HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանի վճիռը չեն կատարում

Արման Գալոյան

Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայի ղեկավարության եւ Շիրակի մարզային դատախազության կողմից Գյումրիի քաղաքապետարանի եւ երկու գյումրեցիների դեմ դեռ այս տարեսկզբին առաջին ատյանի դատարան քաղաքացիական հայց էր ներկայացվել:

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ինչպես նշված է այս գործով Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած վճռում, խախտելով «ՀՀ հողային օրենսգրքի» եւ «ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքը եւ ՌԴ զինվորական բազայի հողօգտագործման իրավունքը, բազային տրված հատուկ նշանակության հողատարածքից քաղաքապետի 2002 թվականի հոկտեմբերի 15-ի N907 որոշմամբ քաղաքացի Արթուր Գալստյանին, բենզալիցքավորման ժամանակավոր կետ կառուցելու համար, վարձակալությամբ 80 քառակուսի մետր հողատարածք է հատկացրել: Զինվորական բազայի տարածքից 20 քառակուսի մետր հողատարածք էլ վարձակալությամբ, կրկին բենզալիցքավորման ժամանակավոր կետ կառուցելու համար, քաղաքապետի մեկ այլ' 2003 թվականի հուլիսի 14-ի N1010 որոշմամբ, հատկացնում է քաղաքացի Արշակ Եղիազարյանին: Հետագայում Արթուր Գալստյանն ու Արշակ Եղիազարյանը, խախտելով ճարտարապետական առաջադրանքները, ինքնակամ համապատասխանաբար 29.8 եւ 32.5 քմ են զավթում ՌԴ զինվորական բազայի հողերից:

Բացի այդ, նախատեսված է եղել, որ այդ բենզալցակայաններն ունենալու են մինչեւ 500 լիտր ծավալով տարողություններ (բաքեր): Սակայն տերերը 500 լիտրի փոխարեն մոնտաժել են շուրջ 16 հազար 500 լիտր ծավալով 4 տարողություններ: Այդ տարողությունները չեն ունեցել տեխնիկական անձնագրեր, իրավասու մարմինների կողմից չեն չափաբերվել ու ստուգաչափվել եւ, փաստորեն, համարվում են ինքնաշեն, ինչը մեծ վտանգ է ներկայացնում շրջապատի համար:

Ռուսական 102 ռազմաբազայի նախկին ղեկավարությունը, չգիտես ինչու, ժամանակին այս հարցին ուշադրություն չի դարձրել: Ընդամենը կեչի պետն է գրավոր թույլատրել ռազմաբազայի տարածքում բենզալցակայան տեղադրել: Թեեւ՝ ռազմաբազայի հողատարածքը այլ նպատակներով օգտագործելու համար կեչի պետի կնիքը հիմք չի հանդիսանում, եւ տվյալ պարագայում անհրաժեշտ էր միջպետական համաձայնագրի կողմերի համաձայնությունը:

Այս ամենը նկատի ունենալով՝ ռուսական 102 ռազմաբազայի հրամանատարի պաշտոնակատար Յու. Պերշինը նախորդ տարի դիմել է քաղաքապետին' խնդրելով վերացնել ապօրինությունը: Կոնկրետ պատասխան չստանալով՝ Յու. Պերշինը 2003թ. սեպտեմբերի 8-ին գրավոր դիմում է Շիրակի մարզի դատախազություն: Այնտեղ սկզբում նյութեր են նախապատրաստվել, եւ համապատասխան անձանց զգուշացվել է օրենքի խախտման մասին: Իսկ 2003 թվականի հոկտեմբերի 29-ին մարզի դատախազությունը ռուսական 102 ռազմաբազայի հետ համատեղ քաղաքացիական հայց են ներկայացնում մարզի առաջին ատյանի դատարան:

