Մի քանի խոսք իմ մասին կամ թե ինչու ընդմիշտ չմեկնեցի
(վիրտուալ միգրանտի ինքնակենսագրություն)
Ծնվել եմ, 1955թ. հուլիսի 27-ին Հայաստանի ամենահարավային կետում՝ Մեղրիում: 1972-ին ավարտել եմ դպրոցը Երեւանում, 1977-ին՝ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: 1979-81թթ. սովորել եմ ասպիրանտուրայում: Պատրաստվում էի զբաղվել գիտությամբ՝ ֆիզիկայով: Հետո ...
Հետո կարող էր պատահել այն, ինչ տեղի էր ունենում սովետական թմբիրի մեջ ընկղմված պրովինցիայի հետ. թե համբերություն ունես, ախպե՛րս, սպասի՛ր լաբորատորիայում գիտական քո հերթին, հերթական կոչմանը, հաշտվիր ինչ որ բանից քո կախվածության հետ, որը կարծես քեզ հետ կապ չունի. լաբորատորիայի հսկա թե փոքրիկ մի սարքավորում, մոսկվաների «հա» ու «չէ» ... մի խոսքով, թե դիմացար, մի քանի տարի հետո թեկնածու ես, հետո էլ՝ գիտությունների դոկտոր: Վատ չէ՞, միգուցե ...
Սակայն 1982-ին որոշեցի կտրուկ փոխել մասնագիտությունս, տարվեցի կինո-ֆոտո դոկումենտով, սկսեցի համագործակցել տեղական երիտասարդական կոչված թերթերի հետ: Վատ չէր, 85-ին վռնդեցին «Կոմսոմոլեց» կոմերիտական թերթից, 88-ին որպես լավագույն ֆոտոլրագրող ստացա Հայաստանի կոմերիտական երիտասարդական միության մրցանակ: Ու կա մի հարց, որ շարունակ ինձ են տալիս...«Լավ, ինչու՞ փոխեցիր մասնագիտությունդ»:
Շատերի կարծիքով մեկնում են անհաջողակները, բայց ես անհաջողակ չէի, նույնիսկ հակառակը: Իմ կարծիքով սա նման էր արտագաղթի. հոգեւոր մի տարածքից մեկնում ես մի այլ տարածք, որովհետեւ երիտասարդ ես ու դեռ փնտրում ես քո ազատությունը: Դա նշանակում է, որ քո նախընտրած մասնագիտության մեջ քեզ ինչ որ բան այլեւս չի բավարարում: Քեզ թվում է, թե մի այլ տեղ, ուր մեկնում ես, գործում են օրենքներ, ու դու կլինես ազատ ու կարող ես ամեն ինչ նորից սկսել:
Փորձարարական ֆիզիկայի բնագավառը հսկայական, թանկարժեք սարքերի մի մեծ մոլորակ է, որի տնտեսությունը տնօրինում են ռազմաարդյունաբերողները: Ըստ էության նրանք էին կառավարում սովետական համակարգը, պատճառ դառնում աղետների, լճացումների: Ես որոշեցի արտագաղթել այդ մոլորակից' «գիտական տարածքից»: Սկզբում ինձ թվում էր, թե կինոտարածքն է, որ կարող էր տալ ինձ այդ ազատությունը: Այնտեղ մուտք գործելու համար սովետական օրենքներն ասում էին, տղա՛ ջան, դու պիտի աշխատանքային «ստաժ» ունենաս եւ տոկունություն ցուցաբերես: Ես դիմեցի լուսանկարչությանը: Հետո տարվեցի դրանով ու հասկացա, որ սա էն է, ինչ ես ուզում եմ:
Եվս մի հարց, որ հաճախ հնչում է. եթե լավ լուսանկարիչ ես, ինչու՞ ուժերդ չփորձեցիր արեւմուտքում, չգնացիր: Այս հարցը ես հաճախ տալիս էի իմ հերոսներին՝ նրանց, ովքեր արտագաղթել են, ու նորից հայտնվում էի 1982-ից այն կողմ: Այդ տարիներին ես «արտագաղթեցի» մասնագիտությունս փոխելու իմաստով: Ես լքեցի ֆիզիկան՝ նոր տարածքներ հայտնագործելու միտումով: Գնալ մի տեղ, ուր ազատ ես շփվելու իրականության, բնության հետ:
Ինչ վերաբերում է երկրից գնալ-չգնալուն, ես այստեղ եմ, որովհետեւ շատերն իմ տեսակից՝ ընկերներս այսօր այնտեղ են: Նրանք ապրում են, ասես գիտական լաբորատորիայում փորձարկում իրենց զգացողությունները, կարոտները, հիացմունքներն ու հիասթափությունները: Ու որպես մի վիրտուալ գաղթական՝ կարծես թե այդ ես եմ անում: Անցումային փուլի «բարիքները»' ցուրտը, պատերազմը, աղքատությունը, անօրենությունը, անկրթությունը, շատերի ականջներին շշնջացին ու հիմա էլ նույնն են ասում՝ հեռացեք: Սակայն ես այն տեսակից չեմ, որ թույլ տամ մեկը ձեռքիցս բռնած քաշի:
Հիմա էլ շաբաթվա կենտ օրերին ես ատում եմ էս փնթի, անկիրթ ներկան՝ իր շրջափակումով, պետական կաշառակեր մեքենայով, նրան սիրաշահող աղքատությամբ. ինչ՞ սիրելու բան: Սակայն զույգ օրերին վերցնում եմ ֆոտոկամերան, թոքերս լիցքավորում լեռնային օդով ու փորձում լուսավոր կետեր, մակերեսներ, տարածքներ հայտնագործել այստեղ, Ժամանակի այս քաոսում: Փաստորեն ես այստեղ եմ ու ոչ մի տեղ չեմ մեկնում, իսկ իմ մի այլ տեսակը վաղուց դրսում է — փորձում է անել նույնը այնտեղ, տնից մի քիչ հեռու: Ու մենք կարոտում ենք իրար:
Իսկ «ինչ՞ ես փնտրում դու այստեղ՞» հարցին ինքս ինձ պատասխանում եմ. փնտրում եմ լուսանկարի կայացումը, ուր անցողիկը հանդիպում է ծիսականին, արվեստը գիտությանը, բնությունը մարդուն, ծիծաղը լացին, պահը հավերժությանը... Փնտրում եմ ու այդ ճանապարհին փորձում օգնել Մարդուն, հայ մարդուն' փոքր-ինչ թեթեւ կրելու իր ծանր բեռը այս քարքարոտ հողակտորի վրա, որ Հայաստան է կոչվում:
P.S. 1997- ին հիմնել եմ Ֆոտոլրագրության կենտրոնը, 2001-ին ,,Ֆոտոգրուպ,, գործակալությունը:
Ներկա պահին տպագրության եմ պատրաստում երկու հեղինակային գիրք՝ «Հայաստանի երեխաները» եւ «Ծիսականը լուսանկարչության մեջ»: Լուսանկարչության նախընտրած ժանրերս են՝ ամենօրյա կյանքը եւ դիմանկարը:
Զավեն Խաչիկյան
Երեւան, 2004թ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել