Շարունակվող պատերազմ
Օրերս «Շողակաթ» հեռուստաընկերությունը ներկայացրեց ռեժիսոր Արա Շիրինյանի «Շարունակվող պատերազմ» տեսաֆիլմը, որը պատրաստված է լուսանկարիչ Գերման Ավագյանի հնգամյա աշխատանքի արդյունք «Մահաբեր խաղալիքներ» նախագծի հիման վրա:
Երեւանի կույրերի դպրոցում ծանոթանալով Ղարաբաղից կրթական այդ հաստատություն տեղափոխված Արտակին ու Հակոբին, Գերման Ավագյանը պարզում է, որ նրանք երկուսն էլ կուրացել են ականի պայթյունից: «Ես ցնցված էի. վեց տարեկան երեխան պատերազմից հետո կորցնում է տեսողությունը, ձեռքը կամ ոտքը, ամբողջ կյանքում մնալով հաշմանդամ». ֆիլմում պատմում է նա։
Դրանից հետո լուսանկարիչը սկսում է հետաքրքրվել ականներից տուժած երեխաներով եւ պարզում, որ հրադադարի հաստատումից հետո` վերջին տասը տարում, այդպիսի բազմաթիվ դեպքեր են եղել։
Գերման Ավագյանը արկերից եւ ականներից վիրավորված շուրջ 50 երեխա է նկարել։ HALO TRUST կազմակերպության տեղեկատվության համաձայն Լեռնային Ղարաբաղում ամեն տարի ականներից զոհվում է մոտավորապես 50-60 մարդ։ 1993-ից մինչ օրս զինամթերքի պայթյուններից ավելի քան հազար մարդ է զոհվել։ Զոհերի մեկ երրորդը մինչեւ 20 տարեկան երեխաներ և պատանիներ են։
![]() |
![]() |
![]() |
| Այս քույրերը կորցրել են իրենց եղբորը | Սևակը | Հակոբը |
Ականների եւ պատերազմից հետո անվերահսկելի մնացած զինամթերքի զոհ դառնում են եւ մեծերը, եւ փոքրերը, բայց այդ աղետն ավելի հաճախ գտնում է երեխաներին, քանի որ նրանց համար աշխարհը ճանաչելը սկսվում է շրջապատից։ Նրանք զարմանալի հատկություն ունեն ամեն տեղ մտնելու, գտածը վերցնելու, ուսումնասիրելու։ Երեխաները նույնիսկ վտանգը զգալու դեպքում շարունակում են քանդել, փորփրել: Պայթյունից հետո, եթե ողջ են մնում, ապա, որպես կանոն, կորցնում են տեսողությունը, վնասում դեմքը, ձեռքերն ու ոտքերը:
«Ես հանկարծ հասկացա, որ վաղուց ավարտված պատերազմը դեռ շարունակվում է… քանի դեռ կան ականապատված տարածքներ եւ անվերահսկելի զինամթերք». ասում է Գերման Ավագյանն ու հանդիսատեսին տանում երեխաների հետ հանդիպման:
![]() |
![]() |
![]() |
| Արմինեն | Արտակը | Գուրգենը |
«Շարունակվող պատերազմը» բացառիկ է իր վավերագրականությամբ: Հեղինակներն աշխատել են նվազագույնի հասցնել իրենց միջամտությունը` ամեն ինչ թողնելով ուրիշի, այս դեպքում` զոհերի, ուղղակի խոսքի վրա:
Այս քույրերը Լեռնային Ղարաբաղի Ուխտաձոր գյուղից են: Ականի պայթյունից զոհվել է նրանց եղբայրը` Էռնեստը: Պայթյունի պահին մեծ քույրը` Լիլիթը, նրա կողքին էր: Ծանր վիրավորվել է. մինչեւ հիմա գլխի մեջ ականի բեկոր ունի եւ թույլ տեսողություն:
Անդրանիկն է, Խնաբադ գյուղից: Եղբոր եւ զարմիկի հետ գտել են կոտորակառումբ, որը պայթել է` սպանելով եղբորը` Աշոտին: Անդրանիկը ոչ միայն աչքն է կորցրել ... հեռացրել են փայծախը, ոտքի թաթը չի ենթարկվում:
Սեւակն ապրում է Լեռնային Ղարաբաղի Բալուջա գյուղում։ Իր հասակակիցների նման սիրում է խաղալ, վազել, հեծանիվ քշել: Նա տասը տարեկան էր, եղբոր ու քրոջ հետ գնացել էին զբոսնելու: Սեւակի եղբայրը պայթյունից մահացավ, քույրը` ծանր վիրավորվեց: Եղբոր կորուստն ավելի ծանր տարավ, քան իր հաշմանդամությունը։ Սեւակի ոտքը երկու անգամ վիրահատել են, բայց ապարդյուն։ Նա հույսը չի կորցնում, մտածում է` երրորդ վիրահատությունը կօգնի։
Արտակը Ստեփանակերտից է, կուրացել է տասը տարեկանում։ Պայթյունի ժամանակ չորսով են եղել, մեկը հակահետեւակային ական է գտել, որոշել են քանդել։ Արտակը չի կարող դրսում տեղաշարժվել առանց եղբոր՝ Սամվելի օգնության։ Բայց Սամվելին շուտով բանակ կտանեն եւ նա կմնա անօգնական։
Հակոբն ապրում է Ղարաբաղի Խնաբադ գյուղում: Տեսողությունը կորցրել է 6 տարեկանում: Հորեղբոր տղաների հետ գնացել էր խաղալու եւ գտել կոտորակառումբ, որ գնդակ էր հիշեցնում: Փրկվեց միայն Հակոբը։ Հորեղբոր երկու տղաները զոհվեցին: Երեխաները զոհվեցին խաղաղ պայմաններում։ Իսկ նրանց հայրերը զոհվել էին այդ խաղաղության համար: Հակոբի հայրը պատերազմում կորցրել էր երկու եղբայրներին։ Կարո՞ղ էր, արդյոք, պատկերացնել, որ տասը տարի անց արդեն ավարտված պատերազմը կտանի նաեւ իր զոհված եղբայրների տղաներին, իսկ իր որդուն կդարձնի հաշմանդամ։
Տասը տարի առաջ Ասկերանում Գագիկը եւ նրա երեք ընկերները գտել էին մի պայթուցիչ եւ մտցրել էլեկտրական վարդակի մեջ: Պայթյունը չորսին էլ ծանր վիրավորել էր: Վնասվել էին Գագիկի ձեռքերը եւ աչքը: Եթե որեւէ մեկը նրանց զգուշացրած լիներ, որ այս սարքը կարող է պայթել, դեպքը գուցե տեղի չունենար։
Ղարաբաղում եւ Հայաստանի սահմանամերձ գոտիներում, որտեղ տասը տարի առաջ ռազմական գործողություններ են եղել, ամեն օր կարող են այսպիսի դեպքեր կատարվել: Բանն այն է, որ երեխաներին դպրոցներում չեն բացատրում ականների եւ արկերի վտանգը։ Երեխաները, պարզապես, չեն տարբերում պայթող զինամթերքը խաղալիքից։ Յուրաքանչյուր երեխա կարող է նոր աղետի զոհ դառնալ։
«Ես որոշեցի, որ մի օր անպայման կլուսանկարեմ բոլոր պայթող սարքերն ու զինամթերքը, որ մի գիրք լույս տեսնի ու երեխաները ճանաչեն այդ մահաբեր խաղալիքները». ասում է Գերման Ավագյանը:
Նրա այս որոշումը վաղուց մոտ է իրականություն դառնալուն: Կան բոլոր լուսանկարները, գրառված են զոհերի եւ նրանց հարազատների վկայությունները: Ականազերծմամբ զբաղվող կազմակերպությունների հետ հայտնաբերված զինատեսակները լուսանկարելու եւ դրանցից սպասվող վտանգը նկարագրելու պայմանավորվածություն կա: Չկա միայն գիրքը հրատարակելու համար անհրաժեշտ գումարը, որպեսզի այն տպագրվի եւ հասցվի Ղարաբաղի ու Հայաստանի սահմանամերձ գոտիների դպրոցականներին:
«Շարունակվող պատերազմ» ֆիլմի հերոսներից մեկը` Գիշի գյուղի բնակիչ Ալբերտ պապն էլ իր ողբերգությունն է պատմում: «Մեր ընտանիքն ամենամեծ տուժանքը կրեց: Ավագ տղես զոհվեց հետմահու հերոսի կոչումով՝ թողնելով 4 որբուկ զավակները: Մայրն էլ հիվանդանոցում երկար տառապելուց հետո, չկարողացավ դիմանալ եւ վերջապես, մայրն էլ մահացավ: Թոռնիկս, որ իմ անունն էր կրում, 11 տարեկանում պատերազմի հետքը էլի գտավ, ռումբ գտավ, երեխան շատ հետաքրքրասեր էր, ուզում էր իմանալ, թե դա ինչ է պարունակում իրա մեջ ու պայթեց եւ վերջապես կյանքը խլեց 11 տարեկանում»:
Իր կյանքում երկու պատերազմ տեսած 72-ամյա տղամարդու արցունքները մեզ ստիպում են մտածել պատերազմից հետո շարունակվող պատերազմի մասին: Պատերազմի ահավոր հետեւանքը` հազարավոր հեկտարներ ականապատված դաշտեր, չպայթած արկեր, նռնակներ ու այլ զենքեր, վերացնելու համար ահռելի ծախսեր են պահանջվում, որն այսօր չունեն Հայաստանի եւ Ղարաբաղի կառավարությունները: Մեծ միջոցներ են պահանջվում նաեւ հաշմանդամ դարձած այս երեխաներին բուժելու եւ խնամելու համար, որպեսզի չարաղետ պատահականությամբ խեղված նրանց կյանքն անցնի հոգատարության պայմաններում:
Լուսանկարիչ Գերման Ավագյանի «Մահաբեր խաղալիքներ» նախագիծը եւ ռեժիսոր Արա Շիրինյանի «Շարունակվող պատերազմ» տեսաֆիլմը ստեղծված են ուշադրություն հրավիրելու համար: Իսկ «Մահաբեր խաղալիքների» արդյունքը` հանրամատչելի դասագիրքը, կարող է կանխարգելել դժբախտ պատահարները կամ գոնե նվազագույնի հասցնել դրանց թիվը:
Եթե ցանկանում եք աջակցել գրքի հրատարկմանը, դիմեք «Մահաբեր խաղալիքներ» նախագծի հեղինակ Գերման Ավագյանին (e-mail: [email protected]):
Տեսանյութեր
Լուսանկարներ





Մեկնաբանել