Ըստ նրանց՝ Գյումրիի քաղաքապետն իրավունք չուներ վարձակալությամբ տրամադրել ռազմաբազայի հողերը, քանի որ 1996թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ կնքված միջպետական պայմանագրով եւ այնուհետեւ դրան հետեւած Շիրակի մարզպետի 1998թ. մարտի 19-ի N8 որոշմամբ՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազային հատկացվել է 71.04 հա հողատարածք' անհատույց օգտագործելու իրավունքով: 1998թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կադաստրի կողմից այդ հողատարածքը գրանցվել է ռուսական 102 ռազմաբազայի անվամբ ու տրվել պետական գրանցման վկայական: Բացի այդ, որոշումները կայացվել են մի շարք օրենքների եւ ենթաօրենսդրական ակտերի պահանջների ակնառու խախտումներով: Մասնավորապես, այդ որոշումները կայացնելիս անտեսվել են «Քաղաքաշինության, քաղաքային եւ գյուղական բնակավայրերի հատակագծում եւ կառուցապատում» շինարարական նորմերի պահանջները, որոնց համաձայն բենզալիցքավորման կետերը բնակելի, հասարակական շենքերից, մանկապարտեզների, դպրոցների հողամասերի սահմաններից պետք է լինեն 50 մետրից ոչ պակաս հեռավորության վրա:

Մինչդեռ, քաղաքապետարանն այդ երկու քաղաքացիներին թույլատրել է բենզալիցքավորման կետեր տեղադրել ռուսական զորամասերից 15-20 մետր հեռավորության վրա: Եւ բենզալիցքավորման կետերը կառուցվել են զինվորական բազայի ծանր թրթուրավոր տեխնիկայի համար նախատեսված ճանապարհի վրա: Բենզալիցքավորման կետերի շրջակայքում տեղակայված են մանկապարտեզ, բնակելի շենքեր, զորանոցներ, զինամթերքի պահեստներ, զինմասի շտաբը, ուստի հրդեհի կամ ահաբեկչության դեպքում բնակչությանը կամ զինվորական բազային պատճառվելիք վնասները կամ հնարավոր աղետների չափերը կանխատեսել հնարավոր չէ:

Հայցվոր կողմը, ելնելով վերը հիշատակված փաստերից, դատարանից պահանջել է անվավեր ճանաչել քաղաքապետարանի որոշումները, ստիպել Ա. Գալստյանին ու Ա. Եղիազարյանին՝ ինքնակամ կառույցները քանդել եւ ինքնակամ զբաղեցրած հողամասի նախկին տեսքը վերականգնել: Այս տարվա փետրվարի 26-ին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանը վճիռ է կայացրել ներկայացված հայցն ամբողջովին բավարարելու մասին: Պատասխանող կողմից բենզալցակայանի տերերը առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել են ՀՀ վերաքննիչ դատարան:

Այստեղ դատավոր Դանիել Խաչատրյանը հունիսի 30-ին մերժել է նրանց բողոքն ու առաջին ատյանի դատարանի վճիռն անփոփոխ թողել: Հուլիսի 15-ից վերաքննիչ դատարանի վճիռն ուժի մեջ է մտել, սակայն առ այսօր բենզալցակայանները քանդված չեն: Եվ դրանց տերերը կարծես թե այն քանդելու միտում բացարձակապես չունեն: Թե ինչու չի կատարվում վճիռը, անհայտ է:

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Շիրակի մարզային վարչության պետ Աշոտ Պետրոսյանը տեղեկացրեց, որ հայցվոր կողմերից ոչ մեկը դեռ իրենց չի դիմել՝ հարկադրելու պատասխանող կողմին վճիռը կատարել եւ բենզալցակայանները քանդել: Իսկ դատախազությունն էլ ասում է, որ իրենք վերաքննիչ դատարանից դեռ չեն ստացել վճռի պատճենը: «Ես անպայման հետամուտ կլինեմ, որ դատարանի վճիռն անպայման կատարվի»,-ասում է մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը՝ ըստ էության նաեւ հերքելով լուրերն այն մասին, որ հայցվոր կողմը հաշտվել է պատասխանողների հետ:

Իսկ վերաքննիչ դատարանից ասում են, որ իրենք եւ՛ հայցվոր, եւ՛ պատասխանող կողմին վճռի պատճենները վաղուց են ուղարկել: Հուսանք, որ այն Երեւան-Գյումրի ճանապարհին չի կորել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter