսուցանում էին: Այն, ինչ ասում էին, ճշմարտությունն էր, որը աշխարհի քննելիության շրջանակներում էր:
Քրիստոսն այս ճշմարտություններից վեր եկավ: Նա կանգնեց մարդկանց առաջ եւ ասաց. «Երկնքի արքայությունը ձեր մեջ է»: Շպրտում է, չէ՞: Լավ կլինի, որ մեկը որսա դրանք: Բայց հետագա ողջ գրականությունը սկզբնավորվեց այս խոսքերից: Հովհաննես Առաքյալն ասում էր, որ ի սկզբանէ էր ԲԱՆՆ: Ի՞նչը նկատի ուներ Նա: Անշուշտ այն, որ կատարելությունն ի սկզբանե էր: Մենք ունենք քաոսի ընկալումը, ասում են, որ կան աղբյուրներ, որոնցում իբր գրված է, թե տիեզերքի արարումից առաջ քաոսն էր տիրում, բայց Գիրք Ծննդոցն ապացուցեց, որ քաոսից ոչինչ չի ձեւավորվում: Ուրեմն կատարելությունը կար, քանզի այդ կատարելությունը մարմին էր դառնում Դրախտի, Ադամի, Իմացության ծառի տեսքով: Բայց կար նաեւ Եվան, որը կծեց պտուղն Իմացության ծառից: Նա խոսեց, Նա Ադամին համոզիչ թվաց ինչ-ինչ բաներում, քանի որ խոսքը նույնպես կատարելության մաս էր: Եվ մենք ձեզ հետ միասին վռնդվեցինք Դրախտից:
Հետո կծնվի գիրը, որպեսզի մենք վերադառնանք այդ կատարելությանը, որպեսզի մենք այլեւս գրի կարիքը չունենանք, որպեսզի, ինչպես ասում են, կես խոսքից հասկանանք իրար, որպեսզի, պատկերավոր ասած, չառաջնորդվենք մեկի փաստարկներով ի հաշիվ մյուսի խոնարհության ու լռության, ինչպիսին Ադամի խոնարհությունն էր ու լռությունը: Կես խոսքից հասկանալը հենց մտքի, բոլոր մտքերի ներդաշնակությունն է: Այս արտահայտությամբ մենք՝ հայերս, մեր ներդրումն ունենք ԲԱՆԻ ընկալման ասպարեզում: Բայց Աստվածաշունչը մեկ այլ ծառայություն էլ մատուցեց մարդկությանը:
Մենք դեռեւս դա լավ չենք հասկացել: Կաթոլիկ եկեղեցին դա հասկացավ: Որովհետեւ այդ եկեղեցին մշակութաբանորեն կապը կտրեց: Այդ եկեղեցին կապը կտրեց շատ այլ բաներում, բայց ի վերջո հասավ նրան, որ մարդուն կապեց մի շատ բացառիկ խորհուրդի հետ: Դա ապաշխարության խորհուրդն է: Այլ կերպ ասած' մեղքերի թողությունը: Բայց ապաշխարհությունն ավելին է, քան մեղքերի թողությունը: Ապաշխարությունը նաեւ լռություն է սիրում: Այսինքն, կարելի է ապաշխարհել նաեւ լուռ, կարելի է ընդամենը գիտակցել:
Իսկ ի՞նչ է նշանակում գիտակցել, դա նշանակում է մտնել ներքին մենախոսության դաշտ: Հենց այս ներքին մենախոսությունն էլ մարդու մերձեցումն է ԲԱՆԻ հետ: Դա այն է, ինչը մենք անվանում ենք մարդու խիղճ: Դա մերձեցում է առ Աստված, թեպետ իմ կարծիքով կարելի է ապաշխարհել նաեւ առանց Աստծո: Համենայնդեպս առանց այն Աստծո, որպիսին գոյություն ունի բոլոր եկեղեցիներում, եւ ոչ թե ամեն մարդու հոգում: Առանց այն Աստծո, որի անհրաժեշտությունը քարոզում են եկեղեցիները, նաեւ' աղանդները, բնավ էլ մեզանից լավ չհասկանալով, թե ինչի կամ ում մասին է խոսքը:
Բայց տեսեք, թե ինչ անկառավարելիորեն հզոր խորհուրդ ունի ապաշխարանքը: Ապաշխարանքը հաստատումն է այն բանի, որ ինքդ քեզանից չես փախչի: Կարելի է խաբել մարդուն, կարելի է մինչեւ մահ վայելել այդ խաբեության պտուղները, կարելի է սպանել մարդուն եւ մնալ անորսալի, կարելի է գայթակղել մերձավորի կնոջը, կարելի է սիրաշահել պետական պաշտոնյային ի վնաս հազարավոր աշխատավորների ու գոյության հույս ունեցողների, բայց մարդը կղզի չէ, եւ մի օր առերեսվելու է ինքն իրեն, առերեսվելու է ուրիշի դեմքով, առերեսվելու է այն ողբերգություններով, որոնք բխել են իր մեղքերը հիշեցնող ուրիշների չարագործություններից: Այսպիսով ապաշխարանքը բխում է դիմացինի իրավունքների, երջանկության հանդեպ պատասխանատվությունից: Ինչպես հասկանում եք, ապաշխարանքը մարդու իրավունքների լուռ կիրառումն է:
Շնորհիվ ապաշխարանքի մարդը դառնում է եղբայր, հարազատ, սիրելի ընկեր: Եվ հարազատության այդ գիտակցումից է, որ մարդը հասկանում է, թե ինչ էր անում Հիսուս Քրիստոսն այս երկրի վրա սրանից 2000 տարի առաջ, թեպետ հնարավոր է, այդպես էլ հավատացյալ չի դառնում: Այսպիսով ապաշխարանքն աշխարհից կտրվելը չէ, աշխարհից օտարվելը չէ, դա աշխարհայնացումից վեր կանգնելն է, դա խոնարհության մեխն է:
Դա վերջինը լինելու աստվածաշնչյան պատվիրանն է: Դա, ի վերջո, գիտակցումն է այն բանի, որ այսուհետ երբեք ուրիշի հանդեպ չես վարվի այնպես, ինչպես չես ուզենա, որ վարվեն քեզ հետ: Մեզ մոտ, համենայնդեպս, ապաշխարհությունը լռության հակառակն է: Մեր եկեղեցին ունի ընդհանրական եւ անհատական մեղքերի թողություն: Մեղքերի թողությունը մարդիկ կատարում են ձայնով, որպեսզի ապաշխարհեն լուռ: Ապաշխարհանքը հիշողություն է սիրում, իսկ մեղքերի թողությունը' միշտ քեզանից չկտրվող, սիրտ քրքրող իրականություն:
Համաշխարհային գրականության բոլոր մեծագույն գործերը ապաշխարանքի այդպիսի մի երեւույթ են այն տարբերությամբ, որ ձայնի փոխարեն դարձել են գիր: Ապաշխարանքի այդպիսի լեզուն է, որ մեզ մոտեցնում է աստվածաշնչյան այն անմեղությանը, որը Նոբելյան մրցանակի դափնեկիր Իոսիֆ Բրոդսկին անվանում էր քրիստոնեական' բնորոշելով բանաստեղծուհի Աննա Ախմատովայի կերպարը: Հիսուս Քրիստոսը, Ֆյոդոր Դոստոեւսկին, Վիլյամ Սարոյանը մեզ անմեղության տեսականի են առաջարկում:
Ասենք, կարդում ես Սարոյան, ուզում ես օրվա մեջ գոնե կես ժամ անմեղ լինել, համարյա երջանիկ: Գեղարվեստական կինոնկարներում էլ են նման պոռթկումներ պատահում, ասենք, «Ֆորեստ Գամփ» կինոնկարում: Ինչ-որ իմաստով' նաեւ հանրահայտ Դետոչկինը «Զգուշացիր ավտոմեքենայից» կինոնկարից: Դրանք կերպարներ են, որոնց շնորհիվ պարզ է դառնում, թե անմեղությունն ինչպես է ինքն իր համար ճանապարհ հարթում:
Գրողը եկեղեցի գնալու փոխարեն նստում է սեղանի առաջ, վերցնում է թուղթ ու գրիչ ու գրում: Հնարավոր է, նա ինչ-ինչ մեղքեր չափազանցնում է, ասպարեզ է բերում ոճիրի ու անմարդկայնության նոր զգացումներ, բայց նա, չմոռանանք, իրադարձությունների հետեւից չի գնում ի տարբերություն պատմաբանի, այլ քայլում է իրադարձությունների առջեւից: Գրողը ձգտում է վերածնել մարդուն, քանի դեռ մարդը չի մեռել: Սակայն մենք պետք է վերադառնանք ԲԱՆԻ, ԼՈԳՈՍԻ դերին:
Հայկական ասացվածքն ասում է. «Եթե անսփոփելի վիշտ ունես, պատմիր հոսող ջրին, ջուրը կտանի»: Բնականաբար սա չի ասում, որ ջուրը մարդկային ջերմ սրտի պակասը լրացնողն է: Սա ասում է, որ փրկությունն արտահայտվելու մեջ է: Բառն օգնում է օտարվել անհնարին տառապանքից:
Հասկանու՞մ եք, ողջ աշխարհն է զբաղված նրանով, որպեսզի մեզանից յուրաքանչյուրի ողբերգությունը տեղի ունենա: Չնայած այն բանին, որ գոյություն ունի Աստվածաշունչը, գրվել է «Համլետը», նաեւ' «Կարամազով եղբայրները», չնայած այն բանին, որ Նարեկացին աղաղակել է բոլորիս կատարված եւ կատարվելիք հնարավոր եւ անհնարին բոլոր մեղքերը, մարդը դարձել է ավելի վատը, քան ի վիճակի էր լինելու: Եվ այդ դեպքում ո՞րն է մեր զենքը, ո՞րն է առանձին վերցրած մեկ մարդու իմունիտետը համաշխարհային, այլեւս անշրջելի չարիքի դեմ: Ի՞նչն է մեզ դարձնում առավել պաշտպանունակ: Այս հարցերն ըստ էության պատասխաններ չունեն:
Մարդու մշակութային կամ հոգեւոր նվաճումների որ կետի վրա էլ կանգ առնենք, այս հարցերը անպատասխան են այն աստիճան, որ կարծես գոյություն չունեն: Այս հարցերն անպատասխան են նաեւ ապագա նվաճումների կանխատեսումների առջեւ: Ինչու՞: Որովհետեւ մարդն ավելի անկանխատեսելի է, քան այն, ինչ նրանից կարելի է սպասել: Հենց այս իմաստով պետք է հասկանալ աստվածաշնչյան այն միտքը, որ մենք ծնվում ենք մեղավոր:
Մի բան, որի հետ առանձնապես համաձայն չեմ: Եվ այդ ամենի դեմ միակ զենքը մնում է խիղճը, սովորական, անշոշափելի, անբարբառ այդ դատավորը, ապաշխարանքի համար անհրաժեշտ միակ ֆիզիկական օրգանը, որի տեղը ոչ ոք չգիտի, որը քիմիական ֆորմուլա չունի, որի համար նույնիսկ Աստծո գոյությունը չի պահանջվում:
Յուրաքանչյուր մարդ զենք է ողջ աշխարհի չարիքի դեմ: Այսպիսով մեզ մնում է մի վերջին շտրիխ էլ ավելացնել ապաշխարանքի մասին հարցադրումներին եւ անցնել եզրակացությանը: Ի՞նչ է ապաշխարանքը: Դա բառի հաղթանակն է մեղքի դեմ: Դա մեր բաժին ԲԱՆԻ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆՆ Է: Քահանան ոչինչ է մեր ասելիքի առաջ:
Բառը ոչ միայն մեզ ազատագրում է մեղքից, այն մեզ հզոր է դարձնում լռության մեջ մեր սիրտը կրծող չարիքից, որը փախչում է մեր մտքում կերպավորվելուց: Չարիքն ուզում է կերպավորվել մեր բառերի, մեր թուլության մեջ: Բնականաբար մենախոսությունը նույնպես ելք չէ, ապաշխարհությունը մենախոսության դեմ է, քանզի մարդուն կարելի է անիծել մեն-մենակ, առանց որեւէ վկայի, այդպես ավելի ապահով է:
Արտահայտվելով մենք փրկում ենք նաեւ նրան, ով կարող էր կրկնել մեր սխալը: Հենց այս իմաստով է արվեստն ընդհանրապես եւ գրականությունը մասնավորապես մնում խղճի միակ բանախոսը առաքինության ոչ մի դեղատոմս չառաջարկող մեր կյանքում:
Գրականության մեջ չարիքը ինչ դեմք էլ ունենա, ինչ հաղթանակներ էլ տանի, մեռնելու է մեր' ընթերցողներիս, մոտ առաջացրած հակազդեցությունից, քանի որ մեզանից յուրաքանչյուրը հենց այն աշխարհն է, որտեղ մեղքը, չարությունը չեն դիմանալու բարու մասին մեր հարաճուն պատկերացումներին: Իսկ մենք կարող ենք արարել բարին, մենք կարող ենք այդ մասին պատմել մերձավորին եւ անծանոթին, մենք, ի վերջո ի վիճակի ենք մխիթարել միմյանց:
Աշխարհի բոլոր գրքերն են լծվել այս գործին, որպեսզի մեզանից յուրաքանչյուրի ողբերգությունը տեղի չունենա: Ահա ինչու գրքերն ընդհանրապես եւ Աստվածաշունչը մասնավորապես, գրված են մեր բոլոր թողությունների փոխարեն կամ ի հավելումն դրանց, մարդիկ մեռնում են կամ սպանվում, բայց գրքերը գրվում են, որովհետեւ նրանք մեզ թույլ չեն տալիս միմյանցից հեռանալ անավարտ:
Սակայն արտահայտվել միշտ պետք է, քանի որ բոլոր գրքերը միասին վերցրած միշտ չէ, որ կարող են փոխարինել մեկ մարդու ապաշխարանքին: Արտահայտվելով մենք գրականություն ենք դարձնում այն, ինչն ընդամենը իրականություն է մյուսներից անկախ: Բայց այստեղ մի հանելուկ կա: Բառը կարող է խեղվել մեր ասելիքի մեջ եւ այդժամ ապաշխարհությունը, ազատագրումը չի կայանա, քանի որ նախ եւ առաջ չենք կայանա մենք:
Ապաշխարհությունը վերածնունդ է: Ապաշխարհության ինստիտուտի ակունքներն այստեղ են: Բառը Աստված է, որին մենք փնտրում ենք գրականությամբ, որին դեպի մեզ ենք բերում գրականությամբ եւ երբ ինքնասպան ենք լինում առանց արտահայտվելու, կիսատ ենք թողնում Աստծուն: Բառը Աստծո հաղթանակն է այն մեղքերի դեմ, որոնք մեզանից հզոր են հենց իրենց անխոստովանելիության կշռով:
Ի դեպ, ինքնասպանության մասին: Աստվածաշունչն առերեւույթ, համենայնդեպս գրով չի անդրադարձել ինքնասպանությանը: Չի ասված' մի ինքնասպանվիր: Այդպես գրելն անուղղելի պարտություն կլիներ հրեաների համար, որոնց ամբողջ պոեզիան չգրվածի, չարտահայտվածի, այսինքն, մտահայեցմամբ ունեցած աստվածայինի առօրեականության մեջ է:
Գրված է' մի սպանիր: Իսկ ինքնասպանությունը սպանություն է, այն հենց մարդասպանություն է, քանի որ ավելի գիտակցված է եւ նույնիսկ ապրված, քան' մյուսի սպանությունը: Եկեղեցին այս փաստին չի տիրապետում: Մյուսի սպանությունն ինձ չի զրկում եկեղեցուց ավելի, քան' ինքնասպանությունը: Մյուսի սպանությունը մեղք է, իսկ ինքնասպանությունը' վճիռ: Բայց ասված է' մի դատիր, որ չդատվես: Այսինքն, ինքնասպանությունը նույնքան վճիռ է, որքան ուրիշի սպանությունը դատարանով կամ առանց դատարանի:
Ինքդ քեզ սպանության դատապարտելը մեղք է, քանի որ ողջ աշխարհն է զրկվում օրերից մի օր քո աստվածամարդությունը տոնելու հրաշքից: Մյուսի սպանությամբ քեզ դեռ վերապահված է աստվածամարդության հրաշքը վայելել նաեւ նրա' քո ձեռքով սպանվածի փոխարեն, իսկ քո սպանությամբ դու մյուսին զրկում ես մի հրաշքից, որն Աստծուց է: Դուք երբեւէ մտածե՞լ եք, թե ինչ տարբերություն կա պատասխանատվության եւ պատժի միջեւ:
Ասում են, չէ՞, պատասխան ես տալու քո արածի համար: Բայց նաեւ ասում են' պատժվելու ես: Ինչու՞ է պատժվելու: Եթե մարդը պիտի պատասխան տա, ինչու՞ պատժել նրան: Ուշադրություն դարձրեք, ասված է' պատասխան ես տալու երկնքի առաջ, քո առաջ, ընկերոջդ առաջ, սիրածդ աղջկա առաջ, ողջ աշխարհի առաջ: Բայց մարդիկ վերցնում ու պատժում են քեզ:
Պատժել, նշանակում է դատել, մինչդեռ, հիշում եք, ասված է' մի դատիր: Պատասխան ես տալու, այսինքն, քեզ չեմ դատելու, բայց դու պատասխան ես տալու: Այսինքն, խոսելու ես, քո մեջ, թե մարդկանց առաջ, միեւնույն է խոսելու ես, այստեղ ապաշխարհության էլեմենտ կա:
Խոսքի շնորհիվ քո աչքերի առաջ ես բերելու քո մեղքը: Եւ դու ինքդ ես դատելու քեզ: Այսինքն, վերջապես քեզ հաշիվ ես տալու: Այստեղ էլ խորություն կա, քեզ, ոչ թե ինձ ես հաշիվ տալու, ոչ թե սիրածդ աղջկան, ոչ թե ընկերոջդ, ոչ թե ողջ աշխարհին, այլ քեզ, քանի որ քո մեջ է Աստված: Այսինքն չես խոստովանելու, այլ պատասխան ես տալու, հենց դա է քո ամբողջ պատիժը:
Այսպիսով պատասխանատվությունը մեղքերի թողության նման մի բան է, եւ Աստծո երեւակայությունը մինչեւ այդտեղ է ձգվում, որպեսզի մարդն իրեն պատժված զգա: Այսպիսով Աստծո պատիժ հասկացություն չկա: Ու՞ր մնաց հաշվետվության հնարավորությունը, ու՞ր մնաց վերջին դատաստանը, եթե պատիժը նախորդում է պատասխանատվությանը: Այսպիսով ի՞նչ է պատասխանատվությունը, որը զուտ քրիստոնեական հասկացություն է:
Պե՞տք է որ մարդը հարկադրաբար պատասխան տա այն ամենի համար, ինչը մեղսական է: Պե՞տք է մարդուն հարկադրել ապաշխարանքի: Կարծում եմ' ոչ: Հարկադրաբար ոչինչ պետք չէ: Մեզանից յուրաքանչյուրն ունի ծնողներ: Հենց նրանք էլ ի պաշտոնե կոչված են մեզ ուղղորդել դեպի համընդհանուրի բարօրությունը: Նրանք կոչված են մեզ մարդ դարձնելու, մեզ հասցնելու այն օրվան, երբ հանգամանքների բերումով պատրաստ կլինենք պատասխանատվության: Պատասխանատվությունը խոստովանության հակառակն է, ահա թե ինչու չի կարելի պատժել մարդկանց:
Այսպիսով պատասխանատվությունը քրիստոնեական հասկացություն է, իսկ պատիժը' ոչ, որովհետեւ պատիժը չի ճանաչում Աստծո առաջ քո անելիքը, Աստծո հանդեպ քո դերը, պատիժը չի ճանաչում այն հրաշքը, որը դու, իբրեւ մեղք գործած մարդ, կարող ես վայելել պատասխան տալով, եւ վերջապես, պատիժը չի ճանաչում Աստծուն ինչ տեսքով էլ պատկերացնենք կամ չպատկերացնենք նրան: Այս իմաստով բավական է հիշել Ֆեոդոր Դոստոեւսկու Ռասկոլնիկովին «Ոճիր եւ պատիժ» վեպից: Պատասխանատվությունը կտակարանյան Վերջին դատաստանի, այսպես ասած դատավարությունն է:
Իսկ ո՞վ է անպատասխանատու մարդը: Դա այն մարդն է, ով չի հավատում հրաշքին: Մարդ, որը պատասխան չտալով արատավորում է այն լռությունը, որն իր մեջ կրում է ապաշխարանքի հմայքը, քանի որ, ասացինք, որ կարելի է ապաշխարհել նաեւ լուռ: Այսքանից հետո ես ուզում եմ անցնել ընդհանրացումների: Իոսիֆ Բրոդսկին գրողին անվանում էր մարգարե, քանի որ, ըստ նրա, լեզուն է առաջնորդում գրողին, լեզուն մեկ բառ ավելին է, քան' գրողի իմացած եւ չիմացած բոլոր բառերը:
Պոեզիան ինքնակառավարվող լեզու է: Դա հենց այն է, ինչը մենք կոչում ենք ներշնչանք կամ մուսա: Հենց լեզվի այս ինքնակառավարումն էր, որը չգիտակցեց «Մոխրող Չորեքշաբթիի» հեղինակ Թոմաս Էլիոթը: Նա զգում էր Աստծուն, բայց ոչ նրա հնարավորությունները: Գրականությունն այն չէ, ինչը կարդում ես, այլ այն է, որում նախադասությունը ճախրանք է դառնում, հրեշտակի թեւ, քանզի գրքերը շատ են, նախադասությունները' քիչ:
Գրականությունը, Գիրքը մեզ պարգեւում են ընթերցող լինելու արվեստը, նրանք մեզ դարձնում են արարչագործության մասնակից, նրանք մեզ օգնում են դառնալ ավելի լավը, շատ ավելի լավը, որպեսզի կանխենք քաղաքականության կուլիսներում բծախնդրորեն գծագրվող ավերածությունները, որպեսզի պատնեշ դառնանք այդ ավերածությունների անխուսափելիության դեմ: Իսկ ո՞վ է ընթերցողը: Նա այն մարդն է, ով գիրքը դարձնում է օրգանիզմ, նրա շնորհիվ տեղի է ունենում գալակտիկական այն Մեծ Պայթյունը, որի արդյունքում շարժման մեջ է դրվում ժամանակը: Ընթերցողը գրականության մեջ կենցաղ է մտցնում:
Գրքերը մեզ սովորեցնում են ընթերցվել, եւ կատարյալ հաղթանակ կլինի, եթե մենք չբավարարվենք դրանք կարդալով: Կարդալու եւ ընթերցելու միջեւ ընկած է գրքի հաղթահարումը: Կարելի է կարդալ Ուիլյամ Ֆոլքներին, բայց չհաղթահարել նրան, ես չեմ կարդացել Ջեյմս Ջոյսի «Ուլիսը», բայց կարծում եմ, որ ես դեռեւս դպրոցական եմ այդ գիրքը կարդալու համար: Ոչ թե որ Ջոյսը ինձանից ավելի մի հրաշք է, այլ որ ես չեմ հասունացել նման մի հրաշքին մերձենալու համար եւ հնարավոր է, այդպես էլ չհասունանամ:
Յուրաքանչյուր գիրք մեր առջեւ բացում է մարդու աշխարհը, գիրքը բառերը չեն, գիրքը նույնիսկ բառերի, խոսքի, արտահայտվածի, չարտահայտվածի զգացումը չէ, այլ' ավելի անընդգրկելի մի բան: Գիրքը, ավելի ճիշտ աշխարհի բոլոր գրքերը մեզանից յուրաքանչյուրի կենսագրությունն են: Եգիպտացիներն ասում են, որ մեռած մարդու հետ կորչում է մի ամբողջ գրադարան: Ինչու՞: Որովհետեւ մեկ մարդը գրված եւ չգրված, գրվելիք եւ չգրվելիք բոլոր գրքերի հանրագումարն է:
Բայց գիրքն առայժմ մեզ առերեսում է մեր հնարավորություններին, այն մեզանից մեկ կենսագրություն ավելին կրող մի աշխարհ է, քանի որ մարդիկ դեռեւս սպանվում են, քանի որ դեռ կան բռնապետերը, դեռ կան պատերազմ հրահրողները, դեռ կան մարդասպանները, դեռ կան պարզապես չար մարդիկ: Եվ ես կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է հասկանա ամենագլխավորը' գիրքն, այնուամենայնիվ, էջ թերթելու արագությամբ Աստված լինելու հնարավորությունն է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել